HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Էդմոն Մարուքյան. «Բախումների դեպքում չեն տուժելու ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, բոլորն էլ լավ տեղավորված են»

Այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին հինգ թեկնածուները «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ասուլիս էին հրավիրել, որպեսզի հանրությանը ներկայացնեին, թե վաղը՝ հունիսի 7-ին, պաշտոնապես մեկնարկող ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավն ինչպես են իրականացնելու:

Կուսակցության նախագահ Է. Մարուքյանը նախ ներկայացրեց, թե այսօր ինչ վիճակ է քաղաքական դաշտում և քայլեր չձեռնարկելու դեպքում ինչ պատկեր կստացվի:

«Հստակ կարելի է արձանագրել, որ մինչև ընտրությունները նախընտրական, իշխանության պայքարի վիճակն այնքան է սրվելու, որ գրեթե մենք կարող ենք ակնհայտ ասել, որ քաղաքացիական պատերազմի շեմին ենք լինելու: Սա այլևս որևէ ձևով գաղտնիք չէ: Երեկ հետևում էինք իշխող կուսակցության ծրագրի ներկայացման հավաքին, որտեղ ինչ-որ ջղային մարդիկ քննադատում էին մեր այն գաղափարը, որը վերաբերում է ազգային համաձայնության կառավարություն ձևավորելուն, համերաշխության օրակարգին, միասնական լինելուն, միասնական լինելուն՝ ընդդեմ մեր բոլորի թշնամու»,- հավելեց Էդմոն Մարուքյանը:

Պատգամավորության թեկնածուն զարմացած է, որ համերաշխությունը մերժվում է ոչ միայն իշխող կուսակցության, այլև «մյուս բևեռից»: Իսկ տվյալ պայմաններում համերաշխության այլընտրանքը քաղաքացիական պատերազմն է, բախումները:

Էդմոն Մարուքյանը ներկայացրեց կուսակցության վերլուծության ադյունքները, ըստ որի՝ եթե գործող և նախկին իշխանությունների պայքարը իշխանության համար շարունակվի նույն ոճով, ինչը որ այժմ կա, չենք կարողանա խուսափել բախումներից:

«Ժողովուրդը պետք է մի բան արձանագրի, միշտ իշխանության համար պայքարող բևեռները շատ անվտանգ են, պաշտպանված են, բոլորն ունեն պետական անվտանգություն: Նրանց գլխից մազ չի պակասելու: Ժողովու՛րդ, որպես ընտրողներ, դուք եք լինելու ցանկացած բախման տուժողը»,- նշեց Է. Մարուքյանը, հավելելով, որ այդ ամենի միջով անցել են, տեսել են:

Ըստ պատգամավորության թեկնածուի՝ քաղաքակիրթ քարոզարշավի մերժումը և դուելների առաջարկները, անվանարկումները լավ տեղ չեն տանում:

«Այս պահին, բոլոր հարցումներով ոչ իշխող ուժն է կարողանում հաղթել ընտրությունները, ոչ էլ նախկին իշխանությունները՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի: Սակայն՝ 40, տարբեր տվյալներով մինչև 45% ընտրող չեն որոշել, թե ում օգտին քվեարկել»,- ասում է Էդմոն Մարուքյանը:

Թեկնածուն նշեց, որ քաղաքական դաշտն այնպես է դասավորվել, որ միակ ուժը, որ թշնամիներ չունի հակամարտող բևեռների մեջ, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է:

Էդմոն Մարուքյանն առաջարկում է, որ ընտրողներն իրենց ձայները կոնսոլիդացնեն «Լուսավոր Հայաստանի» վրա, ինչի արդյունքում կուսակցությունը կողմերին պարտադրում է ներքաղաքական խաղաղություն: Հակառակ դեպքում կողմերը ոչ մի ռեսուրս չեն խնայելու իրար ոչնչացնելու համար, ինչի հետևանքով ոչնչանալու են բոլորը:

Ընտրապայքարի մեջ մտած ուժերի բևեռները, որոնք արբանյակային ուժեր են, մի մասով սատարում են իշխող կուսակցությանը և կրակի վրա յուղ լցնողներն են, մյուսները հայհոյախառն ելույթներով սպասարկում են նախկին իշխանություններին՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ շուտով կլրանա մեկ ամիսը, ինչ թշնամին հատել է մեր երկրի սահմանը և իր 1000 հոգանոց զորքով տեղակայվել է մեր երկրում, մինչդեռ երկրի ներսում իրար կոկորդ ենք կրծում՝ չգիտակցելով, որ ավելի լուրջ վնասներ ենք կրելու, տուժելու է պետականությունը: Բախումների դեպքում չեն տուժելու ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, բոլորն էլ, Մարուքյանի խոսքերով՝ «լավ տեղավորված են»:

Ասուլիսի ընթացքում է. Մարուքյանը չներկայացրեց կուսակցության ծրագիրը՝ ասելով, որ ընտրողը ծրագրին կարող է ծանոթանալ իրենց բոկլետներից և լրատվամիջոցներից՝ զրույցի շեշտը հիմնականում դնելով ներքաղաքական լարված մթնոլորտը թոթափելու վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter