HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Պետք է մշտապես տեղյակ լինել, թե ինչ է քո մասին մտածում հակառակորդը»,- ասում է Շիրակի թեմի առաջնորդը

«Խնդիրը ադրբեջանական կամ թուրքական ֆիլմ դիտելը չէր, որքան այդ ամենը փառատոնի անվան տակ անցկացնելը: Մասնակցել այդ ֆիլմերի ցուցադրությանը, նշանակում էր մասնակցել ադրբեջանական ֆիլմերի փառաբանման, եւ գյումրեցին պարզ է, որ չպիտի հանդուրժեր,-ասում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը,-ես միշտ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ. գյումրեցին անկանխատեսելի է, նա կարող է ընդվզել մի բանից, որ երբեք չես սպասի եւ հակառակը`չընդվզի էնպիսի մի բանից, որ քո համար էլ անակնկալ լինի: Ուրեմն փառատոնն էր խնդիրը, ոչ թե ֆիլմերի ցուցադրությունը: Ուրիշ բան է դիտել ֆիլմը ճանաչողական նպատակով, այլ բան է փառաբանելը: Մինչեւ վերջ այդ տղան` Վանյանը մնաց փառատոն բառի շրջանակներում ու, փաստորեն, հանրապետության երկու քաղաքներում եղավ այն, ինչ երեւի պիտի լիներ»:

Թեմի առաջնորդի կարծիքով, կարելի էր մեծ աղմուկ բարձրացնելու փոխարեն պարզապես բոյկոտել ֆիլմերի ցուցադրությունը: Գուցե Վանյանին հենց այս էր հարկավոր, որպեսզի հանդես գա զոհի կերպարանքով եւ ցույց տա, թե ինչքան է տանջվում, ինչ ջանքներ է գործադրում հանուն հաշտության, նկատում է Սրբազան հայրը և հավելում, որ մարդիկ նրան օգնեցին այդ հարցում` գուցե չգիտակցելով:

«Այնինչ հաշտությունն այդպես չի կայանում եւ հաշտության ճանապարհը դա չէ, ֆիլմերի փառատոնով հաշտության չես հասնի: Հաշտության հասնում են երկխոսելու, զիջելու, մեղավորի կողմից ներում հայցելու միջոցով, թե չէ ֆիլմերի փառատոնով հաշտություն չի կարելի կնքել: Հիմա ամերիկացիներն ու բրիտանացիներն էդքան բանը չե՞ն հասկանում, մենք էլ չենք հասկանո՞ւմ»,-հարցնում է Միքայել Սրբազանը:

Թեմի առաջնորդի համոզմամբ, նման ֆիլմերը մասսայական ցուցադրության համար չեն: Դրանք պետք է նայի պատրաստված մարդը, ոչ թե նրանք, ովքեր հեշտությամբ են ապակողմնորոշվում: Միքայել եպիսկոպոս Աջապահյանն ասում է, որ ինքը ցանկացած հակահայկական ֆիլմ պատրաստ է դիտելու: «Պետք է մշտապես տեղյակ լինել, թե ինչ է քո մասին մտածում հակառակորդը»,-նկատում է Սրբազան հայրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter