
Կարինե Պետրոսյան. «Դատական իշխանությունը վերահսկելու գայթակղությունը մեծ է, սակայն բացառելու ենք նման դրսեւորումները»
«Հետաքրքիր զուգադիպությամբ, աշխարհի զարգացած երկրների շարքը գլխավորում են ոչ թե նրանք, որոնք ունեն օգտակար հանածոներ, բնական պաշարներ, այլեւ նրանք, որոնք հաջողություն են գրանցել արդարադատության ոլորտում՝ արդար եւ ուժեղ դատական իշխանության շնորհիվ»,- «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավի մեկնարկին նշեց դաշինքի անդամ, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Կարինե Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ ապագա իշխող քաղաքական ուժի կողմից չեն փակվելու դատարանների դռները, եւ չի խոչընդոտվելու արդարադատության իրականացումը, չեն հնչելու սպառնալիքներ դատական իշխանությունը կրողների նկատմամբ, օրինական ակտեր կայացնող դատավորները չեն հետապնդվելու ոչ իշխանահաճո դատական ակտեր կայացնելու համար։ «Դատական իշխանությունը վերահսկելու գայթակղությունը մեծ է, սակայն մենք ունենք քաղաքական կամք եւ բացառելու ենք նման դրսեւորումները», - նշեց Պետրոսյանը։
Ըստ նախկին դատավորի՝ իրատես են եւ գիտեն՝ ինչքան աշխատանք կա անելու կոռուպցիայի կանխարգելման եւ հաղթահարման բնագավառում, եւ որեւէ կոռուպցիոն հանձագործություն անպատիժ չի մնալու, սակայն չի լինելու հաշվեհարդարի տեսքով։ «Յուրաքանչյուր քաղաքացու իրավագիտակցութունը պետք է բարձրացնենք, քաղաքացին պետք է իմանա՝ ինչ իրավունք ունի եւ ինչպես պետք է իրականացնի այդ իրավունքը։ Մի բան հաստատ խոստանում ենք՝ այսուհետ ՀՀ-ում հարցերը լուծվելու են ոչ թե ծանոթի, փողի կամ օդում կախված լուրերի միջոցով, այլ բացառապես օրենքով։ Իմացեք ձեր իրավունքները, դրանց պաշտպանությունը մենք կապահովենք»,- նշեց նախկին դատավորը։
Մեկնաբանել