«Հրապարակ». Ընտրակաշառքի մրցավազք
Երեկ խմբագրություն էր զանգահարել Աբովյան քաղաքից մի քաղաքացի և ասում էր, որ այս օրերին Աբովյանում Գագիկ Ծառուկյանի պաստառներով «Ոսկե ձկնիկ» ավտոբուսներ են շրջում և իրականացնում աբովյանցիների ցանկությունները: Թերթին զանգահարած Արմեն Խաչատրյանի խոսքով, Ծառուկյանի «քարոզիչները» քաղաքացիների կոմունալ վարձերն են վճարում, նաև հեռախոս և ալյուր են բաժանում:
«Ավտոբուսները շրջում են, Ծառուկյանի քարոզիչները ցուցակագրում են` ով ինչի կարիք ունի, մարդիկ ասում են իրենց կարիքները, նրանք ցուցակագրում են և տեղում կամ հաջորդ օրը կանչում են և փողը տալիս: Մի խոսքով, մարդկանց բոլոր ցանկությունները կատարում են»,- ասաց Արմեն Խաչատրյանը: Ի դեպ, ԲՀԿ-ն ալյուր է բաժանում նաև Վայոց ձորի մարզում` յուրաքանչյուր ընտրողի 25 կիլոգրամ: Օրերս Վայք քաղաքում ԲՀԿ-ի պոտենցիալ ընտրողներին ցուցակագրել են:
Քաղաքացիներն անձնագրերը տարել են, ցուցակագրվել են, նրանց կտրոններ են տվել, որը մի քանի օր անց` ապրիլի 19-ին, պետք է ներկայացնեն և ստանան իրենց հասանելիք 25 կիլոգրամ ալյուրը:
Թերթը գրում է, որ ալյուրի հերթագրման համար ԲՀԿ գրասենյակի մոտ հսկայական, կիլոմետրանոց հերթ էր գոյացել: Մարդիկ, իրենց և իրենց ընտանիքի մյուս անդամների անձնագրերը ձեռքներին, միմյանց հերթ չէին տալիս` րոպե առաջ «ալյուրի ցուցակում» հայտնվելու համար: Բայց ԲՀԿ-ից հետ չի մնում նաև ՀՀԿ-ն: Ընտրակաշառքի հարցում մրցավազք է սկսվել, և կուսակցություններն իրար հետ մրցում են, թե ով ավելի շատ ֆանտազիա կներդնի ու ավելի անսպասելի կաշառք կբաժանի: Թերթին պատմել են, որ հանգստյան օրերին Նորք-Մարաշի բնակիչներին տնկիներ են բաժանել ՀՀԿ-ի օգտին: Ծառատունկի օրերն են, և դրանք շատ պետք կգան նորքեցիներին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել