«Հայաստանի հրաշալիքները» ներկայացվել է իսպանական տուրիստական գործակալություններին
Իսպանիայում Հայաստանի դեսպանատանը մայիսի 16-ին անցկացվել է գովազդ-շնորհանդես' իսպանական տուրիստական գործակալությունների ներկայացուցիչների համար: Միջոցառման նպատակն էր Հայաստանը որպես նոր, դեռ լիովին չբացահայտված տուրիստական վայր ներկայացնելը և իսպանացի զբոսաշրջիկների համար կանոնավոր այցելավայր դարձնելը:
Շնորհանդեսին ներկա էր նաև Հայաստան այցելել ցանկացող շուրջ 50 անհատական զբոսաշրջության երկրպագու, որոնց միջավայրում իսպանական «Tailored design travelling»' էլիտար անհատական տուրեր կազմակերպող գործակալությունը տարածել էր Հայաստանի դեսպանության տրամադրած, Հայաստանի պատմաճարտարապետական կոթողների և բնության տեսարժանությունը գովազդող նյութեր:
ՀՀ արտգործնախարարություն մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը հայտնում է, որ միջոցառմանը ներածական խոսք է ասել Իսպանիայում Հայաստանի գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը: Այնուհետև իսպանացի հայագետ, գիտությունների դոկտոր Ֆերնանդո Լաբադը, հեռուստաէկրանին ցուցադրելով «Հայաստանի հրաշալիքները» խորագրով լուսանկարների տեսաշարը, խոսել է Հայաստանի պատմության, մշակույթի, եկեղեցու, լեզվի, այբուբենի, ազգային ավանդույթների մասին:
Ըստ տուրիստական գործակալների հավաստումների' վերջին մի քանի ամսում Հայաստան այցելած և այցելել ցանկացող իսպանացի զբոսաշրջիկների թիվն աճել է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել