HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արարատի մարզպետը շարունակում է մնալ «Երասխի գինու գործարան» ՍՊԸ-ի տնօրենը

Ռազմիկ Թևոնյանը Արարատի մարզպետի պաշտոնը ստանձնել է 2020թ. դեկտեմբերի 10-ին: Մարզպետ նշանակվեուց առաջ Ռ. Թևոնյանը եղել է «Երասխի գինու գործարան» ՍՊԸ-ի տնօրենը, սակայն պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ մարզպետը դեռ շարունակում է լինել գործարանի տնօրեն, թեև օրենքը համատեղելիությունն արգելում է: Ի դեպ, գործարանի տնօրենի պաշտոնը Արարատի ներկայիս մարզպետը զբաղեցնում է 2004թ-ից:

0-1.jpg (84 KB)

Հանրային ծառայության մասին ՀՀ օրենք, հոդված 31

1․ Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած գույքի, եկամուտների և շահերի 2020թ. հայտարարագրի համաձայն, Արարատի մարզպետը խոշոր եկամուտներ չի հայտարարագրել, սակայն դրամական միջոցների պակաս չունի:

2020թ. Ռազմիկ Թևոնյանի տարեկան եկամուտը կազմել է 87 մլն 160 հազար դրամ, որից 2 մլն 160 հազար դրամը «Երասխ գինու գործարան» ՍՊԸ-ից ստացած աշխատավարձն է, իսկ 5 մլն դրամը՝ «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ից ստացած վարկը:

Թեև մարզպետը վարկ է ստացել բանկից, սակայն ամենևին չի նշանակում, որ այլ գումարներ չունի: Մասնավորապես, Ռազմիկ Թևոնյանը «Երասխ գինու գործարան» ՍՊԸ-ին 1 մլրդ 420 մլն դրամ փոխառություն է տվել: Հաշվետու ժամանակահատվածի վերջում Ռազմիկ Թևոնյանն ունեցել է նաև 5 մլն 414 հազար կանխիկ դրամ:

0-2.jpg (64 KB)

Ինչ վերաբերում է անշարժ գույքին, Արարատի մարզպետը հայտարարագրել է 5 միավոր գույք՝ շենք-շինություն, երկու շենք-շինություն և բազմամյա տնկի Արարատի մարզի Արալեզ համայնքում, ինպես նաև 2 միավոր հողամաս Վայոց ձորի մարզի Արփի համայնքում:

Պարզաբանում ստանալու նպատակով զանգահարեցինք Ռազմիկ Թևոնյանին: Վերջինս ասաց, թե զբաղված է, ավելի ուշ զանգահարենք: Իսկ ավելի ուշ այդպես էլ զանգերին չպատասխանեց:

Նշենք, որ Երասխի գինու գործարանը պետական ռեգիստրում գրանցված է 1997թ-ից: Մինչև 1999թ-ը ունեցել է Մ. Թևոնյանի Երասխի գինու գործարան անվանումը, իսկ դրանից հետո «Երասխ գինու գործարան» ՍՊԸ:

Ընկերության 100% բաժնեմասը պատկանում է մարզպետի ազգականին՝ Մարտիկ Թևոնյանին, ով 1991թ-ից Արարատի մարզի Արալեզ համայնքի ղեկավարն է: Վերջինիս որդին՝ Հայկ Թևոնյանը ԱԺ պատգամավորի օգնական է:

Մարզպետ Ռազմիկ Թևոնյանի որդին էլ՝ Սեդրակ Թևոնյանը, 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 5 ընտրատարածքի (Արարատի մարզ) տարածքային ընտրական ցուցակով:

Մինչև պատգամավոր ընտրվելը Սեդրակ Թևոնյանը զբաղվել է ընտանեկան ձեռնարկատիրությամբ՝ խաղողագործության և այգեգործության ոլորտներում:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում նոր-նոր են հրապարակվում պաշտոնյաների տարեկան հայտարարագրերը: 2020թ. հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը 2021թ. մայիսի 31-ն է: Սակայն, հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համապատասխան փոփոխություններով մեծ թվով հայտարարատուներ և նրանց ընտանիքի անդամներ օրենքի ուժով առաջին անգամ են հայտարարագիր ներկայացնում, իսկ մայիսի 28-ը, 29-ը և 30-ը օրենքով սահմանված վերջնաժամկետին անմիջապես նախորդող ոչ աշխատանքային օրեր են. «Հանձնաժողովը տեղեկացնում է, որ այն հայտարարատուները, որոնց հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը սույն թվականի մայիսի 31-ն է, մինչև սույն թվականի հունիսի 4-ը ներառյալ հայտարարագրերը ներկայացնելու պարագայում չեն ենթարկվի վարչական պատասխանատվության»:

Սեդրակ Թևոնյանը, Հայկ Թևոնյանը, Մարտիկ Թևանյանը 2020թ. տարեկան հայտարարագրերը դեռ չեն ներկայացրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter