HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«365 օր․ ապագան սկսվում է այսօր»․ Քոչարյանի գլխավորած դաշինքը ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրում ներառված են 3 հիմնական ոլորտներ՝ կրթություն, առողջապահություն և մշակույթ։ Դաշինքն այսօր՝ մայիսի 29-ին, ուղիղ եթերում ներկայացրեց իր նախընտրական ծրագիրն ու թիմին։ 

Ռոբերտ Քոչարյանն իր ելույթում անդրադարձավ անվտանգության ոլորտին և արտաքին հարաբերություններին։ 

Ըստ երկրորդ նախագահի՝ առաջին ահնրաժեշտ գործողությունը զինված ուժերի մարտունակության վերականգնում է ոչ թե պատերազմի, այլ արժանապատիվ խաղաղություն ապահովելու համար։ Բանակն աջակցության և լուրջ բարեփախման կարիք ունի։ 

«ԱԱԾ-ն պետք է կրկին երկրի անվտանգության հարցերով զբաղվի, այլ ոչ թե հիմար հանձնարարություններ կատարի՝ սատանա փնտրելու, ՀԴՄ կտրոններ ստուգելու կամ ընդդիմադիրների հետապնդելու հանձնարարականներ։ Միջոցներ ենք ձեռնարկելու, որպեսզի այլևս երբեք թույլ չտանք ԱԱԾ-ի փոխարկերպումը քաղաքական հետախուզության։ Ոստիկանությունը ստեղծված չէ մեկ պաշտոնյայի անվտանգ տեղաշարժը կազմակերպելու, նրա քմահաճույքները բավարարելու և հիվանդագին վախերը սպասարկելու համար։ Մենք կվերադարձնենք ոստիկանությունը բացառապես օրենքներով նախատեսված գործառույթների դաշտ։ Կվերականգնենք վստահությունը երկրի հանդեպ՝ որպես կանխատեսելի և հասկանալի գործընկերոջ։ Արտաքին քաղաքականության ոլորտում կդադարեցվեն միջազգային ասպարեզում այսօր կիրառվող ճարպկությունները»,- իր ելույթում նշեց Քոչարյանը։

Դաշինքի անդամ, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն էլ, խոսելով  նախընտրական ծրագրի մասին, տեղեկացրեց, որ այն ունի հետևյալ անունը՝ «365 օր․ ապագան սկսվում է այսօր»։

Ծրագրի ներկայացումը սկսվեց նախաբանով։ Գևորգյանը նշեց, որ իրենք ծրագիրը չեն համարում ավարտուն փաստաթուղթ, այլ նպատակ ունեն հետադարձ կապի միջոցով ստանալ առաջարկներ, նոր գաղափարներ, նաև առարկություններ։ 

«Սրանով շեշտում ենք մեր թիմի սկզբունքային մոտեցումներից մեկը՝ մասնակցային կառավարումը։ Հայաստանը կարիք ունի բոլոր կարող ուժերի, անհատների ներուժի համախմբման։ Հասկանալի է, որ ոչ բոլոր ոլորտներն են տեղ գտել այս ծրագրում, դա ուղղակի անհնար է։ Փաստաթղթում ներկայացրել ենք մոտեցումներ և առաջընթացի հիմնական գաղափարը, իսկ որոշ հարցերում՝ կոնկրետ քայլեր»,- ասաց նա։ 

Նախկին փոխվարչապետը հայտնեց, որ իրենք անկեղծ ընդունում են՝ այս պահին չեն տիրապետում իրավիճակի մանրակրկիտ գնահատականին, օրինակ՝ չգիտեն, թե տնտեսությունն իրականում ինչքան վատ վիճակում է, և չեն բացառում, որ այն շատ ավելի վատ վիճակում է, քան իրենք պատկերացնում են։ Սակայն դաշինքը ելնում է Հայաստանի այսօրվա իրողություններից և առաջնորրդվում պետության զարգացման, վերելքի հեռանկարով։ Թիմն առաջարկում է «աշխատող երկրի» կոնցեպտը․

«Որպես հիմնական ռազմավարական գաղափար՝ պետք է արձանագրենք, որ մեր երկրի ամենամեծ կապիտալը մարդն է։ Սա պետք է լինի մեր զարգացման երկարատև հեռանկարի հիմնաքարը։ Միայն այդպես կարող ենք ստեղծել ժամանակակից ու անվտանգ պետություն։ Վերջին 3 տարում ամենամեծ տապալումներից մեկը տեղի է ունեցել հենց այս հարցում՝ մարդու՝ որպես ամենաբարձր արժեքի և ամենաթանկ կապիտալի արժեզրկում»։

Կրթության հարցերի մասին խոսեց ԱԺ պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության փոխնախագահ Աննա Գրիգորյանը։

Ըստ Գրիգորյանի՝ բարձրագույն կամ մասնագիտական կրթություն ունեցող որևէ անդամ չունեցող ընտանիքները մեր երկրում ունեն եկամտի ամենացածր ցուցանիշները․

«Ուստի մեզ համար կրթությունն ու գիտությունը լինելու են պետական քաղաքականության առանցքային առաջնահերթյունը։ Մենք որակյալ և ժամանակակից կրթություն ենք ապահովելու երկրի ողջ տարածքում՝ բացառելով լեռնային, բարձր լեռնային և սահմանամերձ համայնքներում դպրոցների օպտիմալացումը։ Համայնքներում դպրոցների միավորումը, փակումը հաճախ հանգեցնում է ներքին միգրացիայի, ինչի հետևանքով բազմաթիվ գյուղեր կարող են դատարկվել։ Չենք կարող թույլ տալ, որ մարդաթափ լինեն հատկապես սահմանամեձ գյուղերը, այն էլ՝ այսօր։ Օրվա հրամայականն է՝ հենց այսօր վերարժևորել մանկավարժի տեղն ու դերը մեր հասարակությունում»։

Աշխատավարձերի բարձրացմանը զուգահեռ պետությունը պետք է ապահովի մանկավարժի մասնագիտական որակավորման բարձրացման շարունակականությունը։ Պետությունը չպետք է տնտեսի դպրոցի, կրթության վրա։

Դաշինքը նախատեսում է մինչև 50 տոկոսով ավելացնել բնագիտություն, տեխնոլոգիա, ճարատարագիտությունն, մաթեմատիկա և հայագիտական ուղղություններով մասնագիտությունների ֆինանսավորումը՝ մեկ ուսանողի մասով։ 

Նախատեսվում է նաև ավելացնել գիտությանը տրվող գումարը։ Սահմանվելու են գիտության գերակա ուղղությունները՝ դրանք ծառայեցնելով երկրի անվտանգային խնդիրներրին, ռազմաարդյունաբերության ոլորտին։ Կձևավորվի անձեռնմխելի կապիտալով պետական հիմնադրամ, որը կֆինանսավորի գիտական առաջնահերթությունների ուղղությամբ արտերկրյա առաջատար մասնագետների՝ Հայաստանի գիտական և բուհական համակարգերում մասնակի և ամբողջական ներգրավվածությամբ դասավանդումը և երկարաժամկետ գիտական գործունեությունը։

Ըստ Գրիգորյանի՝ մոտ ապագայում կապակենտրոնացվի և կթվայնացվի դպրոցների ավարտական քննությունների և բուհերի միասնական քննությունների անցկացման համակարգը, ինչը թույլ կտա բարձրացնել կրթական արդյունքների որակի վերահսկողությունը։ Ընդունելության քննությունների կազմակերպման ապակենտրոնացումն էլ թույլ կտա ապագա ուսանողների քննությունները հանձնել իրենց մարզերում։ 

Առողջապահության ոլորտի խնդիրների հաղթահարման տեսլականները ներկայացրեց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը։

Ըստ նրա՝ Հայաստանում առողջապահական ընդհանուր վիճակը ամբողջովին համահունչ է երկրի սոցիալ-տնտեսական վիճակին։ Պետք է մշակել առողջապահության զարգացման ազգային ծրագիր՝ հաշվարկելով կադրային և նյութատեխնիիկական ներուժը ինչպես մոտակա 1-3 տարիների, այնպես էլ հեռակա՝ 5-10 տարի ժամանակային տիրույթում․

«Պատերազմական գործողությունների հնարավոր զարգացումների հավանականությունը դեռևս մեծ է, առողջապահական ոլորտը պետք է նախապատրաստել կադրային ներուժի, նյութատեխնիկական բազայի գործողությունների հաջորդականության և սինխրոնիզացիայի։ Զոհված ընտանիքներին պետք է տրամադրվի բարոյահոգեբանականական աջակցություն, վիրավորներին հնարավորինս արագ պետք է ներառել հանրային գործընթացներում»։

Ըստ Չարչյանի՝ դաշինքը պատրաստվում է բարելավվել բուժօգնության վիճակը՝ դարձնելով այն հնարավորինս հասանելի և մատչելի։ Առաջիկա 5 տարիների ընթացքում առողջապահությունը կհամապատասխանեցվի եվրոպական բարձր չափանիշներին։ Կներդրվեն ազգային չափորոշիչներ։ 

Վերջինս նշեց, որ նախագահ Քոչարյանի օրոք առողջապահության բյուջեն 3 մլրդ դրամից դարձել է մինչև 60 մլրդ դրամ։

«Անվճար բուժօգնության սկզբունքը մեկն է՝ գումարը պետք է գնա հիվանդի հետևից, և ոչ թե՝ հիվանդը գումարի։ Հիմնական թիրախը պետք է լինի սոցիալապես անապահով և անկարող խավը։ Պետք է հրաժարվել բուժհաստատությունների պետպատվերի քվոտա տրամադրելու արատավոր երևույթից։ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարողանալու է ստանալ անհրաժեշտ ծավալի բուժօգնություն նախընտրած բուժհաստատությունում»,- նշեց նա։

Ինչպես հայտնեց բժշկական գիտությունների դոկտորը՝ մոտակա ժամանակաշրջանում յուրաքանչյուր մարզում կձևավորվի բարձրակարգ կադրերով և սարքավորումներրով հագեցած առնվազն մեկ բուժկենտրոն։

Մշակութային հիմնախնդիրների ու դրանց լուծումների մասին էլ խոսեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, բանասիրական գիտությունների թեկնածու, հրապարակախոս Լիլիթ Գալստյանը։

Նրա պնդմամբ՝ մշակույթը ևս լինելու է պետական քաղաքականության առանցքային առաջնահերթություն։ 

«Տարիներ շարունակ մշակույթը կրել է թերֆինանսավորման կնիքը, իբրև ռազմավարական առաջնահերթ ոլորտ՝ մենք մերժում ենք մշակույթի ֆինանսավորման մնացորդային մոդելը և անցնելու ենք առաջանցիկ ֆինանսավորման։ Բարձրացվելու է գեղարվեստական կրթության մակարդակն ու հասանելիությունը, մշակվելու են նոր չափորոշիչներ։ Արդյունավորվելու է Սփյուռքի ներուժը և մեծանալու է նրա մասնակցությունը մշակութային կյանքում։ Աջակցություն է ցուցաբերվելու Սփյուռքի մշակութային ազգանվեր հայապահպանական գործունեություն իրականացնող կառույցներին։ Բարելավվելու է ոլորտի օրենսդրրությունը, ինչը հնարավորություն կտա պահպանել պատմամշակութային անշարժ հուշարձանները, զարգացնել ժամանակակից արվեստը։ Ապակենտրոնացվելու է թանգարանային ցանցը. դրանք արդիականացվելու են»,- ասաց Լիլիթ Գալստյանը։

Նրա խոսքով՝ կմշակվեն հայկական մշակութային արտադրանքի արտահանման, միջազգայնացման ծրագրեր։ Դաշինքը նախատեսում է կառավարության կազմում վերականգնել մշակույթի նախարարությունը։

Դաշինքի մյուս անդամները խոսեցին նաև այլ որոտներում կատարվելիք փոփոխությունների մասին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter