HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կառավարությունը 6 ամսով անմշակ կաշվի արտահանման արգելք կսահմանի

Հայաստանի Կառավարությունը հունիսի 3-ի նիստում որոշեց 6 ամիս ժամկետով անմշակ կաշվի արտահանման արգելք սահմանել: Ըստ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների՝ 2020 թվականին հանրապետությունից արտահանվել է մոտ 50.9 հազ. հատ խոշոր եղջերավոր անասունների անմշակ մորթի` մոտ 259.6 հազ. դոլար մաքսային արժեքով` 2019թ. նկատմամբ արձանագրելով 50.5 %-ի անկում: Արտահանման հիմնական շուկաները եղել են Թուրքիան, Իրանի Իսլամական Հանրապետությունը: Ժամանակավոր արգելքը կտարածվի հետևյալ հումքի վրա՝ 

  • Խոշոր եղջերավոր անասունների (ներառյալ գոմեշների) կամ ձիազգի կենդանիների (թարմ կամ աղադրված, չորացրած, մոխրած, աղջրած կամ այլ կերպ պահածոյացված, բայց չդաբաղած, չմագաղաթացրած կամ հետագա մշակման չենթարկված) չմշակված մորթեր՝ մազածածկույթով կամ առանց մազածածկույթի, կրկնորդված կամ չկրկնորդված,
  • Ոչխարների չմշակված մորթեր կամ գառների մորթիկներ (թարմ կամ աղադրված, չորացրած, մոխրած, աղջրած կամ այլ կերպ պահածոյացված, բայց չդաբաղած, չմագաղաթացրած կամ հետագա մշակման չենթարկած)՝ բրդյա ծածկույթով կամ առանց բրդյա ծածկույթի, կրկնորդված կամ չկրկնորդված,
  • Այլ չմշակված մորթեր (թարմ կամ աղադրված, չորացրած, մոխրած, աղջրած կամ այլ կերպ պահածոյացված, բայց չդաբաղած, չմագաղաթացրած կամ հետագա մշակման չենթարկած)՝ մազածածկույթով կամ առանց մազածածկույթի, կրկնորդված կամ չկրկնորդված:

Խոշոր եղջերավոր անասունների վրա տարածվող արգելքը չի տարածվի «Ժամանակավոր ներմուծում», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգերով ձևակերպված և հետագայում վերաարտահանվող, հետագայում վերաներմուծման պայմանով «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով ձևակերպվող վերոնշյալ ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող ապրանքների վրա:

Ըստ գործադիրի՝ որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող ապրանքի (անմշակ կաշի) արտահանումը սահմանափակելու, տեղական արտադրությունը պաշտպանելու և հումքային բազայով ապահովման, ինչպես նաև Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ: 

Ներկայումս Հայաստանում կաշվի վերամշակման գործունեություն իրականացնող տեղական արդյունաբերական ընկերություններն ունեն կաշվի հումքի պահանջարկ, և հումքային բազայի հնարավորությունները դեռևս ոչ ամբողջական հզորությամբ են օգտագործվում։   

Կառավարության հիմնավորմամբ՝ կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սկզբնական հումքի արտահանման սահմանափակման պայմաններում ներքին շուկայում սկզբնական հումքի 1 տոկոս նվազման և արտադրողներին համապատասխան որակով և ծավալներով մատչելի դառնալու դեպքում կաշվի և կոշիկի արտադրության ծավալներն ավելանում են շուրջ 16.1 տոկոսով, կոշիկի արտադրությունից ստացված շահույթը՝ 29.7 տոկոսով և համապատասխան արտադրատեսակների գծով պետական բյուջեի եկամուտները՝ 5.9տոկոսով:  ՀՀ-ում կաշեգործության համար անհրաժեշտ հումքի առկայության պարագայում կվերագործարկվեն կաշի վերամշակող ընկերությունները, վերագործարկման պարագայում կստեղծվի 300-350 նոր աշխատատեղ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter