HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը Հայկ Սարգսյանին վերագրվող սպանության փորձը վերաորակեց և նրա նկատմամբ հետապնդումը դադարեցրեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր  Աննա Դանիբեկյանի, քիչ առաջ հրապարակեց Ալեքսանդր Սարգայանի որդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատավճիռը:

Դատարանը Սարգսյանին մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով (Անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Ճանչվեց և հռչակվեց Հայկ Սարգսյանի անմեղությունը Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք զինամթերք ձեռք բերելը, կրելը, փոխադրելը:

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանին վերագրվում էր երկու արարք՝ սպանության փորձ և ապօրինի զենք-զինամթերք պահելը: Այսինքն՝ Սարգսյանին վերագրվող սպանության փորձը վերաորակվեց անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառել:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Հայկ Սարգսյանը 2007 թվականի ապրիլի 1-ին` ժամը 16:00-ի սահմաններում, իր բնակության վայրի` Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերված և պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի «P266» մոդելի ատրճանակով Դավիթ Աշոտի Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ և այս մասին բարձրաձայնելով՝ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել՝ իր կամքից անկախ հանգամանքներում:

Ըստ մեղադրանքի՝ Հայկ Սարգսյանը դեպքի օրն իրենց առանձնատան նկուղային հարկում եղել է Դավիթ Սիմոնյանի և ևս մեկ անձի` Արթուր Սիմոնյանի հետ, որտեղ մարիխուանա տեսակի թմրամիջոց օգտագործելուց հետո Սարգսյանը քնել է բազմոցին՝ ձեռքին պահելով մարտական վիճակի բերված ատրճանակը: Քիչ անց Դավիթ Սիմոնյանը թմրամիջոցի հետագա օգտագործման չափաբաժնի շուրջ վիճաբանել է Արթուր Սիմոնյանի հետ, և ձայներից արթնացած Հայկ Սարգսյանը, Դավիթ Սիմոնյանին կյանքից զրկելու դիտավորության մասին բարձրաձայնելով, կրակել է վերջինիս որովայնին:

Դավիթ Սիմոնյանին վնասվածք պատճառելու դեպքը նախկինում քննության առարկա է դարձել, Սարգսյանին այդ ժամանակ մեղադրանք չի առաջադրվել, սակայն 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Դավիթ Սիմոնյանը հայտնել է, որ մարմնական վնասվածքն իրեն պատճառել է Հայկ Սարգսյանը, և գործը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերաբացվել է, Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել:

Հայկ Սարգսյանը նախաքննության ընթացքում գտնվում էր կալանքի տակ, սակայն գործը քննող դատավորը, գործը վարույթ ընդունելիս անդրադառնալով խափանման միջոցի հարցին, 50 մլն դրամ գրավի դիմաց նրան ազատել է կալանքից: Դատախազը մեղադրական ճառով պահանջում էր Սարգսյանին մեղավոր ճանաչել և դատապարտել 7 տարի ժամկետով ազատազրկման:

Պաշտպան Երեմ Սարգսյանը գործի քննության ընթացքում մշտապես պնդել է, որ դատարանում քննվող գործը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերաբացվել չէր կարող: Խնդիրն այն է, որ նախկինում քննված քրեական գործի նյութերն ամբողջությամբ պահպանված չեն, դրանք ոչնչացվել են, ուստի այս պահին հնարավոր չէ պնդել, որ Դավիթ Սիմոնյանի հայտնած տեղեկությունը նոր երևան եկած հանգամանք է և նախկինում քննության առարկա չի դարձել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter