
«Կաշին քերթել ենք, տունը դրած է, թող կամիսիան գա ստուգի` ինչով ենք խփել»,- ասում է Կարմիր գրքում գրանցված արջին սպանողը
«Արջը հարձակվել էր մեզ վրա, մեզի ուտում էր, մենք էլ դանակով խփել ենք, բա թողանք մեզի ուտեր, ախպորս ուտեր, աշխատողիս ուտեր»,- ֆեյսբուքյան սոցիալական ցանցում տարածված իր լուսանկարն այսպես բացատրեց Մյասնիկյան համայնքի բնակիչ Բրո Քալաշյանը:
Սոցիալական ցանցում այսօր տարածվել է գորշ արջի սպանելու լուսանկարը, որը հրապարակել է newspress.am-ը, որտեղ դրան սպանող անձինք ժպիտով ցուցադրել են Կարմիր գրքում գրանցված կենդանու կտրված պարանոցը: Մեզ հաջողվեց պարզել, որ դրանք եղայրներ Թեմուր և Բրո Քալաշյաններն են:
Բրո Քալաշյանը (լուսանկարում աջից) մեզ հետ հեռախոսազրույցում պատմեց, որ երեք օր առաջ են սպանել արջին` Ալագյազ գյուղի սարերում, որտեղ իրենք անասուններն են տարել, և ընտանիքով էլ ժամանակավորապես այնտեղ օթևանել են: Կենդանուն սպանել են, որովհետև հարձակվել էր իր ընտանիքի անդամների և իր աշխատակցի վրա: Բրո Քալաշյանի խոսքով` արջը թաթերով վնասել է եղբոր գլուխը, իր ձեռքը և աշխատողի հետևից է հարվածել:
Քալաշյանը վստահ է, որ արջը ոչ թե մեկ տարեկան է, ինչպես սոցիալական ցանցում տարածվել է, այլ մեծ` 3 տարեկան:
«Կենդանին անցած ձմեռվա ծնունդ է, առավելագույնը 1.5 տարեկան։ Ձագ է, հասուն չի դեռ»,- վստահեցնում է էկոլոգ Արևիկ Մկրտչյանը:
Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջ սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքով` տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-600-պատիկի չափով կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով՝ 1-ից 5 միլիոն դրամ վնասի վերականգնմամբ։
Այս մասին Բրո Քալաշյանին հիշեցնելուց հետո, վերջինս նշեց, որ պետությունը իրենց պետք է պաշտպաներ արջից:
«Ջղայնացած եմ պետության վրա, 20 հոգի մարդ կար, 10 երեխա կար, բա իրենց վնասեր: Մերն էլ է ստեղ, պիտի պետությունը գա մեզի պաշտպանի: Վախենում ենք, առանց զենքի, մեզի դակոմենտով զենք էլ չեն տալիս, դանակով ենք պաշտպանվել»,-ասում է Բրո Քալաշյանը:
Մեր հարցին, թե արդյոք արջի մնացորդներն իրենց մոտ են, պատասխանում է. «Կաշին քերթել ենք, տունը դրած է, թող կամիսիան գա ստուգի` ինչով ենք խփել»:
Շրջակա միջավայրի նախարարությունն անդրադարձել է լուսանկարին` դիմելով նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին և ոստիկանության Արմավիրի մարզային վարչությանը՝ դեպքը մանրամասն ուսումնասիրելու, հանգամանքները պարզելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։
«Անընդունելի է Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը, քանի որ Հայաստանի բնաշխարհը բնակեցնող յուրաքանչյուր կենդանի մեր երկրի էկոհամակարգի անքակտելի մասն է, կենսաբազմազանության պահպանության կարևորագույն օղակ։
Առավել քան առաջնային է կարմիրգրքյան տեսակների պահպանությունն ու պաշտպանությունը, քանի որ դա բխում է ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից։ Խիստ դատապարտում ենք նման վերաբերմունքը կենդանիների նկատմամբ»,- նշված է ՇՄՆ հաղորդագրության մեջ։
Էկոլոգ Արևիկ Մկրտչյանը համոզված է, որ այս դեպքն էլ ընթացք չի ստանալու, կկարճվի ու կփակվի, ինչպես տասնյակ շատերը, որովհետև իրավական հստակ մեխանիզմ այդպես էլ չի ստեղծվել, թեպետ հազար ու մի հանդիպում, խորհուրդ ու քննարկումներ են կազմակերել գործադիրն ու օրենսդիրը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել