HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

36 դատական նիստ մեկ օրվա ընթացքում. դատավոր Վարդուհի Հովնանյանի 5 րոպեանոց նիստերը

Աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ դատավորները հաճախ են դիմում գրում Բարձրագույն դատական խորհրդին (ԲԴԽ), որպեսզի իրենց անունը հանվի գործերի բաշխման ցանկից: ԲԴԽ-ն 2021թ. հունվարի 15-ին որոշել էր ցանկից հանել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանի անուն, ազգանունը՝ 2021թ. հունվարի 18-ից մարտի 18-ը ներառյալ:

ԲԴԽ-ն նման որոշում կայացրել էր «հաշվի առնելով դատավորի վարույթում առանձնակի բարդության գործերի առկայությունը, ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն իրականացնելու անհրաժեշտությունը»:

«Հետք»-ը «Դատալեքս» տեղեկատվական համակարգում հրապարակված տեղեկատվության հիման վրա ուսումնասիրել է դատավոր Վարդուհի Հովնանյանի ծանրաբեռնվածությունը՝ կորոնավիրուսից առաջ և կորոնավիրուսի ընթացքում, որպեսզի պարզ լինի, թե արդյոք կա էական փոփոխություն և ինչքանով է ծանրաբեռնված դատավորը: Ուսումնասիրության համար ընտրվել են 2020-2021թթ. հունվար-փետրվար ամիսները:

Վարդուհի Հովնանյանը 2020թ. հունվար ամսին նշանակել է 45 նիստ՝ 8 օրվա ընթացքում, որից հունվարի 21-ին՝ 25 նիստ, 13-ին՝ 13 նիստ: Մնացած օրերին նշանակել է 1-2-ական նիստ: Ընդ որում հունվարի 10-ի, 14-ի, 17-ի, 24-ի 31-ի նշանակված մեկական նիստերի օրը պարզեցված վարույթով վճռի հրապարակում է եղել: Վճռի հրապարակումները սովորաբար տևում են մոտ 5 րոպե: 2020թ. հունվարն ունեցել է 16 աշխատանքային օր, որից դատավորը խիստ ծանրաբեռնել է միայն 2 օրը:

2020թ. փետրվարին Վ. Հովնանյանը նշանակել է 77 նիստ՝ 4 օրվա ընթացքում, որից 36 նիստ նշանակել է փետրվարի 4-ին, իսկ 18-ին՝ 34 նիստ: Փետրվարն ունեցել է 21 աշխատանքային օր:

Դատավորի մոտ հունվարի 21-ն ու փետրվարի 4-ն այնքան «հագեցած» են եղել, որ տարբեր գործերով 2-ական դատական նիստ նշանակել է նույն օրը, նույն ժամին: Սակայն, ուշագրավն այն է, որ նույն ժամին նշանակված տարբեր գործերով դատական նիստերը կայացել են: Դժվար է պատկերացնել, թե նույն ժամին նշանակված տարբեր գործերով դատավորն ինչպես է կարողացել միաժամանակ նիստ անցկացնել:

Գրեթե նույն պատկերն է նաև 2021թ.-ի հունվար-փետրվար ամիսներին: Մասնավորապես, 2021թ. հունվարին Վարդուհի Հովնանյանը նշանակել է 75 դատական նիստ: Հունվարի 11-ին նշանակել է 21 նիստ, որից 10-ը՝ կրկին պարզեցված վարույթով վճռի հրապարակում է եղել: Հունվարի 19-ին նշանակվել է՝ 29, իսկ 26-ին՝ 19 դատական նիստ:

2021թ. փետրվարին նշանակել է 105 դատական նիստ՝ 8 օրվա ընթացքում: Միայն 32 նիստ նշանակել է փետրվարի 2-ին, ամսի 9-ին՝ 18 նիստ, 16-ին՝ 30 նիստ, 23-ին՝ 15 նիստ: Մնացած օրերին նշանակել է 1-2-ական նիստ: Փետրվարն ունեցել է 20 աշխատանքային օր:

Դատավոր Հովնանյանը ամսվա ընթացքում ծանրաբեռնել է 2-3 օր՝ մեկ օրվա ընթացքում նշանակելով 15-36 դատական նիստ: Դատական նիստերը նշանակել է 5-10 րոպե ընդմիջումներով: Օրինակ՝ մեկ ժամվա ընթացքում՝ 8 դատական նիստ:

Թե ինչ արդյունավետություն և որակ է ունեցել 1 ժամվա ընթացքում նշանակված և կայացած 8 դատական նիստը՝ դժվար չէ կռահելը: Պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ նիստերը ունեցել են 7,5 րոպեանոց տևողություն: Սա այն դեպքում, եթե դատավորը նույնիսկ 1 րոպե ընդմիջում չանի: Գոնե մեկ անգամ դատարանի հետ առնչվողները գիտեն, որ գրեթե ոչ մի դատական նիստ ճիշտ ժամանակին չի սկսվում, եթե նույնիսկ սկսվի էլ, ապա միայն 2-3 րոպեի ընթացքում դատավորը և նիստերի քարտուղարը ներկայացնում են, թե ինչ գործ է քննվում, կողմերից ովքեր են եկել կամ ինչ պատճառով են բացակայել և այլն:

Ուսումնասիրությամբ պարզել ենք, որ որոշ նիստեր չեն կայացել աշխատանքային օրվա ավարտի պատճառով: Մասնավորապես, 2021թ. փետրվարի 2-ին Վարդուհի Հովնանյանը դատական նիստեր է նշանակել ժամը 17:40-ին, 17:50-ին և 17:55-ին: Երեք դատական նիստերն էլ չեն կայացել, քանի որ 17:30-ին նշանակված դատական նիստը ձգվել է մինչև ժամը 18:00-ը:

Բացի այդ, հաճախ երկարատև ընդմիջումներով է դատավորը նշանակել հաջորդ նիստերը: Օրինակ՝ ԼԴ4/1128/02/19 գործով 2021թ. փետրվարի 16-ին նշանակված նախնական դատական նիստը կայացել է, սակայն հաջորդ նիստը նշանակել է 7 ամիս անց՝ 14-09-2021թ.: 

Փոխարենը գործեր են եղել, որ նույն օրվա ընթացքում դատավորը երկու անգամ դատական նիստ է նշանակել: ԼԴ4/1195/02/20 գործով 2021թ. փետրվարի 23-ին նշանակված նիստը ժամը 14:00-ին կայացել է, և հաջորդ նիստը նշանակվել է նույն օրը 25 րոպե անց՝ ժամը 14:25-ին: Նմանատիպ իրավիճակ եղել է նաև ԼԴ4/1130/02/20 քաղաքացիական գործով: 2021թ. փետրվարի 9-ին դատական նիստը սկսվել է ժամը 10:40-ին, իսկ հաջորդը նշանակվել 30 րոպե անց՝ 11:10-ին:

Նշենք, որ դատավոր Վարդուհի Հովնանյանի մոտ առանձնակի բարդության գործեր գրեթե չկան: Դրա վկայությունն է այն, որ գործերի զգալի մասը քննվում է պարզեցված վարույթով՝ առանց դատական նիստեր հրավիրելու: Թե առանձնակի բարդության ինչ գործեր է նկատի ունեցել ԲԴԽ-ն՝ դատավորի անունը հանելով գործերի բաշխման ցանկից, անհասկանալի է:

Պարզաբանում ստանալու խնդրանքով դիմեցինք Վարդուհի Հովնանյանի աշխատակազմին: Գործավար Իլոնա Ասատրյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ գրեթե ամեն օր վճռի հրապարակում են ունենում, ինչը «Դատալեքսի» որոնման օրերով գուցե չերևա:

Դատավորի գործավարից հետաքրքրվեցինք, թե ինչքանով է հիմնավոր և արդյունավետ մեկ օրվա ընթացքում, մինչև 36 նիստ նշանակելը, որոնց մի մասը չի կայանում աշխատանքային օրվա ավարտի պատճառով:

«Ոչ միշտ է, որ նիստերը չեն կայանում: Առհասարակ դատավորը հաշվի է առնում, թե ինչ նիստեր են, ըստ դրա որոշվում է քանակը: Դատավորը նայում է՝ բարդ գործ է, պարզ է, հիմնականում գիտի կողմերը այդ գործերով գալիս են, թե չեն գալիս, ըստ դրա էլ որոշում է 10 նիստ նշանակի, թե 30»,- ասում է Իլոնա Ասատրյանը:

Դատավորի գործավարն ասաց, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրում դատական նիստերի դահլիճները հինգն են և օրերով բաշխված են դատավորների միջև: Դատավոր Վարդուհի Հովնանյանին նիստերի դահլիճը հասնում է ամեն շաբաթվա երեքշաբթի օրը:

«Լինում է, որ այլ օրերի ընթացքում 1-2 նիստ նշանակում ենք, բայց ամբողջ օրը չենք կարող դահլիճը զբաղեցնել: Մի քանի ամիս առաջ շաբաթական 2 օր էինք նշանակում դատական նիստերը: Դատավոր Հովնանյանին 2 ամիս գործեր չմակագրվեցին: Մի փոքր թեթևանալուց հետո դատական նիստերը նորից շաբաթական մեկ օր է նշանակվում»,- հավելեց գործավարը:

Ըստ դատական իշխանության պաշտոնական կայքեջի՝ Վանաձորի նստավայրում աշխատում է 6 դատավոր:

Դատավորի գործավարը չհիշեց, թե քանի գործ է եղել դատավոր Հովնանյանի վարույթում, երբ դիմում է գրել նոր գործեր չմակագրելու խնդրանով, սակայն նշեց, որ դրանց թիվն անցել էր 1000-ից: Այժմ դատավորը համեմատաբար քիչ ծանրաբեռնված է: Իլոնա Ասատրյանն ասաց, որ հունիսի 1-ը իրենց նիստերի օրն է, և նիստերը համեմատաբար «նորմալ» քանակի են:

Ըստ «Դատալեքսի»՝ հունիսի 1-ին Վ. Հովնանյանը նշանակել է 19 դատական նիստ՝ 10-ից 30 րոպե ընդմիջումներով:

Անդրադառնալով տևական ընդմիջումներով նիստեր նշանակելուն, Ի. Ասատրյանն ասաց, որ կողմերին ծանուցում ուղարկելու համար ժամանակ է անհրաժեշտ: Երբեմն ծրարը հետ է գալիս, որի պարագայում ծանուցում են ուղարկում համայնքի ղեկավարին, ծանուցում են տեղադրում ինտերնետային կայքում: Ինտերնետային ծանուցումն էլ պետք է լինի դատական նիստից մեկ ամիս շուտ, այդ իսկ պատճառով էլ նիստերն ուշ են նշանակվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter