HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Ռոբերտ Քոչարյանի մենամարտի առաջարկին և Սերժ Սարգսյանի հայտարարությանը

Վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները քարոզարշավը սկսեցին Արմավիրի մարզի Փարաքար համայնքից: Այստեղ Փաշինյանը կոշտ քննադատական խոսքեր հնչեցրեց Հայաստանի երկրորդ ու երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հասցեին: Անդրադառնալով «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի՝ իրեն ուղղված մենամարտի հրավերին, Փաշինյանն ասաց.

«Մեկը կա վախենում է բանավեճի մասնակցի, ասում է՝ մեծ հաճույքով դուելի կհրավիրեմ զենքի ցանկացած տեսակով: Պատկերացրեք՝ վիճակն ինչքան է վատացել, դա նաև գնահատականն է մեր իշխանության, որ տվյալ սուբյեկտը ստիպված է զենք վերցնել, քանի որ Նաիրի Հունանյանը բանտում է»,- ասաց նա:

Փաշինյանը Քոչարյանին հրավիրել է բանավեճի Արցախի հարցի բանակցությունների թեմայով, սակայն Քոչարյանն այն մերժել է՝ ասելով, թե ցանկացած տեսակի զենքով պատրաստ է մենամարտի մասնակցել:

Երրորդ նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքին անդամակցող ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն էլ ասել էր՝ եթե Փաշինյանը մի փոքր արժանապատվություն ունենար, պետք է ինքնասպան լիներ, և եթե ինքը լիներ գերագույն հրամանատար, ու նման վիճակ լիներ, իրեն կգնդակահարեր:

«Իսկ որ վերջին տասը տարվա զենք-զինամթերքի 75 տոկոսը ձեռք է բերվել քեզնից հետո, բա ինչի քեզ չես գնդակահարում դրա համար, իսկ որ կազինոներում զինվորից գողացած միլիոններ կրվեիր, քեզ կգնդակահարեիր, թե չէ: Էդ մարդու նախագահությունից հետո 18 միլիոն դոլար կանխիկ փող է մուտքագրվել իր հաշիվներ: Բա որ Ազգային անվտանգության ծառայության նախարար էիր, վարչապետին, ԱԺ նախագահին գնդակահարեցին, բա դրանից հետո քեզ ինչի չգցեցիր պատուհանից, կարող է նրա համար, որ քո ղեկավարած կառույցը լավ էլ տեղյակ էր, որ տենց բան է տեղի ունենալու ու որևէ քայլ չէր ձեռնարկում: Կարող է նրա համար էր, որ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը դեմ էին Մեղրին հանձնելու ծրագրին»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց՝ կան քաղաքական ուժեր, որոնք քարոզարշավ են իրականացնում այն տրամաբանությամբ, որ գալու են իշխանություն վերցնեն, իսկ իր թիմն ասում է՝ ժողովուրդը ինչպես որոշի, այդպես էլ կլինի:

«Ուզում եմ ֆիքսեք տարբերությունը. ոմանք ասում են՝ հունիսի 20-ին կրելու ենք, մենք էլ ասում ենք՝ ձեր պատիժն եք կրելու հունիսի 20-ից հետո»,- ասաց նա:

Ըստ ՔՊ վարչապետի թեկնածուի՝ այս ընտրությունների մոտիվացիան այն է, որ ժողովուրդը չկորցնի երկրի տիրոջ իր զգացողությունը և կարգավիճակը. «Մենք աում ենք՝ ժողովուրդ, քվեարկեք ձեր օգտին, մենք, մենք էնպիսի իշխանություն ենք, ինչպիսի իշխանություն է մեր ժողովուրդը, մենք մեր ժողովրդից ենք դուրս եկել»,- հայտարարեց նա:

Փաշինյանի համոզմամբ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները երկրի ներքին խաղաղությունը վերականգնելու համար են, այս ընտրություններում ժողովուրդը, գնալով ընտրատեղամասեր, առաջին հերթին քվեարկելու է ինքն իր օգտին:

Ըստ նրա՝ նոյեմբերի 9-ի հայտնի փաստաթղթի ստորագրումից հետո շատ ուժեր փորձել են քաղաքացիական պատերազմ հրահրել:

«Երբ Կառավարությանն ասում է, թե մենք կառավարման հմտություններ չունենք, նոյեմբերից մինչև էսօր ամենամեծ ապացույցն է այդ հմտության, երբ մարդիկ ուզում էին քաղաքացիական պատերազմ հրահրել՝ ընդ որում ունենալով ամենատարբեր տեղերից աջակցություն, դա իրենց չի հաջողվում: «Քաղաքացիական պատերազմի» մենք պետք է գնանք հունիսի 20-ին, առնվազն 60% քվե ենք ակնկալում, որ ձեր տված ուժեղ, պողպատյա մանդատով արմատախիլ անենք քաղաքական դաշտից էն ուժերին, որոնք քաղաքացիական պատերազմ են ուզում հրահրել Հայաստանում»,- ասաց նա:

Ելույթի վերջում Փաշինյանը հիշեցրեց, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Փարաքար համայնքը 10 զոհ է ունեցել, այդ թվում՝ հայր և որդի Էդիկ և Արմեն Կարապետյանները, ընթերցեց բոլորի անունները և առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել հայրենիքի հերոսների հիշատակը:

  • Հունիսի 20-ին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 20 կուսակցություն, 4 դաշինք, ընտրություններին մասնակցում են Հայաստանի բոլոր նախկին ու ներկա ղեկավարները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը (ՀՀԿ-ն դաշինք է կազմել «Հայրենիք» կուսակցության հետ) և Նիկոլ Փաշինյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter