
Այսօր տեղի կունենա Շվեդիա-Հայաստան առաջին մրցավեճը
Այսօր՝ Երեւանի ժամանակով 22:45-ին, Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում կմեկնարկի Շվեդիա-Հայաստան ընկերական մրցավեճը: Մինչ այս հավաքականները երբեւէ չեն հանդիպել ո՛չ պաշտոնական, ո՛չ էլ ընկերական խաղերում:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին ընկերական մրցավեճում մեր ընտրանին 1-1 խաղաց աշխարհի գործող փոխչեմպիոն Խորվաթիայի հետ վերջինիս հարկի տակ:
Թե՛ խորվաթները, թե՛ շվեդները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը, որը կմեկնարկի հունիսի 11-ին:
Նկատենք, որ ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակում այս պահին մեր ընտրանին 90-րդ հորիզոնականում է, իսկ Շվեդիան՝ 18-րդ:
Նախախաղային ասուլիսում գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը խոսել է այսօրվա հանդիպման որոշ մանրամասների մասին. «Այս խաղին դաշտ դուրս կգան նաեւ այն տղաները, որոնք Խորվաթիայի դեմ չեն խաղացել: Մեր նպատակն էր ի սկզբանե այն, որ նոր ֆուտբոլիստների տեսնենք ուժեղ թիմերի դեմ խաղերում: Կան տղաներ, որոնք գտնվում էին արձակուրդում եւ 10-15 օր չէին մարզվել, բայց այնքան են սիրում հավաքականը, այնքան հայրենասեր են, որ եկել են եւ պատրաստ են դաշտ դուրս գալ, այնպես որ մենք ցանկանում ենք բոլորին խաղալու հնարավորություն տալ»:
Ինչ վերաբերում է կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանին, որը թիմի հետ մեկնել է Խորվաթիա ու Շվեդիա, սակայն ղազախական իր ակումբում ստացած վնասվածքի պատճառով չմասնակցեց Խորվաթիայի հետ խաղին, Կապառոսը նշել է. «Պետք է բարձր գնահատել Վարազդատի նվիրվածությունը: Իր թիմի վերջին խաղում նա վնասվածք ստացավ, սակայն միացավ թիմին եւ տղաների հետ ժամանեց այստեղ: Բնականաբար, այժմ նա ավելի լավ վիճակում է, քան այն օրերին, երբ միացավ թիմին: Մենք չենք շտապելու, վաղը դեռ կտեսնենք արդյոք նա կկարողանա դաշտ դուրս գալ, բայց ի սկզբանե նա դժվար թե կարողանա մասնակցել այս խաղին»:
Շվեդիա-Հայաստան ընկերական հանդիպումը կսպասարկեն ֆինն մրցավարները՝ Մատիաս Գեստրանիուսի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Միկո Ալակարեն եւ Միկա Լամպուն: Չորրորդ պաշտոնյան Յոնի Հյուտիան է։
Մեկնաբանել