
Լ. Զուրաբյան. «ՀԱԿ-ի ծրագրի գլխավոր առանձնահատկությունը քաղաքական իրատեսությունն է»
«ՀԱԿ-ի ծրագրի գլխավոր առանձնահատկությունը ծրագրի քաղաքական իրատեսությունն է։ Հաշվի են առնվում և՛ երկրի ռեսուրսները, և՛ միջազգային նորմերը, և՛ երկրի շուրջ ստեղծված իրավիճակը, և քաղաքականությունը կառուցվում է` համաձայն այդ իրավիճակների»,- այս մասին Հայ ազգային կոնգրեսի ծրագրի ներկայացման ժամանակ հայտնեց կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
Ըստ կուսակցության փոխնախագահի՝ 44 օրվա ողբերգական պատերազմը արկածախնդրության հետևանք է. «Հետևանք է, որ Հայաստանը 1998-ին շեղվեց իր ճիշտ ճանապարհից և գնաց բացարձակապես սխալ ճանապարհով: Այն վիճակը, որում այսօր հայտնվել է Հայաստանը, հնարավոր չէ շտկել ստանդարտ ընտրական ծրագրերով: Այն ծրագիրը, որն ուզում ենք ներկայացնել, հատուկ գործողություն է մեր պետության փրկման համար: Սա Հայաստանի նոր ճանապարհն է»:
Զուրաբյանի ելույթից հետո կուսակցության անդամները ներկայացրին ծրագրում տեղ գտած 8 հիմնական ոլորտները։ Անվտանգության ոլորտի ծրագիրը ներկայացրեց ՀԱԿ անդամ, կուսակցության խոսնակ Արման Մուսինյանը։
Այս ոլորտում Մուսինյանն առանձնացրեց երկու հիմնական ուղղություն:
«Առաջինը Հայաստանի էապես վնասված ռազմական համակարգն է, որը պիտի կարողանանք արագ տեմպերով վերականգնել, և Հայաստանի դիվանագիտությունն է, որը, ցավոք, վերջին 23 և հատկապես վերջին 3 տարիներին ժամանակավրեպ է դարձել։ Միայն դիվանագիտության միջոցով կարող ենք ակտիվ խոսակցության մեջ ներգրավվել ինչպես դաշնակից երկրների և կազմակերպությունների, այնպես էլ Հայաստանի շուրջ դերակատարություն ունեցող երկրների հետ»,- ասաց Մուսինյանը:
ՀԱԿ թեկնածուն նշեց, որ նախևառաջ պետք է ստեղծել Ռուսաստանի հետ երկկողմ և ռազմավարական հարաբերություններին և դրանց ներդաշնակեցմանն ուղղված նոր մեխանիզմներ, որոնք թույլ կտան կարճ ժամանակում չեզոքացնել առկա ռեալ սպառնալիքները, և արդեն միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով դնել Հայաստանի ավելի երկարամյա անվտանգության հիմքերը:
«Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դեռ որոշված չլինելը՝ անհրաժեշտ է Ռուսաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ներգրավվել ակտիվ բանակցություններում, այդ թվում նաև՝ Ադրբեջանի հետ, որոնք միտված կլինեն ինչպես այս հարցի վերջնական լուծմանն, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխադարձ վստահության աստիճանական ձեռքբերմանը»,- ասաց նա:
Կուսակցության թեկնածուի խոսքով՝ սա թույլ կտա հնարավոր ապագայում երկու երկրների միջև զինված հակամարտության դադարեցման մասին պայմանագիր կնքել:
ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն էլ ներկայացրեց սահմանադրական ոլորտում բարեփոխումների իրենց ծրագիրը։
Կուսակցությունն առաջարկում է առաջիկա երկու տարում վերադառնալ նախագահական կառավարման համակարգին և անցկացնել Հանրապետության նախագահի ընտրություններ։ Ըստ Մանուկյանի՝ կիսանախագահական համակարգն օպերատիվ է և հարմար է անցումային շրջանի երկրների համար։
«2015 թվականին նախորդ իշխանությունների և Սերժ Սարգսյանի սուբյեկտիվ մոտեցումով՝ իշխանությունը երկարացնելու, հավերժացնելու մոլուցքով, կործանեցին այն կիսանախագահական համակարգը, որով ոչ մի քաղաքական ճգնաժամ չէինք ունեցել: Հանրաքվեն անցավ 500 000 կեղծիքով։ Ժողովուրդն իրականում ոչ ասաց հանրաքվեին: Այժմ էլ այդ համակարգը չի կարողանում լուծել պետության առջև կանգնած մարտահրավերները: Սերժ Սարգսյանի այս որոշումով քաղաքացին զրկվեց պետական կառավարմանը մասնակցելու հնարավորությունից։ ՀԱԿ-ի կարևորագույն կետերից մեկը կիսանախագահական համակարգի անցումն է»,- ասաց կուսակցության փոխնախագահը, ինչից հետո Լևոն Զուրաբյանը ներկայացրեց ծրագրի՝ տեխնոլոգիաներին նվիրված մասը:
ՀԱԿ-ը Հայաստանի ապագան տեսնում է որպես տեխնոլոգիապես առաջատար, էկոլոգիապես մաքուր արտադրությամբ և գյուղատնտեսությամբ, սեփական քաղաքացինեի և այցելուների համար գրավիչ երկիր։
«Կուսակցությունը առաջարկում է առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ բարձր տեխնոլոգիաների բնագավառում իրականացնել ճեղքումային տեխնոլոգիական լուծումների վրա աշխատող ձեռնարկությունների գիտահետազոտական աշխատանքների պետական ֆինանսավորում՝ հատկացնելով այդ նպատակի համար ՀՆԱ-ի 1 տոկոսը։ Առաջարկվում է պետություն-մասնավոր ընկերություն մոդելի հիմքի վրա ստեղծել բարձր տեխնոլոգիաների զարգացմամբ զբաղվող ձեռնարկություններ, որոնք կկենտրոնանան ռազմաարդյունաբերական նպատակների վրա: Պետք է բացել Հայաստանը ֆինանսական տեխնոլոգիաների համար»,- նշեց Զուրաբյանը:
Կուսակցությունն առաջարկում է ստեղծել լիթիումային գերմարտկոցների խոշորածավալ արտադրություն, ինչը հնարավորություն կտա վերափոխել էներգետիկ համակարգը:
Մեկնաբանել