
«Հանրապետություն» կուսակցությունը սկսեց քարոզարշավը. «Ուժեղ բանակ ունեցողին հարգում են, նրա հետ ընկերություն են անում, թույլին խղճում են»
«Հանրապետություն» կուսակցությունը 2021թ. հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի առաջին օրը սկսեց Հանրապետության հրապարակից: Հավաքվածները քայլերթով շարժվեցին Հյուսիսային պողոտայի շրջիկ շտաբ, որտեղ էլ կուսակցության առաջնորդները ներկայացրին քարոզչական նորամուծություններն ու մարտավարությունը:
Կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նշեց, որ իրենց նորամուծությունը շրջիկ շտաբն է, որը կարող ենք տեսնել հանրապետության տարբեր բնակավայրերում:
«Հանրապետությունում, որևէ մեկը չի կիրառել: Մենք առաջին անգամ կիրառում ենք շրջիկ շտաբի գաղափարը և համոզված ենք, որ այն լուրջ հաջողություն կբերի»,- ասաց Ա. Սարգսյանը:
Կուսակցությունը որոշել է նաև ավանդական բուկլետների փոխարեն քաղաքացիներին տալ տեղեկատվական թերթիկ: Կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը, ներկայացնելով թերթիկն, ասաց, որ դարձերեսին անձը կարող է թողնել իր պատգամը, ուղերձը, հանձնարարությունը «Հանրապետություն» կուսակցությանը: Շարժական շտաբներում տեղադրված են նաև փոստարկղեր, որի մեջ էլ քաղաքացին գցում է նշագրումով թերթիկը:
Այնուհետև կուսակցության ներկայացուցիչները ներկայացրին այն ծրագրերը, որոնք առաջնային են երկիրը ճգնաժամից դուրս հանելու համար: Կուսակցությունն առաջարկում է օգտագործել երկրի բոլոր հնարավորություններն պետականության սպառնացող վտանգը վերացնելու համար: Մասնավորապես, գիտական պոտենցիալի համար հատկացնել ֆինանսավորում, օգտագործել բնական ռեսուրսները՝ ընդերքը, ջրային ռեսուրսները, այլընտրանքային էներգիայի աղբյուրներ, զարգացնել հանքարդյունաբերությունը, մետալուրգիան: Համոզված են, որ այլընտրանքային էներգետիկ աղբյուրները Հայաստանին հնարավորություն կտան մատչելի էլեկտրաէներգիա արտադրել, որը նաև անվտանգ կլինի շրջակա միջավայր համար: Այդ էլեկտրաէներգիան օգտավետ կլինի ոչ միայն հասարակությանը, այլև գրավիչ պայման կլինի ներդրողնրերի համար:
Կուսակցությունն առաջարկում է պետության համար շահեկան պայմաններով օտարերկրյա ներդրումներ ներգրավել: Տնտեսությունը պետք է լինի բազմաբևեռ և ներդրողներ պետք է գան Արևմուտքից, Ամերիկայից, Եվրոպայից, Չինաստանից, Իրանից, Հնդկաստանից և այլն: Այդ ներդրումները հնարավորություն կտան ստեղծել նոր աշխատատեղեր: Արդյունքում պետական բյուջեն կավելանա, մարդկանց կյանքըի որակը կբարելավվի, կնվազի արտագաղթը, կավելանա բնակչության թիվը, ինչն էլ կբերի բանակի համալրման:
Բյուջեի ավելացումը կնպաստի նրան, որ ժամկետային ծառայությունը կփոխարինվի պայմանագրայինով և պրոֆեսիոնալ բանակ կձևավորվի: 18 տարեկան տղաները սահման չեն պահի: Իսկ պրոֆեսիոնալ զինվորականի նկատմամբ պետությունը պետք է վերաբերմունք ցույց տա, մարդիկ ձգտեն զինվորական ծառայության, ինչպես եղել է ժամանակներ առաջ: Վերաբերմունքը, ըստ կուսակցության ծրագրի, աշխատավարձերի բարձրացումն է, ծանրակշիռ արտոնությունների տրամադրումը և այլն: Այս ամենն էլ բերելու է կայուն անվտանգության և պետականության պահպանման:
«Մեր առաջարկած ծրագիրը բերում է նրան, որ մեր բնական ռեսուրսներն օգտագործելով՝ կարող ենք մեր բանակը վերազինել այնքան, որ ցանկացած հակառակորդի հարձակման դեպքում, կարող ենք 20-40 հազար մարդու վնաս տալ: Այդ դեպքում հակառակորդը կմտածի՝ մեր վրա հարձակվել, թե ոչ: Դա ամբողջությամբ իրատեսական է, և դրա համար պետք է օգտագործել ողջ բնական ռեսուրսը»,- հավելեց կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Ա. Սարգսյանը նշեց, որ մենք ինքներս պետք է գումար աշխատենք, մեր հույսը պետք է դնենք մեր բանակի վրա, հետո միայն արտաքին քաղաքականության ոլորտում ընտրենք ճիշտ բարեկամներ ու նրանց վրա էլ հույս դնենք: Ըստ Սարգսյանի՝ ուժեղ բանակ ունեցողին հարգում են, նրա հետ ընկերություն են անում, թույլին՝ խղճում են:
Նրա համոզմամբ՝ երկրի առաջընթացի գրավականը գիտության զարգացումն է: Գիտության ոլորտից ստացած գումարները պետք է ուղղվեն երկու նպատակով, առաջինը՝ ռազմարդյունաբերական համալիրի, մյուսը՝ գիտությունն ու կրթությունն ավելի զարգացնելու համար:
Կուսակցության առաջնորդն ասում է, որ պետք է ամբիցիոզ ծրագրեր առաջ քաշել՝ ոչ միայն վերջին շրջանում կորցրածը, այլև «շատ բաներ» հետ բերելու համար:
Մեկնաբանել