Իսրայելի գյուղնախարար. Պատրաստ ենք Հայաստանի հետ կիսել մեր կուտակած փորձը
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Իսրայելի գյուղատնտեսության և գյուղական զարգացման նախարար Օրիթ Նոկեդի գլխավորած պատվիրակությանը:
Կառավարության ղեկավարը նշել է, որ առկա է երկկողմ համագործակցության մեծ դաշտ, հատկապես տնտեսական ոլորտում: Տիգրան Սարգսյանի խոսքով՝ Հայաստանի համար օգտակար և կիրառելի են գյուղատնտեսության բնագավառում Իսրայելի կողմից ներդրվող նորագույն տեխնոլոգիաները: Այդ առումով, վարչապետը կարևորել է փորձի փոխանակումը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Օրիթ Նոկեդին տեղեկացրել է, որ գյուղատնտեսության բնագավառում նախատեսվում է ստորագրել երկկողմ համագործակցության համաձայնագիր:
«Պատրաստ ենք կիսել մեր կուտակած փորձը: Վստահ եմ, որ կարող ենք միասին աշխատել հաջողությամբ և իրականացնել գործնական տարբեր ծրագրեր: Համոզված եմ, որ կարող ենք Հայաստանի հետ համագործակցել նաև այլ ոլորտներում»,- ասել է Օրիթ Նոկեդին:
Այդ առումով, Իսրայելի գյուղատնտեսության և գյուղական զարգացման նախարարը նշել է, որ ստեղծվելու է հայ-իսրայելական աշխատանքային խումբը, որը կմշակի համատեղ ծրագրեր, կիրականացնի փորձի փոխանակում և այլն:
Զրուցակիցները քննարկել են նաև զբոսաշրջության, դեղագործության, ճարտարագիտության և այլ բնագավառներում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել