Բարեգործության պատրվակով արցախցիներից փող է հափշտակվել. ոստիկանության բացահայտումը
Մայիսի 29-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժինն ահազանգ է ստացել երկու տղամարդկանցից, որոնք Արցախյան երկրորդ պատերազմից հետո բնակություն են հաստատել Կողբ համայնքում: Նրանք հայտնել են, որ իրենց է զանգել մի տղամարդ, ներկայացել Կարեն անվամբ ու ասել, որ աշխատում է բարեգործական կազմակերպությունում։ Հայտնել է, որ Արցախից եկած ընտանիքներին օգնություն են տրամադրում, որը տեղ հասցնելու համար, որպես ճանապարհածախս, մի արցախցուց պահանջել է 55, մյուսից՝ 50 հազար դրամ: Տղամարդիկ պահանջած գումարը էլեկտրոնային եղանակով փոխանցել են նրան, սակայն իրենց օգնություն չի տրամադրվել։
Նոյեմբերյանի ոստիկանները, համագործակցելով Էրեբունու բաժնի քրեական հետախույզների հետ, պարզել են, որ Կարեն ներկայացած և խարդախությամբ փող հափշտակած անձը Երևանի բնակիչ է, 30 տարեկան։ Պարզվել է նաև, որ նա ներկայացել է այլ անվամբ։ Կասկածվողը հունիսի 1-ին հայտնաբերվել է, բերման ենթարկվել Նոյեմբերյանի բաժին ու խոստովանական բացատրություն տվել։ «Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են»,- հայտնում է ոստիկանությունը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել