Վերաքննիչ վարչական և քաղաքացիական դատարանում 3-ական դատավոր կավելանա
Վերաքննիչ վարչական և քաղաքացիական դատարանի դատավորների թիվը 3-ական դատավորով կավելանա, իսկ Սնանկության դատարանի դատավորների թիվը՝ 4-ով: Որոշումն ընդունվեց կառավարության հունիսի 3-ի նիստում:
Նախագծի ընդունումը պայմանավորված է Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ Վերաքննիչ քաղաքացիական, Վերաքննիչ վարչական և Սնանկության դատարանների դատավորների թվակազմն ավելացնելու անհրաժեշտությամբ և դրա համար անհրաժեշտ պահպանման ծախսերի նախատեսմամբ։
Ըստ գործադիրի հիմնավորման՝ դատական պաշտպանության իրավունքը բացահայտող ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք: Ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի իրացման հիմնական խոչընդոտներից է դատարանների գերծանրաբեռնվածությունը:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանում ներկայումս գործում է 5 դատական կազմ (դատարանի նախագահ և 15 դատավոր), որոնք 2019 թվականի ընթացքում քննել են 7168 գործ: Վերաքննիչ վարչական դատարանում ներկայումս գործում է 3 դատական կազմ (դատարանի նախագահ և 9 դատավոր): 2019-ին ստացվել է 6785 գործ:
Սնանկության դատարանը՝ որպես մասնագիտացված դատարան, 2019 թվականի հունվարի 1-ից գործում է 12 դատավորի թվակազմով: 2019 թվականի վիճակագրական տվյալների ուսումնասիրությունը վկայում է, որ 12 դատավորների թվաքանակով Սնանկության դատարանի յուրաքանչյուր դատավորի ծանրաբեռնվածությունը 2019 թվականին միջինում կազմել է սնանկության 765 գործ, որոնցից նույն ժամանակահատվածում յուրաքանչյուր դատավորի հաշվարկով միջինում ավարտվել է սնանկության 193 գործ:
Դատավորների թվաքանակի ավելացման նպատակով գումարներ նախատեսվել են դեռևս կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի որոշմամբ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել