HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անտառների պահպանության համար պատասխանատու 18 պաշտոնատար անձի մեղադրանք է առաջադրվել

Լոռու մարզի դատախազությունը 2021թ. ընթացքում 18 պաշտոնատար անձի՝ տարբեր անտառային տնտեսությունների անտառպետությունների անտառապետեր, անտառապահներ, ինժեներներ, մեղադրանքներ է առաջադրել՝ Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Դատախազության հանրային կապերի բաժնի հաղորդմամբ` նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ վերջիններս, ի պաշտոնե պարտավոր լինելով իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ և հսկողություն ապօրինի անտառահատումների ու ՀՀ անտառային օրենսդրության այլ խախտումների նկատմամբ, անհրաժեշտության դեպքում արձանագրել անտառխախտման դեպքերը, ստուգել բնափայտի մթերման, անասունների արածեցման, խոտհունձի և այլ տեսակի անտառօգտագործման իրավունք ընձեռող փաստաթղթերն ու հսկողություն սահմանել անտառօգտագործողների կողմից դրանց կատարման նկատմամբ, իրենց ծառայության նկատմամբ դրսևորել են անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք:

Պաշտոնեական պարտականությունները պատշաճ չկատարելով՝ նրանք իրենց հսկողությանը վերապահված պահաբաժիններում պարբերաբար շրջայցեր չեն իրականացրել, կազմել են ապօրինի ծառահատում չկատարվելու վերաբերյալ բովանդակությամբ կեղծ անտառխախտման արձանագրություններ: Արդյունքում  ընդհանուր առմամբ արձանագրվել է 943 տարբեր տեսակի և տրամագծերով ծառերի հատում, որի հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ ավելի քան 31 մլն ՀՀ դրամի չափով վնաս:

Նշված բոլոր քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է: 

Լոռու մարզի դատախազի կողմից իրավասու մարմնին ներկայացվում է իրենց պաշտոնավարումը դեռևս շարունակող պաշտոնատար անձանց հետագա գործունեությունը կասեցնելուն ուղղված միջնորդություններ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարը` «Հետքի» արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter