Փաշինյանն Արմավիրում ներկայացրեց հետընտրական ճանապարհային քարտեզը
Արմավիրի մարզի մարզկենտրոն Արմավիր քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հանրահավաք էր հրավիրել: Հիշեցնենք, որ այսօրվանից պաշտոնապես մեկնարկել է նախընտրական քարոզարշավը:
ԱԺ փոխխոսնակ, ՔՊ վարչության անդամ Ալեն Սիմոնյանն իր ելույթում ընդգծեց` Արմավիրն իր համար շատ հարազատ քաղաք է, քանի որ այստեղ է անցկացրել իր ժամկետային զինծառայությունը: Սիմոնյանի խոսքով` 2000 թվականին, երբ պաշտպանության նախարար էր Սերժ Սարգսյանը, նախագահ` Ռոբերտ Քոչարյանը, և ինքը սովորական զինվոր էր, իրենց զորամասում ջրի ու ուտելիքի խնդիր կար:
«Դուք լավ գիտեք, որ զինվորներին բերում էին քաղաք, որ լողանան: Իրենք ծաղրելով ասում են` մեր ժամանակ կլուբնիկ չէին ուտում զինվորները, մենք հաց ու ջրի խնդիր ունեինք»,-ասաց Սիմոնյանը:
Ըստ նրա` նախկին իշխանություններն այս ընտրություններին մասնակցում են վախից դրդված:
«Իրենք վախենում են էն դատական գործերից, որն իրենց սպասում է, թող ոչ մեկ չմտածի, որ մաքուր է դուրս եկել ինչ-որ գործից, սկսած Մարտի 1-ի գործից, իրենց համար ամենավախենալուն այն է, որ իրենց համար հունիսի 20-ը դատի օր է, ու դուք գնալու եք ու դատեք իրենց»,-ասաց նա:
Խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ընդգծեց` արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ են ներքին համերաշխության վերականգնման համար: Դիմելով հանրահավաքի մասնակիցներին` Մակունցն ասաց` որքան էլ քաղաքական ճնշումներ եղան, միևնույն է՝ իրենք ժողովրդի իշխանությունը չհանձնեցին որևէ մեկին, որովհետև դրա իրավունքը չունեին: Ըստ խորհրդարանական մեծամասնության պատգամավորի` 2018 թվականից հետո իշպանանություն ձևավորելու միակ սուբյեկտը քաղաքացին է: Մակունցը կոչ արեց քաղաքացիներին իշխանություն ձևավորելու իրենց իրավունքը որևէ մեկին չզիջել:
Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն էլ ներկայացրեց առաջիկա ծրագրերի ճանապարհային քարտեզը։ Ըստ նրա՝ առաջին հերթին պետք է հաղթահարվի ներքաղաքական ճգնաժամը` արձանագրելով քաղաքացու անբեկանելի կամքը: Փաշինյանն ընդգծեց` իրենց խնդիրն ուղղակի հաղթելը չէ, այլ ներքաղաքական բախումներ ցանկացող ուժերին ընտրությունների արդյունքներով «հանգիստ իրենց տեղերում վեր ընկնել պարտադրելը»:
«Ընտրությունների արդյունքներով պետք է փակենք ռոբասերժական քյաբաբանոցը, որն արդեն մի քանի ամիս գործում է Բաղրամայն պողոտայում»,-ասաց նա:
Հաջորդ հարցը սահմանների անձեռնմխելիության ապահովումն է։ Ըստ Փաշինյանի` կան ուժեր, որոնք այս ընթացքում փորձել են Հայաստանը ներքաշել նոր պատերազմի մեջ: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց` ինչպես բազմիցս է ասել, կառավարության դիրքորոշումն է, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի սահմաններից, և միջազգային մանդատի ներքո պետք է իրականացվի սահմանների ճշգրտում: Գերիների վերադարձի վերաբերյալ, ըստ Փաշինյանի, միջազգային հանրության դիրքորոշումն աներկբա է, նրանք պետք է անհապաղ վերադարձվեն: Ըստ նրա` այս հարցն այդքան ձգձգվեց, քանի որ Հայաստանի ներսում ու դրսում հույս ունեին բախումներ հրահրել այս թեմայով:
Մյուս առաջնահերությունն, ըստ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի, գրագետ, պրոֆեսիոնալ բանակի ձևավորումն է, ինչի գրավականը համարեց տնտեսության վերականգնումը: Փաշինյանը հայտնեց, որ պարտավորվել են դպրոցների ու մանկապարտեզների լայնամասշտաբ շինարարություն սկսել, որպեսզի մինչև 2023 թվական որևէ երեխա չզրկվի կրթություն ստանալու իր իրավունքից: Ըստ նրա` սպասվում է 300 դպրոցի ու մանկապարեեզի շինարարություն: ՔՊ-ն նաև շուրջ մեկ տասնյակ ջրամբարների շինարարարության մտադրություն ունի:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել