HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահան Իշխանյան

Ուիլյամսի «Ստոուներ»-ը` որպես ձոն նվիրական դասախոսներին

«Նա ուզում էր լինել դասախոս, ուզում էր և դարձավ, բայց նա գիտեր, միշտ էլ գիտեր, որ քիչ է ներդրել կրակ այդ գործի մեջ։ Նա երազում էր մի ամբողջական լինելիություն, մի անխառն մաքրություն, իսկ ստացավ փոխզիջում և առօրյա հազարավոր հյուծիչ մանրուքների վրա ծախսված կյանք։ Նա ապավինել էր իմաստությանը, իսկ ստացավ այս բոլոր տարիներին միայն անբարեկրթություն։ «Իսկ ինչ էիր սպասում»։ Մահվան մահճում խորհում է 65-ամյա պրոֆեսոր Ստոուները։

Ջոն Ուիլյամսը (John Williams) «Ստոուներ»-ը (Stoner) գրել է 1965 թվին, բայց աննկատ է անցել, և հրատարակվելուց 40 տարի անց վեպը ուշադրություն է գրավում, վերահրատարակվում է 2006-ին ու դառնում բեսթսելլեր, թարգմանվում մի շարք լեզուներով, նաև 2015-ին՝ ռուսերեն։

«Ստոուների» հերոսը Միսուրիի համալսարանի անգլերեն գրականության և լեզվի դասախոս Ուիլյամ Ստոուներն է։ Ուիլյամսը ավարտել է այդ համալսարանի նույն բաժինը, նախաբանում ասում է, որ ոչ մի պերսոնաժ իրական նախատիպ չունի։ Այսուհանդերձ, վեպը մի ձոն է` նվիրված համալսարանական բարեխիղճ, գիտության մշակ, երբեք կարիերայի ու փառքի հետևից չընկնող, այսուհանդերձ, խորքային կրթություն տվող դասախոսին։ Ստոուների համալսարանական կյանքը ձգվում է 20-րդ դարի երկու խոշոր ցնցումների միջով՝ ուսանող էր, երբ սկսում է առաջին աշխարհամարտը, և արդեն հասուն դասախոս, երբ ավարտվում է երկրորդ աշխարհամարտը։ Ուսանողական ընկերը, Դեյվ Մաստերսը, որ զոհվում է առաջին պատերազմում, գարեջրային երեկոներից մեկի ժամանակ Ստոուներին բնութագրում է. «Ով ես դու, պարզասիրտ հողի զավա՞կը։ Ոչ։ Դու էլ հզորներից չես: Երազող, խենթ աշխարհում, որը քեզնից խենթ է, դու մեր Դոն Կիխոտն ես, որ վարգում է Միջին Արևմուտքի կապույտ երկնքի տակ, իհարկե, առանց իր Սանչոյի»։

Ի՞նչ փոխզիջման մասին էր խորհում Ստոուները մահվանից առաջ։ Կյանքի ողջ ընթացքում երկու առճակտման մեջ է նա՝ աշխատանքային և ընտանեկան: Աշխատանքայինում՝ գիտական և դասախոսական աշխատանքում բացարձակ անկոմպրոմիս է: Առճակատումը իր ամբիոնի վարիչ Լոմակսի հետ է, որ նրան պարտադրում էր բավարար նշանակել մի տգետ ու ինքնասիրահարված ասպիրանտի, գործի է դնում իր բոլոր հնարավորությունները, շանտաժի ենթարկում Ստոուներին, դեկանի միջոցով է նրա վրա փորձում ազդել, սակայն Ստոուները մնում է անդրդվելի և իր անբավարարը հետ չի վերցնում։ Ամբիոնի վարիչը ի վերջո իր նպատակին հասնում է, շրջանցելով Ստոուների գնահատականը, ասպիրանտին վերականգնում է, սակայն 40 տարի շարունակ Լոմակսը քեն է պահում Ստոուների դեմ, ամեն առիթով նրա առաջ խոչընդոտներ ստեղծում։ Ահա այն մի անբարեկրթությունը, որ նա ստացել է իմաստության փոխարեն։

Մյուս առճակատումը՝ ընտանեկանը՝ կնոջ Էդիտի հետ է: Այս ճակատում Ստոուները անզոր է, Էդիտը անհասկանալիորեն սկսում է ատել ամուսնուն, նրա առաջ անընդհատ դժվարություններ ստեղծում, գրասենյակը ձեռքից առնում, դստերը թույլ չի տալիս հետը շփվել, իսկ Ստոուները անտրտունջ տանում է այս բոլոր նվաստացումները։ Գուցե կոմպրոմիսը հենց ընտանի՞քն է, որ նրան թույլ չի տալիս բաժանվել կնոջից ու ամուսնանալ իր դասընթացների ունկնդիր Քեթրին Դրիսկոլի հետ։

«Սեր և գրքեր, էլ ինչ է պետք»,- ասում է Քեթրինը։ Քեթրինն ու Ստոուները սիրո ու գրքերի, մտավոր զրույցների ու սեռական կրքերի մեջ միահյուսված իրենց կյանքի ամենաերջանիկ օրեր են ապրում։

Նրանք այն հազվագյուտ երջանիկների՞ց են, որ մարմնական ու մտավոր ներդաշնակություն ունեն, թե՞ նրանք գտել են այն սերը, ուր մտավոր ներդաշնակցությունը վերածվում է մարմնական կրքի։

«43 տարեկանում Ստոուները հասկացավ, որ սերը նպատակ չէ, այլ ընթացք, որի միջոցով մարդը փորձում է ճանաչել մարդուն։ Վաղ երիտասարդության ժամանակ Ստոուները սերը պատկերացնում էր որպես գոյության բացարձակ վիճակ, հասանելի միայն նրանց, ում բախտը ժպտում է։ Հասունանալով՝ նա սկսեց մտածել, թե սերը կեղծ կրոն է, որին խելացի անձը կվերաբերվի կամ բարեսիրտ թերահավատությամբ, կամ էլ թեթև արհամարհանքով, կամ էլ կարոտալի թախծով։ Հիմա, միջին տարիքում, նա սկսեց հասկանալ, որ սերը ոչ աստվածային բարեբախտություն է, և ոչ էլ պատրանք, նա սիրո մեջ տեսավ գործողություն մարդկային կայացման, վիճակի, որն ամեն րոպե, օր օրի ստեղծում է ու կատարելագործում կամքը, միտքն ու սիրտը»։

1932 թիվն էր, դեռ չէր եղել սեքսուալ հեղափոխություն, հասարակական բոլոր շերտերում սեռական կիրքը անվայել էր, եւ հենց այս արանքում՝ հեղափոխության ու նախահեղափոխության արանքում սիրո այս սահմանումն ամենահավաստին է հնչում։

Եվ երբ քինախնդիր Լոմակսը նախապատրաստում էր արտամուսնական կյանքով ապրելու համար Քեթրինի դեմ հալածանքները, նրանք իրենց կապը ստիպված կտրում են, ու Քեթրինը հեռանում է, որ հեռավոր մի համալսարանում Ստոուների դասախոսություներից ներշնչված իր գիտական գիրքը ավարտի՝ նվիրելով այն Ու. Ս.-ին։ Գուցե սա էր նրա կյանքի ամենամեծ կոմպրոմիսը՝ խորտակել սերը կայուն կյանքի ընթացքը չխոտորելու համար։

Մեկ այլ, շատ ավելի նուրբ հակադրություն կա Ստոուների և իր ծնողների միջև։ Գյուղացի ֆերմեր հայրը նրան ուղարկել էր համալսարան գյուղատնտեսություն ուսանելու, որ վերադառնա ու շարունակի ֆերմայի գործը։ Սակայն ուսման կեսից տարվելով անգլիական գրականության դասախոսություններով՝ Ստոուները փոխում է մասնագիտացումը ու տխրեցնում հորը։ Առանց որդու հոգածության ծնողները՝ սկզբում հայրն աշխատանքի ծանրության տակ կքած, ապա մայրը, լքում են աշխարհը. «Նրանց կյանքը մսխվեց անուրախ աշխատանքի վրա, նրանց կամքը կոտրվեց, միտքը բթացավ։ Հիմա նրանք պառկած են հողի մեջ, որին նվիրաբերեցին իրենց կյանքը, և հետզհետե, տարիների ընթացքում հողը նրանց կընդունի, հետզհետե խոնավությունը ու փտածությունը կներթափանցեն սոճու փայտի դագաղից ներս, հետզհետե կհասնեն մարմնին և ի վերջո կոչնչացնեն ծնողական մարմնի վերջին մնացորդները։ Եվ մայրը հոր հետ ոչ մի նշանակություն չունեցող հողի մասը կդառնան, որին շատ վաղուց էին տրվել»։

Իսկ Ստոուները կյանքը նվիրաբերեց այնտեղ, որը հող չէ, այնպիսի պտուղ է տվել, որ կմնա իրենից հետո։ Նրա դասերը սերտած սերունդների մե՞ջ։ Ոչ միայն, նա իր վերջին շնչին ձեռքն է առնում իր միակ մենագրությունը՝ խունացած կարմիր կազմով: «Նա բացեց գիրքը, և երբ դա արեց, այն դադարեց լինել իր գիրքը։ Նա թույլ տվեց մատներին վազել գրքի էջերով և զգալ այդ էջերում թրթիռ, կարծես նրանք կենդանի էին»։

Իր երկրորդ գիրքը, որ ծրագրել էր գրել, նյութերը հավաքել, աշխատել վրան, այդպես էլ չկարողացավ ավարտել, այն առօրյա մանրուքները՝ կնոջ` իր դեմ ուղղված նևրոտիկ հակակրանքը թույլ չտվեցին։

Վեպը փակում եմ, ու հետադարձ հիշում ուսանողական տարիներիս Համասլարանի բանասիրականի Ստոուներներին՝ Վահան Նավասարդյան՝ լավագույն գրականության տեսության դասախոսս, որի անունը այդպես էլ ավարտելուց հետո որևէ տեղ չեմ հանդիպել, և միայն երկու տարի առաջ, Իլիկ սրճարանում հանդիպում եմ նրան, ուրախանում, հիշում եմ նրա դասախոսությունները, այն էլ ինչ դասախոսություն, մի կիսամյակի սեմինար էր՝ ինչպես էր մի քանի լեզվով, կարծեմ չորս լեզվով  գրատախտակին գրում տարբեր բանաստեղծների ճանապարհին նվիրված բանաստեղծություններ ու ցույց տալիս, որ դրանք բոլորը նույն ռիթմով են գրվել։ Ասում էին, որ նա Դոստոևսկու գիտակ է, կուզեի լսել նրանից ռուս գրականության դասախոսություն, սակայն մեզ այլ դասախոս էր բաժին ընկել։ Բացում եմ Համալսարանի կայքը՝ Վահան Նավասարդյան, դոցենտ, 40 տարի է անցել, իսկ Նավասարդյանը դեռ դոցենտ է։ Սուրեն Ավագյանը՝ սեպագրագետ, գրաբարի դասախոս՝ բարեխիղճ գիտնական, աշխարհի վրա դառնացած: Պողոս Խաչատրյանը՝ միջնադարյան գրականության լավագույն դասախոսը՝ Նարեկացու շրջանը կենդանացնում էր մեր աչքի առաջ։ Նրանց դասախոսությունների առաջ խամրում էին որոշ ակադեմիական տիտղոսակիրների շաբլոն դասախոսությունները։

«Ստոուներ»-ի ուժն է, որ ամերիկյան համալսարանի դասախոսի նվիրական կերպարը դուրս է գալիս իր միջավայրից, ընդհանրացվում ու ձոնը դառնում յուրաքանչյուր համալսարանի գիտությանն ու կրթությանը իրենց կյանքը նվիրաբերած դասախոսներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter