HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դադարեցվել է «Թաթսթոուն» ՍՊԸ-ի` Լիճքի պղնձի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի հրամանով` դադարեցվել է «Թաթսթոուն» ՍՊԸ-ի` Սյունիքի մարզի Լիճքի պղնձի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը:

Նախարարի պաշտոնակատարի հրամանից տեղեկանում ենք, որ դադարեցման պատճառն այն է, որ Լիճքի հանքավայրում ընկերությունն օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներ մինչ օրս չի իրականացրել: Այդպես հայտնել է«Հանրապետական  երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ը: Ըստ այդմ` խախտվել է Ընդերքի մասին օրենսգրքի մի շարք հոդվածներ, ինչպես նաև ընկերության և կառավարության միջև 2013թ. կնքված ընդերքօգտագործման պայմանագիրը:

Սակայն Լիճք գյուղ մեր այցելության ժամանակ գյուղացիները պատմել են, որ ընկերությունը շահագործվել է հանքավայրը 2016-2018թթ.-ին, դադարել է շահագործումը 2018թ. հեղափոխությունից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց բոլոր մետաղական հանքավայրերում ստուգումներ իրականացնելու կառավարության նախաձեռնության մասին:

Լիազոր մարմինը 2020թ. մարտին զգուշացում է ուղարկել ընկերությանը:

«Թաթսթոուն» ՍՊԸ-ն կատարել է համապատասխան վճարումները, դրանք են` շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման` (ռեկուլտիվացիոն)` ընդերքօգտագործման ընթացքում խախտված հողերի վերականգնման համար նախատեսված և մշտադիտարկումների իրականացման համար սահմանված վճարումները: Սակայն արդյունահանում այդպես էլ չի իրականացրել:

Վարչական վարույթ է հարուցվել, բայց ընկերության ներկայացուցիչը չի ներկայացել վարույթին, և վերջին խախտումն էլ չի վերացվել: 

Հիշեցնենք, որ նախարարի 2020թ. փետրվարի 7-ի հրամանով դադարեցվել էր նաև «Թաթսթոուն» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը Սյունիքի մարզի Այգեձորի պղինձ-մոլիբդենային հանքավայրի Թղկուտի տեղամասի համար, որը տրվել էր 2013թ․-ին։ Ընկերությունը պատասխան գրությամբ նախարարությանը հայտնել է, որ հանքավայրում արդյունահանման աշխատանքներ չի իրականացրել և մտադրություն չունի իրականացնելու, ինչպես նաև առարկություն չունի իր ընդերքօգտագործման իրավունքն այդ հանքավայրի նկատմամբ դադարեցնելու դեմ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter