HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Արցախից տեղահանվածները համարվում են «փախստականի նման կարգավիճակում գտնվող մարդիկ»

Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Հայաստանում ապաստանեց Արցախից տեղահանված շուրջ 91 000 անձ: Տեղահանվածների հաշվառումը կատարել է միգրացիոն ծառայությունը: Ծառայության պետ Արմեն Ղազարյանն ասում է, որ պատերազմի ավարտից հետո նրանց մեծ մասը վերադարձավ Արցախ, այժմ Հայաստանում է գտնվում շուրջ 24 500 մարդ: Նրանցից 9140-ը՝ Հադրութի շրջանից են, 4160-ը՝ Շուշիից, 2666-ը՝ Շահումյանից և 8569 մարդ Քաշաթաղի շրջանի բնակիչներն են:

«Մեծամասնությունն անհատների տներում է հյուրընկալվել: Ուրախալի է, որ անհատական նախաձեռնությունը կար, դա հասարակության մեջ սոլիդարության մասին է խոսում, բայց նաև պետական համակարգն է գերլարված աշխատել։ Հիմա տարհանվածներ կան պետական հաստատությունների շենքերում»,- ասում է Արմեն Ղազարյանը։ 

Արցախից տեղահանվածներին ՄԱԿ-ի փախստականների կոմիտեն անվանում է՝ «փախստականի նման կարգավիճակում գտնվող մարդիկ»:

Արմեն Ղազարյանը բացատրում է, որ Արցախի Հանրապետությունից Հայաստան տեղափոխվածների համար նախընտրում են տեղահանված տերմինն օգտագործել, որը լայնորեն կիրառելի է այն դեպքերի համար, երբ անձանց սոցիալական վիճակը նման է փախստականի վիճակին, բայց նրանց իրավական կարգավիճակը փախստականի չէ:

«Փախստականի կարգավիճակի մասին» 1951թ. Ժնևի կոնվենցիայի 1-ին հոդվածի (Ե) կետով սահմանվում է, որ Կոնվենցիայի դրույթները չեն կիրառվում այն անձի նկատմամբ, որն այն երկրի իրավասու մարմինների կողմից, որտեղ նա ունեցել է բնակության վայր, ճանաչվել է այդ երկրի քաղաքացիություն ունենալու հետ կապված իրավունքներ ու պարտականություններ ունեցող, չկա նաև նրանց ռիսկի գոտի բռնի վերադարձման վտանգ։ 

«Արցախից տեղահանվածների կարգավիճակը լիովին համընկնում է «տեղահանվածներ» բնորոշմանը։ Իրավաբանորեն փախստական չլինելու հանգամանքը որևէ կերպ չի խաթարում այդ անձանց սոցիալական խոցելիության հանգամանքը և դրա հիման վրա սոցիալական աջակցություն ստանալու իրավունքը»,- նշեց միգրացիոն ծառայության պետը։ 

ԱՀ-ից տարհանված բնակչությանը հումանիտար աջակցություն են ցուցաբերում միջազգային կազմակերպությունները՝ Հայաստանում գործող կազմակերպությունների, հիմնականում, ՄԱԿ-ի գրասենյակների միջոցով: 

Մայիս ամսին հակամարտությունից տուժածներին աջակցելու համար 10 մլն եվրո հատկացրեց Եվրոպայի միությունը, ևս 3 մլն 718 հազար ԱՄՆ դոլար հատկացրեց Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը: Բանկի ծրագրում հակամարտությունից տուժած ընտանիքների համար նախատեսված ֆինանսական և հումանիտար օժանդակությունից բացի, փոխհատուցում է նախատեսված նաև Հայաստանի 3975 ընտանիքներին, որոնք հյուրընկալել են տեղահանվածներին: 

«ԵՄ մարդասիրական ամբողջ ֆինանսավորումը տրամադրվում է կարիքների հիման վրա: Աջակցությունից կօգտվեն հակամարտության առավել տուժած ազդակիր բնակչությունը, այդ թվում՝  տեղահանված, հայրենադարձված անձինք և հյուրընկալող համայնքները...»,- հայտնեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորին:

ԵՄ պատվիրակության ղեկավարը նշեց, որ տրամադրվող օժանդակության շնորհիվ հնարավոր կլինի ապահովել հրատապ օգնություն, այդ թվում՝ հատկացնել պարենային, հիգիենայի և  կենցաղային պարագաներ, ուղղակի դրամական աջակցություն  և հոգալ առողջապահական ծախսեր: Այն նաև կներառի օժանդակություն քաղաքացիական բնակչության պաշտպանությանը, այդ թվում՝  սոցիալ-հոգեբանական աջակցություն, իրազեկման ու կրթական աջակցություն արտակարգ իրավիճակներում և կապահովի վաղ վերականգնման աջակցություն կենսապահովման միջոցով:

ՄԱԿ-ի «Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը» (ՊԳԿ),  Արցախյան վերջին պատերազմի ընթացքում տեղահանված և Հայաստանի գյուղական բնակավայրերում հյուրընկալվող ընտանիքներին աջակցելու նպատակով, նախաձեռնել և իրականացնում է «Հակամարտության հետևանքով տուժած բնակչության խոցելի խմբերին հումանիտար աջակցության տրամադրում» ծրագիրը: Ծրագրի նպատակն առավել խոցելի ընտանիքների կենսապահովման և սնուցման բարելավումն է գյուղատնտեսական միջոցների, մասնավորապես՝ անասնակերի կամ որոշակի թվով հավ տրամադրելու միջոցով:

Այս տարվա փետրվարին մեկնարկած ծրագրով նախատեսված շուրջ 350 հազար ԱՄՆ դոլարի սահմանում շահառուներին կհատկացվեն աջակցության փաթեթներ, որոնք ներառում են անասնակեր, սարքավորումներ, ինչպես նաև հավանոցներ կառուցելու կամ վերանորոգելու համար անհրաժեշտ միջոցներ, պարարտանյութեր և բանջարեղենի սերմեր

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունից տեղեկացրին, որ մինչև ծրագիրն սկսելը ՊԳԿ-ն կարիքների արագ գնահատում է իրականացրել հինգ մարզերում՝ Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Կոտայք և Սյունիք:  Գնահատման արդյունքների, ինչպես նաև առկա երկրորդային տեղեկատվության վերլուծության հիման վրա ծրագրի իրականացման թիրախային մարզեր են ընտրվել Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի գյուղական բնակավայրերը: 

Հաշվի առնելով խոցելի ընտանիքների մեծ թիվը և ծրագրին հատկացված ֆինանսական ռեսուրսների սահմանափակ հնարավորությունները, սահմանվել են ծրագրի շահառուների ընտրության չափորոշիչները և դրանց համապատասխան աջակցության փաթեթները՝

  1. Այն տեղահանված ընտանիքները, որոնք իրենց հետ Հայաստանի Հանրապետության տարածք են տեղափոխել մինչև 5 խոշոր եղջերավոր կենդանի (ԽԵԿ), նրանց որպես աջակցություն տրամադրվելու է անասնակեր (խտացրած կեր),
  2. Այն ընտանիքները, որոնք հնարավորություն չեն ունեցել իրենց հետ տեղափոխել գյուղատնտեսական որևէ կենդանի, կտրամադրվի որոշակի թվով հավ և կեր: Ծրագրի շրջանակներում տրամադրվող հավերի թիվը պայմանավորված է լինելու ինչպես ընտանիքի անդամների, այնպես էլ նրանցում անչափահաս երեխաների թվով:

ՊԳԿ-ն տեղեկացնում է, որ ծրագրի նախապատրաստական, ինչպես նաև կարիքների գնահատման փուլում սերտորեն համագործակցել է Էկոնոմիկայի նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների՝ տեղահանված ընտանիքների հարցերով զբաղվող ներկայացուցիչների հետ: Արցախից տեղահանված ընտանիքներին ըստ նշված աջակցության փաթեթների խմբավորելու, ինչպես նաև անասնակերի կամ գյուղատնտեսական այլ միջոցների նկատմամբ ընթացիկ կարիքները նույնականացնելու նպատակով իրականացվել է 400 տեղահանված ընտանիքների կարիքների երկրորդ փուլով գնահատում: 

Այս փուլում, ստացված արդյունքների վերլուծության արդյունքում վերջնականացվել է տեղահանված ընտանիքների կողմից պահվող ԽԵԿ-ի անասնակերի աջակցության փաթեթը, որում ընդգրկված են 93 ընտանիք, իսկ տրամադրվող անասնակերի ընդհանուր քանակը կազմում է 91 800 կգ: Անհրաժեշտ է նշել, որ այս փաթեթում ընդգրկված են նաև տեղահանված ընտանիքներին հյուրընկալող այն ընտանիքները, որոնք պատերազմից հետո ստեղծված սահմանային լարվածության և սահմանազատման գործընթացների հետևանքով այժմ ունեն համայնքային օգտագործման արոտավայրերի հասանելիության լուրջ սահմանափակումներ և նորից պահում են մինչև 5 գլուխ ԽԵԿ:

ՄԱԿ-ի կազմակերպությունը տեղեկացնում է, որ այժմ ծրագրային թիմն աշխատում է երկրորդ փաթեթի շահառուների նույնականացման վրա: Բացի վերը նշված աջակցության տեսակներից ծրագիրը տեղահանված ընտանիքներին նախատեսում է տրամադրել տեխնիկական աջակցություն հավանոցների վերակառուցման համար: Այս աջակցությունը առավելապես ուղղված է բարելավել թռչունների պահման և խնամքի պայմանները, որի արդյունքում նորաստեղծ, փոքր ֆերմերային տնտեսությունը կարող է ստանալ առավել նկատելի արդյունք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter