HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Գիտնականները կասկածի տակ են դնում Էյնշտեյնին. մութ մատերիայի քարտեզը տիեզերքի նոր գաղտնիքներ է բացում

Հետազոտողների միջազգային խումբը ստեղծել է Տիեզերքում մութ մատերիայի բաշխման ներկայումս ամենամեծ և մանրամասն քարտեզը։ Այդ մասին գրում է BBC-ն։ Աշխատանքի արդյունքներն անսպասելի են եղել, քանի որ պարզվել է, որ այն տիեզերքում հավասարաչափ է բաշխված, քան կանխատեսում էր տեսությունը։ 

Ուսումնասիրություններն ու դիտարկումները չեն համընկնում Էյնշտեյնի հարաբերականության տեսության հետ, ինչը գլուխկոտրուկ է ստեղծում գիտնականների համար։ 

Քարտեզը հրապարակվել է մութ մատերիայի ուսումնասիրման Dark Energy Survey Collaboration գիտահետազոտական համայնքի կողմից, որը միավորում է աշխարհի 7 երկրների 25 գիտական կազմակերպությունների ավելի քան 400 ֆիզիկոսների և աստղագետների։

Մութ մատերիան անտեսանելի հիմք է (սուբստանցիա), որը թափանցում է տարածությունը։ Դրան բաժին է հասնում Տիեզերքի ողջ մատերիայի շուրջ 80 %-ը։ Աստղագետները պարզել են, որ այն գոյություն ունի շնորհիվ այն բանի, որ մութ մատերիան աղճատում է հեռավոր աստղերից եկող լույսը։ Ինչքան ուժեղ է աղճատումը, այնքան բարձր է դրա խտությունը։ 

Փարիզի École Normale Supérieure համալսարանի դոկտոր Նեյ Ջեֆրին որը մի տեղ է հավաքել առկա տվյալները, նշում է, որ արդյունքը ֆիզիկոսների համար ստեղծում է լուրջ խնդիր։ «Եթե այն ճիշտ է, նշանակում է, որ Էյնշտեյնը, հավանաբար, սխալվել է։ Դուք կարող եք ասել, որ դա շատ վատ է, որ ամբողջ ֆիզիկան շրջվել է։ Սակայն ֆիզիկայի համար սա հիանալի նորություն է։ Այն նշանակում է, որ մենք կարող ենք իմանալ ինչ-որ նոր բան այն մասին, թե իրականում ինչ կառուցվածք ունի Տիեզերքը»,- BBC-ին հայտարարել է Ջեֆրին։ 

Դարեմի համալսարանի պրոֆեսոր Կարլոս Ֆրենկը, որը հարաբերականության տեսության հիման վրա ժամանակակից կոսմոլոգիան ստեղծած գիտնականներից մեկն է, նշում է, որ ունի խառը զգացմունքներ։ «Ես իմ ողջ կյանքը նվիրել եմ այդ աշխատանքին, և իմ սիրտը չի ցանկանում, որ ամբողջ արվածը փլուզվի։ Իսկ միտքն ասում է, որ ուսումնասիրությունները ճիշտ են, և մենք պետք է հաշվի նստենք նոր ֆիզիկայի առաջացման հնարավորության հետ։ Ես նյարդայնանում եմ, վախենում, որովհետև մենք մուտք ենք գործում բոլորովին նոր դաշտ և, անհայտ է, թե ինչ կգտնենք այնտեղ»,- հայտարարել է Ֆրենկը։ 

Չիլիում տեղակայված Վիկտոր Բլանկոյի անվան աստղադիտակի օգնությամբ գիտնականները վերլուծել են լույսը, որն արձակվում է շուրջ 100 միլիոն գալակտիկաներից։ 

Քարտեզի վրա երևում է, թե Տիեզերքում ինչպես է բաշխված մութ մատերիան։ Սև կետերը բացարձակ դատարկության և անհայտության հսկայական տարածքներ են, որոնք կոչվում են «վոյդ»-եր (void)։ Այստեղ կարող են գործել ֆիզիկական այլ օրենքներ։

Լուսավոր կետերը մութ մատերիայի խտացման վայրերն են։ Գիտնականները դրանք անվանում են «գալո», որոնց ներսում գոյություն ունի մեզ ծանոթ իրականությունը, այդ թվում գալակտիկաները, ինչպիսին է մեր Ծիր Կաթինը։ Փոքր թանկարժեք քարերի նման դրանք փայլում են տիեզերքի մուգ ֆոնին։  

Դոկտոր Ջեֆրիի խոսքերով, որը դասավանդում է նաև Լոնդոնի համալսարանական քոլեջում, քարտեզը հստակ ցույց է տալիս, որ գալակտիկաները հանդիսանում են ավելի խոշոր կառուցվածքի մաս, որն անզեն աչքով տեսանելի չէ։ «Մինչ մեզ որևէ մեկն այդքան ճշգրտությամբ չի պարզել սև մատերիայի բաշխումը։ Աստղագետները ստացել են ոչ մեծ գծերի պատկերներ, իսկ մենք բացահայտել ենք նոր հսկա շերտեր, ինչը թույլ է տալիս առավել մեծ ամբողջականության մեջ հասկանալ դրա կառուցվածքը։ Առաջին անգամ մենք տեսել ենք այլ Տիեզերք»,- նշում է Ջեֆրին։ 

Սակայն քարտեզը ցույց չի տվել այն, ինչը սպասում էին տեսնել գիտնականները։ Մինչ օրս նրանց պատկերացումներն այն մասին, թե ինչպես է Մեծ պայթյունից 350 հազար տարի անց առաջացել և Տիեզերքում տարածվել մութ մատերիան, հիմնվել են այն տվյալների վրա, որոնք ստացվել էին Եվրոպական տիեզերական գործակալության «Պլանկ» ուղեծրային աստղադիտարանից։ Աստղադիտարանը չափել է այդ ժամանակվանից պահպանված մնացուկային ճառագայթումը, տիեզերական միկրոալիքային ֆոնը։

Հիմնվելով Էյնշտեյնի գաղափարների վրա՝ աստղագնացները, ինչպես օրինակ պրոֆեսոր Ֆրենկը, ստեղծել են հաջորդող 13,8 միլիարդ տարում մութ մատերիայի տարածման մաթեմատիկական մոդելը։ Սակայն նոր քարտեզը ցույց է տալիս, որ այն տարածվում է հավասարաչափ, քան փաստում էին հաշվարկները։ Պրոֆեսոր Ֆրենկն ասում է, որ տիեզերքի մեր ընկալման մեջ տեղի կունենան մեծ փոփոխություններ։ «Միգուցե մենք բացահայտել ենք որևէ հիմնարար բան այն նյութի մասին, ինչից կազմված է մեր Տիեզերքը։ Աշխարհաստեղծման ժամանակակից տեսությունը հիմնվում է մի քանի սյուների վրա, որոնք կառուցված են ավազի վրա։ Դրանցից մեկն արդեն իսկ փլվում է մեր աչքի առաջ»,- նշում է նա։ 

Լոնդոնի համալսարանական քոլեջի մեկ այլ պրոֆեսոր՝ Օֆեր Լահավն ունի ավելի պահպանողական հայացքներ։ «Մեծ հարց է՝ արդյոք կատարյալ է Էյնշտեյնի տեսությունը։ Մինչ օրս այն անցել է բոլոր փորձարարական ստուգումները՝ ինչ-ինչ փոքր շեղումներով։ Հնարավոր է տիեզերական աստղաֆիզիկան երբեմն ցնցումների կարիք ունի։ Պատահել է, որ խնդիրները եղել են գոյություն չունեցող, բայց եղել է նաև, որ իրերի վերաբերյալ մեր ընկալումը փոփոխվել է։ Հետաքրքիր կլինի տեսնել, թե կոսմոլոգիայում առաջացած լարվածությունն ինչ առաջընթացի կբերի»,- նշել է Լահավը։ 

Լուսանկարը՝ Pinterest-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter