HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Այսօր՝ Խորվաթիա-Հայաստան. ընկերական խաղում թիմերը կհանդիպեն առաջին անգամ

Այսօր՝ Երեւանի ժամանակով 20:00-ին, Խորվաթիայի Վելիկա Գորիցա քաղաքում կմերկնարկի Խորվաթիա-Հայաստան ֆուտբոլային ընկերական հանդիպումը: Խորվաթիան եվրոպական այն թիմերից է, որոնց մեր ընտրանին երբեւէ չի հանդիպել ո՛չ պաշտոնական, ո՛չ ընկերական մրցավեճերում: 

Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը մայիսի 24-ին հրապարակեց ազգային թիմ հրավիրված ֆուտբոլիստների ցանկը, որոնց մեջ հատկանշական էր առանցքային խաղացողներից թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի, Հովհաննես Համբարձումյանի եւ Ալեքսանդր Կարապետյանի բացակայությունը: Կարող ենք նշել նաեւ Սոլոմոն Իմե Ուդոյին, Նորբերտո Բրիասկո Բալեկյանին:  

Այս առիթով Կապառոսը նախապես հայտարարել էր. «Հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստներ այս անգամ բացակայում են ցուցակից: Մենք շատ լավ ենք ճանաչում այդ ֆուտբոլիստներին, մեծ հույսեր ենք կապում նրանց հետ եւ շատ կարեւորում նրանց դերը, սակայն այս անգամ որոշել ենք հանգստի հնարավորություն տալ նրանց եւ գործի մեջ տեսնել մի քանի երիտասարդների: Կարծում եմ՝ սրանից ավելի լավ հնարավորություն չի կարող լինել նրանց համար: Հրավիրել ենք այն ֆուտբոլիստներին, որոնք իրենց լավ են դրսեւորել ներքին առաջնությունում, եւ ցանկանում ենք ստուգել նրանց կարողությունները Խորվաթիայի եւ Շվեդիայի կարգի հզոր հավաքականների դեմ խաղերում»:

Երեկ կայացած ասուլիսում էլ Կապառոսը ասաց. «Ես բազմիցս նշել եմ, որ Մխիթարյանը հիանալի ֆուտբոլիստ է: Նա շատ կարեւոր է մեր հավաքականի համար, եւ արդեն պաշտոնական հաջորդ խաղերին, որոնք կկայանան սեպտեմբերին, հույս ունեմ, որ Հենրիխը կմիանա եւ կօգնի մեզ: Առջեւում մեզ հաճելի, բայց միեւնույն ժամանակ շատ բարդ մարտահրավեր է սպասվում, եւ մենք մեծ խանդավառությամբ ենք մոտենում դրան: Մի բան կցանկանայի հստակեցնել. ես 40 տարվա մարզչական փորձ ունեմ, եւ ոչ ոք երբեւիցե չի կարողացել կազմի ընտրության հարցում ինձ վրա ազդել: Մենք պետք է ուժեղացնենք այն ֆուտբոլիստներին, որոնք այժմ գտնվում են մեր տրամադրության տակ»: 

Առաջին անգամ հավաքական են հրավիրվել դարպասապահ Արման Ներսեսյանը,  պաշտպաններ Ալբերտ Խաչումյանը եւ Դավիթ Տերտերյանը, կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը եւ հարձակվող Կարեն Մելքոնյանը:

Այդուհանդերձ, քիչ ուշ հայտնի դարձավ, որ վատառողջ լինելու պատճառով հավաքին եւ Խորվաթիայի ու Շվեդիայի հետ ընկերական հանդիպումերին չի մասնակցի թիմի հնաբնակներից կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը: Ներքին առաջնությունում ստացած վնասվածքի պատճառով հայտացուցակից դուրս մնաց նաեւ Դավիդ Դավիդյանը, որի փոխարեն հավաքական է հրավիրվել Էդգար Բաբայանը: Թիմին միացել է նաեւ պաշտպան Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատը:

Վնասվածքի պատճառով, ամենայն հավանականությամբ, խորվաթների հետ հանդիպումը բաց կթողնի Վարազդատ Հարոյանը, ինչի մասին նա հայտնեց երեկվա ասուլիսին:

Հավաքականի տրամադրության տակ են հետեւյալ ֆուտբոլիստները.

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո - «Ալաշկերտ»
Արման Ներսեսյան - ԲԿՄԱ
Գրիգոր Մելիքսեթյան - «Արարատ»

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան - «Աստանա» (Ղազախստան)
Կամո Հովհաննիսյան - «Կայրաթ» (Ղազախստան)
Անդրե Չալըշըր - «Սիլկեբորգ» (Դանիա)
Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»
Ալբերտ Խաչումյան - «Արարատ-Արմենիա»
Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա»
Հակոբ Հակոբյան - «Ուրարտու»
Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատ - «Նոա»

Կիսապաշտպաններ

Տիգրան Բարսեղյան - «Աստանա» (Ղազախստան)
Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Վահան Բիչախչյան - «Ժիլինա» (Սլովակիա)
Էդգար Բաբայան - «Ռիգա» (Լատվիա)
Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ
Կարեն Մուրադյան - «Արարատ»
Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»
Վբեյմար Անգուլո - «Արարատ-Արմենիա»

Հարձակվողներ

Սարգիս Ադամյան - «Հոֆենհայմ» (Գերմանիա)
Արթուր Միրանյան - «Ուրարտու»
Կարեն Մելքոնյան - «Ուրարտու»

Խորվաթիա-Հայաստան հանդիպումը կսպասարկեն բոսնիացի մրցավարները՝ Լուկա Բիլբիյայի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Ամեր Մաչիչը եւ Դավոր Բելյոն: Չորրոդ պաշտոնյան Իգոր Պայաչն է Խորվաթիայից։ 

Հիշեցնենք, որ այս խաղից հետո մեր թիմը կմեկնի Շվեդիա, որի մայրաքաղաք Ստոկհոլմում հունիսի 5-ին՝ Երեւանի ժամանակով 22:45-ին, ուժերը կչափի դաշտի տերերի հետ: Շվեդներին նույնպես հայ ֆուտբոլիստները կհանդիպեն առաջին անգամ: 

ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակում այս պահին մեր ընտրանին 90-րդ հորիզոնականում է, Խորվաթիան՝ 14-րդ, իսկ Շվեդիան՝ 18-րդ: Հայաստանի հետ հանդիպումներով խորվաթներն ու շվեդները նախապատրաստվում են Եվրոպայի գալիք առաջնությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter