Վարկային համաձայնագիր` նոր ԲԿ-ի կառուցման համար
Խորհրդարանն արտահերթ նիստում քննարկեց վարկային համաձայնագիր, որի միջոցներով նախատեսվում է նոր հիվանդանոց կառուցել Վայոց ձորում, իսկ Մարտունիում` ավարտին հասցնել բժշկական կենտրոնի նոր շենքի շինարարությունը:
Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ կնքված վարկային համաձայնագիրը 7.4 մլն դոլար արժողությամբ է: Այն ներկայացրեց առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը:
«Ներկայացված վարկային համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել Վայոց ձորի նոր հիվանդանոցի շենքի կառուցման շինարարարական աշխատանքները, Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման հիմնական վարկային ծրագրի շրջանակում արդեն իսկ մեկնարկած Մարտունու բժշկական կենտրոնի նոր շենքի շինարարարական աշխատանքները հասցնել ավարտին: Նաև նախատեսվում է նշված երկու բժշկական կենտրոնները հագեցնել անհրաժեշտ բժշկական սարքավորումներով և կահույքով»,-ասաց փոխնախարարը:
Ըստ փոխնախարարի` Եղեգնաձոր և Վայք քաղաքների գործող ԲԿ-ների շենքային պայմաններն անբավարար են, սարքավորումները՝ մաշված, ուստի նախատեսվում է միավորել Եղեգնաձորի և Վայքի բժշկական հաստատությունների հիվանդանոցային և ծննդօգնության ծառայությունները՝ կառուցելով նոր մոդուլային տիպի բազմաֆունկցիոնալ հիվանդանոց՝ 36 մահճակալ հզորորությամբ:
Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2022-ի երկրորդ կիսամյակում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել