HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ․ «ՀՀ զինված ուժերը Ադրբեջանի սահմանը չեն հատել»

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկությունը, թե հայ զինծառայողները հատել են Ադրբեջանի սահմանը։ Հայաստանի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է հետևյալը․

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվութունն է տարածել, ըստ որի՝ հունիսի 1-ի երեկոյան 40 հայ զինծառայող հատել է Ադրբեջանի սահմանը, ինչից հետո Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները «ստիպել են նրանց վերադառնալ ելման դիրքեր»։

Ակնհայտ է, որ նմանատիպ ապատեղեկատվությունն ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը շրջանառության մեջ է դնում ՀՀ զինված ուժերի կողմից հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունը սրելու փորձերի վերաբերյալ միջազգային հանրության շրջանում տպավորություն ստեղծելու, և Ադրբեջանի ԶՈՒ կողմից մայիսի 12-ին և 13-ին Հայաստանի Հանրապետության տարածք ներթափանցելու սադրանքը հակակշռելու նպատակով։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, ո՛չ հունիսի 1-ին և ո՛չ էլ դրան նախորդող օրերին, Ադրբեջանի Հանրապետության սահմանը չեն հատել, և դրա վերաբերյալ բոլոր պնդումներն այդ երկրի պաշտպանական գերատեսչության կողմից տարածվող ապատեղեկատվություն են, որի ծավալը, վերջին շրջանում, էապես ավելացել է։ Մասնավորապես՝ օրեր առաջ էլ Ադրբեջանի ՊՆ-ն պնդում էր, թե հայկական կողմը կրակ է բացել ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ Շուշիի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի վրա, ինչը հերքվեց, համապատասխանաբար՝ Հայաստանի պաշտպանական գերատեսչության և Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորախմբի հրամանատարության կողմից»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter