HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը գերեվարված հայ զինծառայողների մասին

ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Նեդ Փրայսը հանդես է եկել հայտարարությամբ գերեվարված հայ զինծառայողների վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք ստորեւ։

«Միացյալ Նահանգները մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանի երկայնքով տեղի ունեցող վերջին զարգացումներով, այդ թվում՝ ադրբեջանական ուժերի կողմից մի քանի հայ զինծառայողների գերեվարմամբ։

Մենք երկու կողմերին կոչ ենք անում անհապաղ ու խաղաղ կերպով լուծել այս միջադեպը։ Միաժամանակ, մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանին անմիջապես ազատ արձակել բոլոր ռազմագերիներին ու պահվող այլ անձանց և հիշեցնում ենք Ադրբեջանին միջազգային հումանիտար իրավունքի ներքո պահվող անձանց հանդեպ մարդասիրական վերաբերմունք դրսևորելու իր պարտավորությունների մասին։ Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանների չսահմանազատված հատվածներում ցանկացած տեղաշարժ համարում է սադրիչ ու անհարկի։ Մենք մերժում ենք ուժի կիրառումը սահմանազատման հարցում և կոչ ենք անում երկու կողմերին վերադառնալ իրենց նախկին դիրքերին և դադարեցնել ռազմական ամրակայման աշխատանքների իրականացումը չսահմանազատված հատվածում և ականապատումը։ Մասնավորապես, մենք Ադրբեջանին կոչ ենք անում իր ուժերը վերադարձնել մայիսի 11-ի դրությամբ ունեցած դիրքեր։ Մենք նաև Հայաստանին ենք կոչ անում վերադարձնել իր ուժերը մայիսի 11-ի դրությամբ ունեցած դիրքեր և ողջունում ենք այս մտադրությունների մասին հայտարարությունները։ Այս գործողությունները կթուլացնեն լարվածությունները և տեղ կբացեն սահմանների հրատապ սահմանազատման շուրջ խաղաղ բանակցային գործընթացի համար։ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել այս ջանքերին։ Միացյալ Նահանգները կողմերին հորդորում է հնարավորինս շուտ վերադառնալ առարկայական բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման»։

Լուսանկարում՝ Նեդ Փրայսը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter