HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կառավարությունը նախատեսում է տարեկան 500 հա ինտենսիվ այգի հիմնել

Կառավարությունը հունիսի 3-ի նիստում հաստատեց Հայաստանում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2022-2023 թվականների ծրագիրը: 

Ծրագրով նախատեսվում է տարեկան 500 հա ինտենսիվ այգի հիմնել, որի համար ներդրումների միջին չափը գնահատվում է շուրջ  15 մլրդ դրամ (1 հա այգեհիմնման ծախսը կարկտապաշտպան ցանցով միջինը կազմում է 29,8 մլն դրամ)։ Արդյունքում արտադրվող պտղի և հատապտղի ծավալները տարեկան կավելանան շուրջ 11,5 հազար տոննայով։  

Բերքատվության և համախառն բերքի ցուցանիշների վրա կազդի նաև նորագույն տեխնոլոգիաների կիրառումը, մասնավորապես՝ ոռոգման արդիական տեխնոլոգիաների և կարկտապաշտպան համակարգերի ներդրումը, բնակալիմայական աղետներից կորուստների նվազումը, որի արդյունքում իրատեսական կլինեն 2020-2030 թվականների գյուղատնտեսության ռազմավարության թիրախային ցուցանիշները (2023-2025 թվականներին` 15,69 % աճ)։

Ինտենսիվ այգիների 1 հա-ից ստացվող համախառն արտադրանքի արժեքը կկազմի միջինը 11,5 մլն դրամ (1 կգ-ի իրացման միջին գինը` 500 դրամ), իսկ ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի 1 հա-ից ստացվող համախառն արտադրանքի արժեքը միջինը կկազմի 9,4 մլն դրամ: Ցուցանիշները համադրելի են 2020-2030 թվականների գյուղատնտեսության ռազմավարությամբ սահմանված 1 գյուղացիական տնտեսության ստեղծած արժեքի հետ, որը 2020-2022 թվականների համար նախանշված է 4,4 մլն դրամ։

Ճշգրտվել են նաև 1 հա-ի վրա կատարվող ծախսերը, սահմանվել են ծրագրի շրջանակում թույլատրելի տարածքների նվազագույն և առավելագույն սահմանաչափերը, հստակեցվել է ծրագրի շրջանակում անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և բովանդակությունը։ 

Ծրագրի նպատակն է պետական աջակցության մեխանիզմների, մասնավորապես՝ մատչելի վարկավորման և ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով՝ Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության՝ խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների, հատապտղանոցների հիմնման, ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակման, ինչպես նաև ջրավազանների կառուցման, ոռոգման արդիական համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար նպաստավոր պայմանների ստեղծումը։

Ընդունված որոշմամբ՝ 2022 թվականի պետական բյուջեում ծախսերը գնահատվում են  շուրջ 2,4 մլրդ  դրամ, իսկ 2023 թվականի համար՝ 4,1 մլրդ դրամ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter