HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ՔՊ-ն մտադիր է պրոֆեսիոնալ բանակ ստեղծել. ներկայացվեց կուսակցության նախընտրական ծրագիրը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը երկու մասից է բաղկացած, առաջին մասում արձանագրված է` ինչ է արել կուսակցությունը մինչ այս պահը, երկրորդում` ինչ է պատրաստվում անել:

Այս մասին հայտնեց վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը` կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելիս:

Միջոցառման առաջին փուլում հարթակ բարձրացան կուսակցության համամասնական ցուցակի առաջին քսանյակի ներկայացուցիչները, կառավարության անդամները, ինչպես նաև` վարչապետի և ԱԺ նախագահի տիկնայք, ապա Փաշինյանը մի քանի դրույթ ներկայացրեց ծրագրից: Երկրորդ փուլով սպասվում էր դրահամավաք-միջոցառում, որի ժամանակ, սակայն, ուղիղ հեռարձակում չապահովվեց:

Ըստ Փաշինյանի` ամենակարևոր խնդիրն ու մարտահրավերը արտաքին անվտանգության ապահովումն է:

«Այդ խնդրի լուծման համար մենք մի քանի գործիք պետք է կիրառենք, առաջինը` մեր դիվանագիտությունն ու արտաքին քաղաքականությունը, երկրորդը` բանակի բարեփոխումները` Հայաստանում ստեղծելով պրոֆեսիոնալ բանակ: Նաև մեր անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ է, որքան էլ այլ կերպ է հնչում, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, և պետք է ամեն ինչ անենք, որ ստորագրած բոլոր կողմերն իրենց ստանձնած պարտավորությունները կատարեն»,-ասաց Փաշինյանը:

Վերջինս ընդգծեց` պրոֆեսիոնալ բանակ ասելով նկատի չունի պայմանագրային ծառայությունը, որտեղ զինծառայողը 15 օր մարտական ծառայություն է իրականացնում, մյուս 15 օրը երթուղային տաքսի վարում, այլ ծառայություն, որտեղ զինծառայողը ամիսը 30 օր, շաբաթը 7 օր և օրը 24 ժամ զինվոր է և մտածում է միայն մարտական պատրաստվածությունը բարձրացնելու մասին: Վարչապետի պաշտոնակատարը շեշտեց` որքան էլ դժվար լինի, այդ փոփոխություններն իրականացնելու են:

Փաշինյանն անդրադարձավ նաև նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ տեղ գտած տարածաշրջանային կոմունիկացիաների բացման դրույթին:

«Ուզում եմ արձանագրենք հետևյալը` ՀՀ կառավարությունը միջազգային տրամաբանության որևէ հարց չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու: Եթե ուզում եք իմանալ` ինչ է նշանակում նոյեմբերի 9-ի հայտարարության տարածաշրջանային կոմունիկացիաների բացման դրույթը, կարդացեք հունվարի 11-ի Մոսկվայի եռակողմ հայտարարությունը: Այդտեղ ճշգրիտ գրանցված է, թե ինչ է նշանակում այդ կետը, և ուզում եմ խոսքս ավարտել 1999-ի օգոստոսին հայտնի իրադարձությունների ֆոնին Մեղրի այցելած Վազգեն Սարգսյանի խոսքից մի հատվածով: Ուզում եմ վստահ լինեք, որ մենք առաջնորդվում ենք, առաջնորդվելու ենք այս տրամաբանությամբ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը. 

«Աշխարհագրական տարածք չէ Մեղրին, հայրենիքի մի բուռ չէ։ Եվ երբ դու Մեղրին տալիս ես օտարին, քո տան դուռը փակում ես քեզ վրա․․․ Ասել, ասում եմ՝ Մեղրին ավելի կարևոր է, քան ցանկացած այլ բան։ Մեղրին իր քար ու քռայով այս երկիրը դարձնում է աշխարհի հզորներին իր դուռը բերող։ Եվ այսօր տալ Մեղրին, թեկուզ դիմացը ծովի ճանապարհ ստանալ, սուտ է։ Մեծ, համաշխարհային սուտ։ Նախ՝ չեն տա, հազար ու մի ձև կա չտալու։ Ղարաբաղը՝ ապացույց, որ հողը գրիչով չեն վերցնում․․․ Ես զգուշացնում եմ՝ Մեղրին մի օր պայթելու է հենց Երևանի կենտրոնում» (Վազգեն Սարգսյանի խոսքերը)։

Փաշինյանը վստահեցրեց` Վազգեն Սարգսյանի այդ խոսքերը եղել են, կան ու շարունակում են մնալ ուղենիշ թե' իր և թե' իր քաղաքական թիմի համար:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, առաջադրվել է 22 կուսակցություն, 4 դաշինք: Ընտրություններին մասնակցում են Հայաստանի բոլոր նախկին ու ներկա ղեկավարները` առաջին, երկրորդ ու երրորդ նախագահները և վարչապետի պաշտոնակատարը:

Քարոզարշավը պաշտոնապես մեկնարկելու է հունիսի 7-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter