HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հայաստանի հավաքականը գոլառատ խաղում պարտվեց Շվեդիային

Հայաստանի ազգային հավաքականը ընկերական խաղում 1։3 հաշվով պարտություն կրեց Շվեդիայի ընտրանուց: Հանդիպումը տեղի ունեցավ Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում։

Ամբողջ առաջին խաղակեսն անցավ շվեդների տարածքային և խաղային ահռելի առավելությամբ։ Հանդիպման հենց մեկնարկից դաշտի տերերը մեկը մյուսի հետևից գրոհներ էին կազմակերպում և անընդհատ լարվածության մեջ պահում մեր թիմի պաշտպանական գծի խաղացողներին, որոնք էլ երբեմն ոչ պարտադիր սխալներ էին թույլ տալիս։ Մեծ վտանգ էին ներկայացնում Հայաստանի հավաքականի դարպասի ուղղությամբ նշանակված տուգանային և անկյունային հարվածները, բարձրից կատարված փոխանցումները մշտապես ավարտվում էին վտանգավոր պահերով, քանի որ Շվեդիայի ընտրանու խաղացողները երկրորդ հարկում ոչ մի շանս չէին տալիս Խոակին Կապառոսի սաներին։

Հանդիպման հաշիվը բացվեց 16-րդ րոպեին։ Հեռահար տուգանային հարվածով գնդակը Հայաստանի հավաքականի դարպասն ուղարկեց Էմիլ Ֆորսբերգը, թեպետ բաց թողած գոլում մեղքի իր բաժինն ուներ մեր ընտրանու դարպասապահ Դավիթ Յուրչենկոն, քանի որ հարվածն այդքան էլ ուժեղ չէր։ 34-րդ րոպեին շվեդները կրկնապատկեցին իրենց առավելությունը։ Անկյունայինից կատարած փոխանցումը գլխի հարվածով եզրափակեց Մարկուս Դանիելսոնը։

39-րդ րոպեին Հայաստանի հավաքականի դարպասին 11-մետրանոց նշանակվեց, քանի որ սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց Անդրե Չալըշըրը։ Սակայն գնդակին մոտեցած Սեբաստիան Լարսոնի հարվածից հետո հրաշալի խաղաց Դավիթ Յուրչենկոն և հետ մղեց գնդակը։

Երկրորդ կեսում Հայաստանի հավաքականը մի փոքր ակտիվացրեց իր խաղը, ինչն էլ խաղակեսի միջնամասում տվեց իր արդյունքը։ 63-րդ րոպեին Կամո Հովհաննիսյանի հետ պատ խաղալով՝ նպաստավոր դիրքում հայտնվեց Վահան Բիչախչյանը, որի հարվածը Շվեդիայի ընտրանու դարապասապահը հետ մղեց՝ գնդակն օդ բարձրացնելով, սակայն Բիչախչյանը երկրորդ փորձից գլխի հարվածով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը։ Սա 21-ամյա խաղացողի համար Հայաստանի հավաքականի կազմում խփած առաջին գոլն էր։

Հետագայում մեր ընտրանու ֆուտբոլիստները փորձում էին նաև հավասարեցնել հաշիվը, սակայն գրոհները վտանգավոր հարվածներով չէին ավարտվում։ Փոխարենը 84-րդ րոպեին շվեդները նորից վերականգնեցին երկու գնդակի առավելությունը, աչքի ընկավ Մարկուս Բերգը։ Սա այս խաղում խփված վերջին գոլն էր։ Հայաստանի հավաքականը պարվեց 1։3 հաշով։

Հարկ է նշել, որ Խոակին Կապառոսի գլխավորությամբ սա Հայաստանի ազգային ընտրանու՝ վերջին 10 խաղերում կրած առաջին պարտությունն էր։ Մինչև այդ մեր թիմը 9 խաղ անընդմեջ անպարտելի էր։

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին կրկին ընկերական հանդիպման շրջանակներում Հայաստանի հավաքականը 1։1 հաշվով ոչ-ոքի էր խաղացել Խորվաթիայի ընտրանու հետ։

Լուսանկարները՝ ՀՖՖ-ի և ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունների

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter