HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նոր Հայաստանի նոր շունչը». Ազգային-ժողովրդավարական բևեռը սկսեց իր քարոզարշավը

Այսօր՝ հունիսի 7-ին, Ազգային ժողովրդավարական բևեռը սկսեց իր քարոզարշավը։ 

ԶԼՄ-ների և աջակիցների հետ հանդիպման ժամանակ ելույթ ունեցան Գարեգին Չուգասզյանը, կուսակցության թեկնածուների ցուցակը գլխավորող բժիշկ Վահե Գասպարյանը, շարժման անդամ Վահրամ Մարտիրոսյանը և Ժիրայր Սեֆիլյանը։ 

Հայաստանում քաղաքական ճգնաժամը հաղթահարելու ճանապարհային քարտեզը ներկայացրեց Գարեգին Չուգասզյանը։ 

«Բոլորի համար ակնհայտ է, որ մեր պետականությունը և մեր ինքնությունը ճգնաժամի մեջ է, և հարց է առաջանում` մեր պետականությունը և ինքնությունը ապագա ունե՞ն»։ Չուգասզյանի խոսքով՝ կուսակցությունը հավատում է ժողովրդի ապագային, բայց այն տեսնում է այլ կերպ։

Թումանյանի «Չարի վերջը» հեքիաթը մեջբերելով` Չուգասզյանը պնդեց, որ Բևեռը ոչ թե նմանվում է կկվին, որն իր ձագերին գցում է հերթական գիշատիչ աղվեսի սպառնալիքներին, այլ իմաստուն ագռավին, որը բերում է չարի վերջը։ «Չարի վերջը բերող ագռավի պատմությունը ինչպե՞ս հասկանալ այսօր։ Ես կարծում եմ՝ դա մեզ ուղղված՝ Արևմուտքի ձեռքը բռնելու մեջ է»։

Չուգասզյանի պնդմամբ՝ այսօր տարածաշրջանում ձևավորվում է նոր անվտանգային և տնտեսական ճարտարապետություն։ Հայաստանը պետք է գիտակցի իր շահը և Հնդկական օվկիանոսից Սև ծով ձգվող նոր տրանսպորտային և ենթակառուցվածքային միջանցքի վրա գրավի իր տեղը։ Սա հնարավորություն կտա Հայաստանին ստանալ անվտանգություն, բազմամիլիոնանոց ներդրումներ և արդյունաբերական հեղափոխության համար տեխնոլոգիաներ։ 

Բևեռն ամիսներ առաջ հայտարարել է քաղաքական Սարդարապատ, որն ազգային ազատագրական շարժում է։ Այս շարժումը նպատակ ունի կոտրելու Հայաստանում 33 տարի գոյություն ունեցող գաղութային քրեաօլիգարխիկ համակարգը և ամրապնդելու Հայաստանի ինքնիշխանությունը։ 

«33 տարի շարունակ մենք փոխում էինք անձանց, ղեկավարներին, բայց թողնում էինք համակարգը՝ այն համակարգը, որը ծառայում էր Կրեմլին, երկրի թալանին՝ տնտեսության թալանին, բանակի թալանին, և այսօր կանգնած ենք խորը ճգնաժամի առջև»,-իր ելույթում նշեց Վահե Գասպարյանը։ 

Ժամանակավոր կառավարություն ձևավորելուց հետո Բևեռը խոսք է տալիս իրավաքաղաքական գնահատական տալ նախկին բոլոր ռեժիմներին, իրականացնել անցումային արդարադատություն, որը ենթադրում է նաև լյուստրացիա, նոր Սահմանադրության ընդունում, նոր Ընտրական օրենսգրքի և «Կուսակցությունների մասին» օրենքի ընդունում։ Այս ամենն իրականացնելուց հետո Բևեռը տեսնում է նոր խորհրդարանական ընտրությունների անցկացում։ 

Արցախի հարցում Բևեռի դիրքորոշումը անփոփոխ է՝ Արցախի միացում Հայաստանի Հանրապետությանը։ 

Վահրամ Մարտիրոսյանի խոսքով՝ Բևեռի տնտեսական ծրագիրը «կարելի է կոչել նոր Հայաստանի նոր շունչը»։

Բևեռի պնդմամբ, տնտեսության զարգացման հարցում վերջին 33 տարվա ընթացքում եղել են երկու հիմնական հայեցակարգային մոտեցումներ։ Առաջին՝ «յոլա գնալ մինչև վերջ, կառուցել խրճիթներ և յոլա գնալ» և երկրորդ՝ «ամեն ինչին մոտենալ հատվածային՝ հատվածային զարգացնել տնտեսությունը, ռազմարդյունաբերությունը, գիտությունը, կրթությունը, առողջապահությունը» և այլն։ 

Բևեռը տնտեսությանը վերաբերվելու է ինչպես ճարտարապետությանը՝ առանց ճարտարապետության հնարավոր է կառուցել խրճիթ, միգուցե բնակարան, բայց ոչ` կառավարել տնտեսական համակարգը։

Վահե Մարտիրոսյանի պնդմամբ, Բևեռի տնտեսական ծրագիրը բերում է այդ ճարտարապետությունը՝ բոլոր ոլորտներում ինտեգրված լուծումներ։ 

Բևեռի առաջարկած տնտեսական լուծումներին և այլ դրույթներին մանրամասն կարող եք ծանոթանալ կուսակցության հրապարակած ընտրական ծրագրում՝ այստեղ։ 

Ելույթներից հետո կուսակցությունը սկսեց դրամահավաքը։ 

Լուսանկարը՝ Բևեռի ֆեյսբուքյան էջից։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter