HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ռուստամ Բադասյանը դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ նոր կարգապահական վարույթ է հարուցել՝ իր միջնորդությունները մերժելուց հետո

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ երկրորդ կարգապահական վարույթն է հարուցվել։ Այս մասին տեղեկությունը «Հետք»-ի հետ զրույցում հաստատեց դատավոր Հովհաննիսյանը։ Վերջինիս խոսքով՝ վարույթը հարուցել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Հարուցման պատճառն այն է, որ արդարադատության նախարարը երկու միջնորդություն է ներկայացրել դատարան՝ կապված քաղաքացուն Վրաստանին հանձնելու թույլտվության և հանձնման նպատակով կալանավորելու թույլտվության վերաբերյալ, որոնք մակագրվել են իրեն, և, քննելով միջնորդությունները, Հովհաննիսյանը դրանք մերժել է։

Հովհաննիսյանը նշեց, որ իր կայացրած երկու դատական ակտերը բողոքարկվել են դատարան, և, որքանով ինքը տեղյակ է, քաղաքացու կալանավորման հարցի վերաբերյալ բողոքը չի քննվել, իսկ երկրորդ միջնորդությունը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին, ու վերջինս բեկանել է իր կայացրած դատական ակտը՝ հանձնման թույլտվությունը չտալու վերաբերյալ։

«Չեմ ուզում խոսել վարույթի հարուցման հիմնավորվածության մասին։ Միայն մի բան եմ ուզում հարցնել։ Հարցս կուղղեմ իրավագիտության ֆակուլտետի, օրինակ, երկրորդ կուրսի ուսանողներին, որոնք արդեն ունենում են նվազագույն իրավաբանական գիտելիքներ։ Արդյոք իրենք հարուցված վարույթում խնդիր չե՞ն տեսնում այն պարագայում, երբ այդ վարույթը հարուցել է այն մարմինը, ում միջնորդությունը մերժվել է, և վարույթն էլ հարուցվել է միջնորդությունը մերժելու կապակցությամբ։ Ես այստեղ մեծ խնդիր եմ տեսնում։ Թեև օրենքն ուղիղ արգելք չունի՝ հարուցման հետ կապված, բայց ո՞ւր մնաց անկողմնակալ դիտորդի մոտ կասկածներ առաջացնելը, ինքնաբացարկի ինստիտուտը, կողմ լինելը»,- ասաց Արման Հովհաննիսյանը և, ի պատասխան մեր հարցի, ասաց, որ ինքն ունի մտավախություն, որ այս ամենը արդարադատության իրականացմանը ենթադրյալ միջամտություն է, քանի որ ստացվում է՝ եթե ներկայացնում են միջնորդություն, որը չի բավարարվում, ուրեմն հարուցվում է կարգապահական վարույթ։ Դատավորը նշեց, որ իրեն այժմ օրենքով սահմանված ժամկետ է տրված՝ վարույթի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու համար, ինչը դեռևս չի արել, հստակ որոշում չունի՝ պարզաբանումներ ներկայացնելու կամ չներկայացնելու վերաբերյալ։

Հովհաննիսյանը Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ձևավորված էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ է։ Նա հարց է տալիս՝ կարո՞ղ է լինել իրավիճակ, երբ վերադաս ատյանն իր դատական ակտը բեկանի, և ինքը  հանձնաժողովում զեկուցագիր գրի այն մասին, որ տվյալ դատավորի կայացրած տվյալ դատական ակտում առերևույթ առկա է կարգապահական խախտում, ապա հարցը դրվի քննարկման, և ինքը մասնակցի քվեարկությանը։ Հովհաննիսյանը նկատում է՝ տվյալ դեպքում գոնե ինքը հանձնաժողովում ընդամենը մեկ ձայնի իրավունք կունենա, իսկ իր վերաբերյալ կարգապահական վարույթը Ռուստամ Բադասյանը հարուցել է միանձնյա որոշմամբ, ինչը, դատավորի պնդմամբ, խնդրահարույց է։

Դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված է ևս մեկ կարգապահական վարույթ, որը ևս կապված է իր կայացրած դատական ակտի հետ։ Հովհաննիսյանն այս վարույթի շրջանակներոււմ դիրքորոշում ներկայացրել է, որը, նրա գնահատմամբ պարզաբանում չէ։

«Ես ոչ թե չեմ ուզում պարզաբանել, այլ չգիտեմ՝ ինչ պարզաբանել։ Ստացվում է, որ իմ կայացրած դատական ակտը պետք է նորից մեկնաբանեմ, պատճառաբանեմ, ինչը ես դատական ակտով պատճառաբանել եմ»,- ասաց Արման Հովհաննիսյանը։

Դատավորը փաստում է, որ վերջերս պրակտիկայում շատ են դեպքերը, երբ դատավորին փորձում են կարգապահական պատասխանատվության ենթարկել Սահմանադրությամբ իրեն  տրված լիազորություններն իրականացնելու համար։

«Դատավորին փորձում են կարգապահական պատասխանատվության ենթարկել այն բանի համար, որ արդարադատություն է իրականացրել  բայց դատավորն ինչքանով է ճիշտ կամ սխալ, վերադաս ատյանը կգնահատի։ Ես ընդունելի չեմ համարում դատարանին ինչ-որ հանգամանքներ գնահատելու, վերլուծելու, մեկնաբանելու համար կարգապահական պատասխանատվության ենթարկելը»,- ասաց Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմք է դատավարական կամ նյութական նորմի դիտավորյալ, կոպիտ խախտումը, բայց կայացրած որոշման համար պատասխանատվությունն ուղիղ միջամտությունն է դատավորի գործունեությանը։

Լուսանկարում՝ դատավոր Արման Հովհաննիսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter