HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Այս ընտրությունները Հայաստանի լինել-չլինելու մասին են». Արթուր Վանեցյան

«Այսօր մեկնարկում է Հայաստանի պատմության մեջ երեւի թե ամենատարօրինակ եւ անհասկանալի ընտրությունների քարոզարշավը։ Կործանման եզրին կանգնած Հայաստանը մի կողմից պետք է դիմակայի ներքին եւ արտաքին թշնամիներին, մյուս կողմից` փորձի համատարած քաոսի, հուսալքության մեջ ընտրի Հայաստանի լինել կամ չլինելը։ Խավարի մեջ պայքարում ընտրի լույսը՝ ծնկած վիճակից ոտքի կանգնելու, մեջքն ուղղելու գործիք` անցնելու եւ ապրելու ճանապարհը, միակ ճիշտ ճանապարհը։ Բարդ է, շատ բարդ»,- «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավի մեկնարկին ասաց ԱԱԾ նախկին պետ, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Նրա խոսքով՝ խախտված են ոչ միայն ՀՀ-ի սահմանները, այլեւ մարդկային բարոյականությունը, ինչն անվտանգության տեսանկյունից լրջագույն խնդիր է, քանի որ բարոյականության սահմանախախտին ոչինչ չի խանգարում պատեհ պահի հատել սահմանն ու անցնել թշնամու կողմը։

Ըստ Վանեցյանի՝ ՀՀ-ում կան մարդիկ, որոնք քարոզում են թշնամու թեզերը։

««Պատիվ ունեմ» դաշինքում լավ գիտեն ներքին եւ արտաքին սպառնալիքների չեզոքացման ձեւերը»,- նշեց Վանեցյանը։ Նրա խոսքով՝ նախընտրական քարոզարշավում սպասվում է կեղծիքի, սին խոսքերի, մեծամտության շքահանդես։ «Նրանցից շատերի ուղնուծուծը գիտեմ, գիտեմ նրանց բարոյական, իսկ ավելի ճիշտ է ասել` անբարոյական նկարագիրը»,- նշեց ԱԱԾ նախկին տնօրենը։

«Վստահեք մեզ, որովհետեւ մենք ուժեղ ենք, արդարամիտ եւ խոհեմ։ Վստահեք, եթե ուզում եք ազատել մեր երկիրը չարի լծից եւ վերադարձնել արդարությունն ու արժանապատվությունը։ Վստահեք, եթե հոգնել եք նախկին, ներկա, սեւ-սպիտակ, աջլիկ-ձախլիկ եւ հազար ու մի կործանարար ու կեղծ բաժանումներից»,- նշեց Վանեցյանը։ Նա ուղիղ հարցով դիմեց Նիկոլ Փաշինյանին՝ դու նամուս ունե՞ս, դու պատիվ ունե՞ս.... 

Վանեցյանի խոսքով՝ հունիսի 20-ը նոր փորձություն է Հայաստանի համար. «Այս ընտրությունները սովորական ընտրություններ չեն, այս ընտրությունները Հայաստանի լինել-չլինելու մասին են», - հավելեց «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համարը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter