HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Թաթոյանը հանդիպել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը հանդիպել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակեանի և ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի հետ: Այս մասին հաղորդում է ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժինը։

Հանդիպման ժամանակ Արման Թաթոյանը ներկայացրել է 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, ինչպես նաև բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապության հարցը:

Կողմերն արձանագրել են, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով գերիների և նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ և առաջացնելով լարվածություն հասարակությունում:

Պաշտպանը ներկայացրել է նաև Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փաստահավաք գործունեության արդյունքները՝ ընդգծելով ադրբեջանական զինվորականների անօրինական ներկայության փաստը ՀՀ տարածքում ու դրանից ներս, ինչն էլ հաստատում է Սյունիքի շուրջ անվտանգության գոտու բացարձակ անհրաժեշտությունը:

Ինչպես ասվում է հաղորդագրությունում, հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը բարձր է գնահատել ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակի դերը` կարևորելով ոչ միայն համատեղ իրականացրած կրթական, իրազեկման ծրագրերը, մարդկանց սոցիալ-տնտեսական իրավունքների աջակցմանն ուղղված քայլերը, այլ նաև ադրբեջանական զինված հարձակումների հետևանքով մարդու իրավունքների խախտումները աշխարհին ճշգրիտ ներկայացնելուն ուղղված միջոցառումները:

Պաշտպանը գնահատել է ՀԲԸՄ դերը հատկապես 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ադրբեջանական պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցանքները վերլուծելու և աշխարհին ներկայացնելու հարցում:

Պերճ Սեդրակեանը բարձր է գնահատել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը՝ նշելով, որ ՀԲԸՄ-ն ևս հետևում է սահմանային անվտանգության հարցերին, երկրում տիրող իրավիճակին:

Պաշտպանին է ներկայացվել ՀԲԸՄ-ի կողմից իրականացվող «Ճշմարտության ձայներ» տեսաշարը, որը նպատակ ունի պատերազմի սառը վիճակագրությունը ներկայացնելու մարդկային դեմքով, անունով և կյանքի պատմությամբ՝ փաստագրելով իրականացված վայրագություններն ու նպատակ ունենալով վերականգնել արդարությունը:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել և ընդլայնել համագործակցության ուղղությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter