Խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգության գործով կան ձերբակալվածներ. ԱԱԾ
Ազգային անվտանգության ծառայությանն առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և իրացնելու կասկածանքով 2021 թվականի մայիսի 27-ին Երևան քաղաքի Արարատյան փողոցում գտնվող «Ապավեն» մաքսային տերմինալի մոտակայքից բերման է ենթարկել ԻԻՀ քաղաքացի, «ԴԱՖ» մակնիշի բեռնատարի վարորդ Ս.Ա-ին, ինչպես նաև «Մերսեդես G55» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Մ-ին և ուղևոր Ռ.Ղ-ին:
ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ դեպքի վայրի զննությամբ «Մերսեդես G55» մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել և վերցվել է ավտոամբարձիչի մեջ թաքցված ձևով ապօրինի պահվող առաձնապես խոշոր չափերի՝ շուրջ 995 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց, որը մաքսանենգ ճանապարհով ապօրինի տեղափոխվել է ՀՀ բեռնատարի վարորդ Ս. Ա-ի կողմից:
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգության և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և փոխադրելու վերը նշված դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով հիշյալ անձինք ձերբակալվել են, հայտնաբերված զանգվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Առաջադրվել է մեղադրանք, և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք թմրամիջոցների ապօրինի ներմուծման սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել