HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Զինվորին մարտական գործողության ուղարկելուց առաջ հրամանատարն անձամբ էր ստուգում տարածքը

Արցախի Հանրապետության Ջրականի (Ջաբրայիլի) զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Արթուր Հակոբյանի զոհվելու լուրը Գառնի հասավ պատերազմի առաջին օրերին: Արթուրի զոհվելու մասին հակասական պատմություններ էին ներկայացրել ծնողներին, բայց պատմողներից ոչ ոք մարմինը չէր տեսել, որից ենթադրություններ արվեցին, թե գուցե գերեվարված է: 

2020թ. հոկտեմբերի 5-ից Արթուր Հակոբյանն անհայտ կորած էր համարվում: Նրա մարմինը հողին հանձնվեց զոհվելուց մոտ 7 ամիս հետո, երբ արդեն հուղարկավորվել էին Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ նահատակված և անհայտ կորած համարվող գառնեցի 8 զինվորները: «Կարծես նախախնամությամբ նա վերջինը «տուն դարձավ», իսկական հրամանատարի պես: Նախ «ուղարկեց» իր փառապանծ զինվորներին, ինքը մնաց  վերջում, ինչպես վայել է իսկական հրամանատարին»,- ասվեց գառնեցիների անունից հրամանատարին նվիրված հիշատակի խոսքում:

Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ փոխգնդապետ Արթուր Հակոբյանին վստահված էր մարտական ամենածանր ուղղության՝ Ջրականի պաշտպանությունը: Սա այն վայրն է, որն անհագ վիշապի պես կուլ տվեց մեր զավակներին, խլեց հազարավորների կյանքը և, որքան էլ զարմանալի լինի, հրամանատար Արթուր Հակոբյանն առաջին զոհերից մեկը եղավ:

«Մի զարմացեք, իրեն ճանաչողները գիտեն, որ Արթուրը զինվորին մարտական գործողության ուղարկելուց առաջ անձամբ էր ստուգում տարածքը»,- ասում է հայրը: 

Դավիթ Հակոբյանն ասում է, որ նրա մարտական ընկերը մահվան բոթը հասցրեց հոկտեմբերի 5-ին: Պատերազմն սկսվելուց հետո ամեն օր մեկ րոպեով զանգում էր, որ ձայնը լսենք: Հոկտեմբերի 4-ի գիշերը նա վերջին անգամ խոսել էր 6-ամյա որդու հետ: Արթուրը հետախույզ էր և պատերազմը սկսվելուց առաջ երեք շաբաթ տուն չէր գնացել:

Ծնողներին պատմել են, որ հրամանատար որդին 2020թ. սեպտեմբեր 27-ից՝ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի առաջին օրերից անընդհատ թշնամու նշանառության տակ է գտնվել: Թուրք դիպուկահարները նշանառությամբ կամ ԱԹՍ-ով թիրախավորել և ոչնչացրել են այն մեքենաները, որոնցով նա տեղաշարժվել է: Այդպես երեք «ՈՒԱԶ» մեքենա են ոչնչացրել: Մարտական ընկերների պատմելով՝ մեքենան թիրախավորելու երրորդ դեպքը տեղի է ունեցել, երբ նա դուրս էր եկել զորաշարժը դիտարկելու: Հրամանատարին հաղորդել են, որ կամավորականները լքել են մարտական դիրքերը: Այդ ժամանակ դիպուկահարները կրակել են մեքենային, նա մեքենայից դուրս է նետվել, որից հետո նրան այլևս չեն տեսել:

Մեկ այլ վարկածով՝ Արթուրը զոհվել է հոկտեմբերի 4-ին, զորամասի վրա հարձակման ժամանակ, նա անձամբ մեքենան վարելով՝ դուրս էր եկել թշնամուն ընդառաջ: Դրանից հետո հայկական զինուժը Ջրականի տարածքը հանձնելով նահանջել է, և որևէ բան պարզելն անհնար է դարձել: Ամիսներ շարունակ ընտանիքը փնտրտուքի մեջ էր, մահվան հանգամանքներն առավել հստակեցնելով, մարտական ընկերների հակասական պատմությունների մեջ հստակություն մտցնելով՝ փորձում էին պարզել իրականությունը: Միաժամանակ, չբացառելով ամենաանցանկալին, հոկտեմբեր ամսվա վերջին հայրը ԴՆԹ անալիզ էր հանձնել:

«Առաջին օրից, երբ տեղեկացրին դեպքի մասին, մեզ հասկանալի էր, որ Արթուրը զոհվել է: Շուտ-շուտ փորձագիտական կենտրոն էի մտնում պատասխանի ակնկալիքով: Մարտի 1-ին նույնականացումով նրա զոհվելը հաստատված է եղել, բայց միայն ապրիլի կեսին ասացին, որ ԴՆԹ համընկնում կա: Մարմինն ամբողջական էր, բայց ճանաչելի չէր, ես իր կազմվածքից ճանաչեցի»,- պատմեց հայրը: 

Արթուր Հակոբյանը Ջրականի զորամասի շտաբի պետ էր նշանակվել 2020թ.  փետրվարին: Նրա՝ պրոֆեսիոնալ զինվորականի և մարզիկի նշանակումն այդ բարդ տարածքում պատահականություն չենք համարում: 37-ամյա հրամանատարը զինվորական ակադեմիական կրթություն էր ստացել. 2001-2006 թթ. սովորել էր Ռուսաստանի Դաշնության Ռյազան քաղաքի օդադեսանտային ռազմական ինստիտուտում: 2017-2019 թթ.-ին սովորել էր Մոսկվայի Ֆրունզեի անվան համազորային ռազմական ակադեմիայում: 2019թ. օգոստոսից նշանակվել էր Արցախի հանրապետության «Մարտունի-2» զորամասի հրամանատարի մարտական գծով տեղակալ:

Արթուր Հակոբյանի հիշատակի անկյունը հյուրասենյակի ամբողջ պատն է զբաղեցնում: Մի մասում ներկայացված են ռազմական գործիչ, հերոսացած Արթուր Հակոբյանի մարտական հաղթանակները, մյուս մասում՝ ըմբշամարտիկ Արթուրի մարզական կենսագրությունը: Վերևում հրամանատարի դիմանկարն է կենդանի ժպիտով, ասես դիմավորում է ներս մտնողին ու դառնում զրույցի մասնակիցը:

Արթուր Հակոբյանը Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի չեմպիոն էր: Դպրոցական հասակից մասնակցել է հանրապետական, նաև միջազգային մրցաշարերի, ընդգրկվել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում: Հուշապատի ձախ մասում ներկայացված են սպորտի ասպարեզում նրա ձեռքբերումների վկայությունները՝ մեդալներ, գավաթներ, շնորհակալագրեր, պատվոգրեր և այլն:

Ռյազան քաղաքի օդադեսանտային ռազմական  ինստիտուտում սովորելու տարիներին Արթուրը չեմպիոն է դարձել նաև «մարտեր առանց կանոնների» մարզաձևում: Ինստիտուտի հավաքականի կազմում մասնակցել է միջազգային մրցաշարերի, պագևատրվել է պատվոգրերով ու շնորհակալագրերով: ՌԴ «սպորտի վարպետի» Մոսկվայի մարզի ուժային կառույցների մրցաշարերում արժանացել է չեմպիոնի կոչման, աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալակիր է դարձել, Ռյազան  քաղաքի սպորտային կոմիտեի պատվավոր ներկայացուցիչ և այլն:

2006թ.-ին՝ ուսումն ավարտելուց հետո, վերադարձել  է Հայաստան և նշանակվել Արցախի ՊԲ-ի հետախուզական գումարտակում որպես ջոկատի հրամանատար, այնուհետև` 2008թ., վաշտի հրամանատար, նրան շնորհվել է կապիտանի կոչում: 2011թ. մարտ ամսին Հայաստանում կազմավորվել է «Դիպուկահարների» դպրոցը, և նա նշանակվել է դպրոցի ավագ դասախոս, այնուհետև ղեկավարել է դպրոցը:

Ուսման մեջ ցուցաբերած առաջադիմության, Պաշտպանության բանակում ունեցած անբասիր ծառայության և կազմակերպչական աշխատանքների համար արժանացել է պաշտպանության նախարարության շնորհակալագրերի, պարգևների և մեդալների: Դրանց կողքին անձնուրաց զինվորականին շնորհված վերջին բարձրագույն պարգևներն են՝ երկու «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանները, որին 2021թ.-ին հետմահու արժանացավ ՀՀ նախագահի և ԱՀ նախագահի հրամանագրերով:

«Արթուր Հակոբյանը Հայկական զինված ուժերի համար պատրաստել է բարձր մակարդակի դիպուկահարներ, որոնք տարբեր զորամասերում փայլել են իրենց գործնական կարողություններով և գիտելիքներով: Նա հետախույզ էր, հմուտ ղեկավարել է զորամասի գործողությունները, շտաբի և ողջ անձնակազմի մարտական առաջադրանքի հաջող կատարման ողջ ընթացքը: Մոբիլիզացված անձնակազմին անձամբ է առաջնորդել ամենադժվար և ամենապատասխանատու բնագծերը: Ես տեսել և հուզվել եմ Արթուրի վարպետությունից»,- հուղարկավորության ժամանակ այսպես բնութագրեց Արթուրին նրա զինակից ընկեր Մանուկ Բադալյանը:

Մայրը՝ Կարինե Սարգսյանն ասում է, որ որդին որքան խիստ ու պահանջկոտ էր ուսանողների և զինվորների նկատմամբ, նույնքան էլ գթասիրտ էր: Վերհիշում է, թե ինչպես էր «տանջում» դիպուկահարների դպրոցի իր սաներին, որոնք քննությունը պետք է հանձնեին հաշված րոպեների ընթացքում Գառնիի բարձրաբերձ սարերը մագլցելով:

«Մանկուց անվախ էր, երբեք և ոչնչից չէր տրտնջում, ուրիշները խուսափում էին Ջրականից, իսկ Արթուրն ասում էր՝ չքնաղ է Ջրականը: Երբ Արթուրը Հայաստանում էր, մենք շաբաթ և կիրակի օրերին հանգիստ չունեինք, տունը միշտ մարդաշատ էր, նա անսպառ էներգիա ուներ, խինդ ու ծիծաղով էր լցնում շուրջը: Արթուրի տարերքը սարերն ու ձորերն էին, շատ էր սիրում Գառնին, այստեղ էր հանգստանում՝ բարձունքները նվաճելով, լեռներում շրջագայելով, պատմամշակութային վայրեր այցելելով, ընկերների հետ խնջույքներ կազմակերպելով: Որտեղ լիներ՝ բոլորին շուրջն էր հավաքում, ամեն ինչի պատրաստ էր հանուն ընկերության»,- վերհիշում է Կարինեն:

Արթուր Հակոբյանը հուղարկավորվեց ապրիլի 23-ին Գառնիի ազատամարտիկների պանթեոնում։ Նրան բնութագրում են որպես անկոտրում և համարձակ զինվորականի, որն անձնական օրինակով էր զինվորին վստահություն ներշնչում և մղում սխրանքի: Համոզված ենք, որ սա այն ամենը չէ, ինչ ասվում է Արթուր Հակոբյանի մասին: Զիվորական գործին նվիրյալ մարտիկի, հետախույզի մարտական կենսագրությունը ապագայում կգրվի:

Լուսակարները՝ Հակոբ Պողոսյանի և Արթուր Հակոբյանի անձնական ալբոմից

Տեսանյութը՝ մարտական գործողությունների ժամանակ նկարահանել է «Զինուժ»-ը:

Մեկնաբանություններ (2)

Շուշան
Մեր լավ ու բարի ընկեր` մեր լավ Արթուր
Shahen
Աստված հոգիտ լույսերի մեջ պահի իմ հերոս ընկեր,մինչև կյանքիս վերջը քեզ չեմ մոռանա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter