HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ է անում ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և վերատեղակայել զորքերը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) ուրբաթ օրը՝ մայիսի 28-ին, հայտարարություն են տարածել արցախյան հիմնախնդրի կարգավորման և Հայաստանի տարածք ադրբեջանական ուժերի ներխուժման հետևանքով առաջացած սահմանային լարված իրավիճակի վերաբերյալ։ Հայտարարությունը տեղադրվել է ԵԱՀԿ պաշտոնական կայքում։ Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. 

«Համանախագահները մայիսի 27-ին և 28-ին Ժնևում խորհրդակցություններ են անցկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպինո Գրանդիի հետ: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ևս մասնակցել է հանդիպումներին: Համանախագահներն ի գիտություն են ընդունել մայիսի 27-ին հայ վեց զինծառայողների գերեվարման վերաբերյալ տեղեկությունը և կոչ արել ազատ արձակել բոլոր ռազմագերիներին ու այլ ձերբակալվածներին՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Համանախագահներն ընդգծում են միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան գերիներին վերաբերվելու պարտավորությունը: Նրանք խստորեն հորդորում են կողմերին անհապաղ վերացնել Լեռնային Ղարաբաղ հումանիտար հասանելիության բոլոր սահմանափակումները, ինչպես նաև կոչ անում կողմերին կյանքի կոչել բոլոր հանձնառությունները, որոնք ստանձնել են նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությամբ:

Համանախագահները նաև իրենց մտահոգություն են հայտնում հայ-ադրբեջանական դեմարկացիայի չենթարկված սահմանին գրանցված միջադեպերի առնչությամբ: Անընդունելի է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը՝ սահմանային վեճերը լուծելու հարցում: Կոչ ենք անում երկու կողմերին ձեռնարկել հրատապ քայլեր, այդ թվում վերատեղակայել զինված ուժերը, իրադրության լարվածությունը թուլացնելու և բանակցություններ սկսելու համար, սահմանին խաղաղ ճանապարհով սահմանազատում և սահմանագծում իրականացնելու համար: Համանախագահները պատրաստ են աջակցել գործընթացի իրականացմանը։

Նկատի ունենալով ԵԱՀԿ մանդատի պայմանները և տարածաշրջանի բոլոր ժողովուրդների՝ կայուն, խաղաղ և բարգավաճ ապագայի ձգտումները՝ համանախագահները կրկին կոչ են անում կողմերին ամենավաղ ժամկետներում վերսկսել իրենց հովանու ներքո աշխատանքները»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter