HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պատիվ ունեմ»-ի թեկնածուների 60%-ը ՀՀԿ-ական է. դաշինքների ցուցակների վերլուծություն

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 26 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք է։

Վերլուծել ենք դաշինքների թեկնածուների ցուցակները և ներկայացնում ենք թեկնածուների բաշխվածությունը՝ ըստ կուսակցական պատկանելության։

«Պատիվ ունեմ»-ը ՀՀԿ-«Հայրենիք» կուսակցության դաշինքն է, որը գլխավորում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Պատիվ ունեմ» դաշինքը ընտրապայքարին մասնակցող ուժերից ամենաշատ թեկնածուներ ներկայացրած քաղաքական միավորն է, ունի 230 թեկնածու։ Ցուցակի առաջին տասնյակում են Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ երիտթևի ղեկավար Հայկ Մամիջանյանը, ԲՀԿ նախկին անդամ, ներկայում անկուսակցական Մարտուն Գրիգորյանը, «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը և այլն։

Դաշինքի ցուցակում թեկնածուների 60%-ը ՀՀԿ-ական են, իսկ «Հայրենիք» կուսակցության անդամների և անկուսակցականների թիվը գրեթե նույնն է՝ 20-ական տոկոս։

«Ազատ հայրենիք» դաշինքը կազմել է 5 կուսակցություն՝ «Ազգային ինքնորոշում միավորում», «Ազգային ժողովրդավարների դաշինք», «Հայ Կառուցողական», «Պահպանողական» և «Հայաստանի կանաչների» կուսակցությունները։

Դաշինքը ղեկավարում են 2013-ին նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու, Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով երկու տարի անազատության մեջ եղած Անդրիաս Ղուկասյանը և «Պահպանողական» կուսակության նախագահ Միքայել Հայրապետյանը։

«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների» դաշինքը կազմել են ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը և քաղաքագետ Լևոն Շիրինյանը։ Բաբաջանյանը «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության նախագահն է, իսկ Շիրինյանը՝ «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության։

89 գրանցված թեկնածուների 52%-ը Լևոն Շիրինյանի կուսակցության անդամներն են, 40%-ը Արման Բաբաջանյանի կուսակցության անդամներ են, իսկ 8%-ը անկուսակցականներ են

«Հայաստան» դաշինքը կազմել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նորաստեղծ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը և ՀՅԴ-ն։

Դաշինքը գրանցել է 153 թեկնածու, որոնց կեսը դաշնակցական է։ Առաջին տասնյակում են ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ կուսակցության նախագահ Արմեն Ռուստամյանը, նախկին բարձրաստիճան պաշտոնյա Արծվիկ Մինասյանը։

Թեկնածուների 19%-ը «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամներն են, գրեթե 30%-ը անկուսակցական են, և մեկ հոգի «Մեկ Հայաստան» կուսակցությունից է՝ այս կուսակցության նախագահ, ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը։

Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքում ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն, այս ընտրությունները կանցնեն պարզ համամասնական ընտրակարգով, առանց տարածքային ցուցակների՝ ավելի հայտնի որպես ռեյտինգային համակարգի։ ԱԺ անցողիկ ընտրական շեմերն են՝ 5% կուսակցությունների և 7% դաշինքների համար։

Ներկայացված թվերը վերաբերվում են համապետական ցուցակների առաջին մասին։ Երկրորդ մասերը ազգային փոքրամասնության ներկայացուցիչ թեկնածուների համար են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter