HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Շուրջ 50 մասունքի փորձաքննության համար պետք է դիմենք միջազգային գործընկերներին. Փաշինյան

Կառավարության հունիսի 3-ի հերթական նիստը մեկնարկեց օրակարգային հարցերից դուրս քննարկմամբ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախևառաջ անդրադարձավ Աբովյանի դատաբժշկական կենտրոնում զինծառայողի դիերի պահման պայմանների վերաբերյալ ստեղծված իրավիճակին:

«Ֆունդամենտալ հարցը, որ կարծում եմ` պետք է պատասխան ստանա, հետևյալն է՝ արդյոք սա պետության կամ կառավարության վերաբերմունքն է արտահայտում զոհված զինվորների, և ընդհանրապես հանգուցյալների նկատմամբ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը, ապա խնդրեց Առողջապահության նախարարի պաշտոնակատարին ներկայացնել այդ ոլորտի բարեփոխումները 2018 թվականից ի վեր:

Ըստ նախարարի պաշտոնակատարի՝ մինչև 2018 թվականը նախարարության ենթակայության ներքո գործող դատաբժշկական գիտագործնական կենտրոնն ունեցել է միայն Երևանի դիահերձարանը՝ մաշված սառնարանային կարողություններով, մարզերում էլ մասնաճյուղեր չեն եղել:

«Դատաբժշկական ծառայությունը Երևանում ունեցել է 25 սառնարանային տեղ, այժմ ունի մոտ 200-ը: 2018 թվականից հետո մշակվել և կյանքի է կոչվել դատաբժշկական համապետական անհրաժեշտ չափանիշներին համապատասխան ծառայություններ ապահովող ցանցի ստեղծման ծրագիր: Դրա շրջանակում Մեծամոր, Աբովյան, Գյումրի, Վանաձոր, Եղեգնաձոր, Սևան և Գորիս քաղաքներում հիմնվել են դատաբժշկական կենտրոնի մասնաճյուղեր»,- հայտնեց նախարարի պաշտոնակատարը:

Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ 2018 թվականին ամբողջությամբ վերանորոգվել է Երևանի կենտրոնական դիահերձարանը, և սառնարանները համալրվել են նոր լաբորատոր սարքավորումներով: 2020-ին հիմնանորոգվել է Մեծամորի դիահերձարանը, կառուցվել է սառնարանային նոր բլոկ, այժմ ընթանում է 2-րդի կառուցումը: 2020 թվականին հիմնանորոգվել է Աբովյանի մասնաճյուղը, տեղադրվել են կասետային սառնարաններ: Գորիսում ևս տեղադրվել է սառնարային բլոկ: 2021-ին վերակառուցվում և սառնարաններով համալրվում է Մարտունու մասնաճյուղը: Այժմ էլ ընթանում է Սևանի մասնաճյուղի վերակառուցումը:

Ըստ Ավանեսյանի՝ մինչ 2018 թվականը գենետիկական հետազոտությունների անցկացման համար ընդհանրապես սարք չի եղել: 2017 թվականին ոլորտի ընդհանուր բյուջեն կազմել է 389 մլն դրամ, 2018-ի առաջին ամիսներին այն կրճատվել է 24 մլն-ով՝ դառնալով 364 մլն դամ, 2019-ին՝ 481 մլն դրամ, 2020-ին՝ 584 մլն դրամ:

Փաշինյանն էլ հայտնեց, որ այս պահին ԴՆԹ հետազոտությամբ մարմինների նույնականացման աշխատանքն, ըստ էության, եզրափակիչ փուլին է հասել: 

«Կան մարմիններ, որոնք չեն նույնականացվել, բայց ունենք նաև անհետ կորածների հարազատներ, ովքեր ԴՆԹ նմուշ չեն հանձնել տարբեր պատճառներով: Ունենք նաև նույնականացման մարմիններ, որոնք հարազատների կողմից չեն վերցվել էլի տարբեր պատճառներով: Ունենք նաև շուրջ 50 մասունք, որոնցից նույնիսկ 4-րդ, 5-րդ, 6-րդ փորձից հետո ԴՆԹ առանձնացնել չի հաջողվել, պետք է այս դեպքերը պարզելու համար դիմենք միջազգային գործընկերներին, որոնք ավելի փորձառու են: Եղել են դեպքեր, երբ հարազատները կասկածի տակ են առել Հայաստանում արված հետազոտության տվյալը, իրենք իրենց նախաձեռնությամբ տարել են արտերկիր, և, ըստ էության, 99.9 տոկոսով պատասխանները եղել են նույնը»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter