HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատավորներն ու փաստաբանները ներկա էին Վարդան Գրիգորյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությանը

«Քննարկել եմ անձին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն և գտել, որ ներկայացված նյութերի ծավալը բավարար չէ՝ արձանագրելու համար, որ վերջինս առնչություն ունի իրեն մեղսագրված արարքին»,- իր վերաբերյալ կարգապահական վարույթի առթիվ Բարձրագույն դատական խորհրդում նշանակված նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց դատավոր Վարդան Գրիգորյանը։ Թե ինչ քրեական գործի, կոնկրետ ինչ մեղադրյալի կալանավորելու վերաբերյալ միջնորդությունն է մերժել, դատավորը չի հայտնում։ Մեզ հետ զրույցում պատճառաբանեց, որ գործը դեռևս նախաքննության փուլում է, հետևաբար ինքը չի ցանկանում  մանրամասներ հայտնել։

Փաստացի, կարգապահական վարույթը հարուցել է դատավորի կայացրած դատական ակտի առիթով։ Վարդան Գրիգորյանը սա համարում է իր՝ որպես դատավորի գործունեության նկատմամբ միջամտություն։ Մեր հարցին՝ կարգապահական վարույթը միջամտությո՞ւն է նաև դատավորի անկախության նկատմամբ, Գրիգորյանն ասաց՝ այդ հարցին վերապահումով է մոտենում, քանի որ անկախ այս կարգապահական վարույթի առկայությունում, անկախ նրանից՝  հետագայում այլ վարույթներ ևս կլինեն, թե ոչ, ինքն աշխատելու է այնպես, ինչպես միշտ է աշխատել։

Դատավոր Վարդան Գրիգորյանի կայացրած դատական ակտը, որով անձի կալանավորման միջնորդությունը մերժվել է՝ հիմնավոր կասկածի բացակայությամբ, Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է, գտել, որ ներկայացված նյութերի ծավալը բավարար է եղել՝ անձին կալանավորելու համար, գործն ուղարկվել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության, և առաջին ատյանի դատարանի մեկ այլ դատավոր կրկին մերժել է կալանավորման միջնորդությունը՝ այս անգամ ոչ թե արարքում հիմնավոր կասկածի, այլ կալանավորման հիմքի բացակայության հիմնավորմամբ։ Կրկին վերաքննիչ բողոք է ներկայացվել դատարան, որը  բավարարվել է, ու անձը կալանավորվել է։ Սա արդեն այն բանից հետո, երբ Վարդան Գրիգորյանի նկատմամբ արդեն կարգապահական վարույթ է հարուցված եղել։

Վարդան Գրիգորյանը դատավոր է նշանակվել 2014 թվականին, շուրջ 4 տարի աշխատել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, ապա՝ տեղափոխվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան։ Ասում է՝ նմանատիպ բազմաթիվ որոշումներ է կայացրել՝ նույնատիպ պատճառաբանություններով։

«Պատճառաբանություների ինչ-որ ոճ կա, յուրաքանչյուր դատավոր իր ոճով է պատճառաբանում կայացրած դատական ակտերը։ Նման ոճի պատճառաբանական դատական ակտեր շատ-շատ եմ կայացրել, երբևէ նման իրավիճակի չեմ հանդիպել, որ փորձեն կայացրած դատական ակտի համար դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարց բարձրացնել»,- ասաց Վարդան Գրիգորյանը։

Փաստաբաններն ու դատավորները ներկա էին նիստին

Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով երեկ՝ հունիսի 7-ին նշանակված նիստին ներկա գտնվելու համար ԲԴԽ էին եկել մեծ թվով փաստաբաններ ու Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի դատավորներ Դավիթ Հարությունյանը, Արման Հովհաննիսյանը, Վահե Միսակյանը, Հարություն Մանուկյանը։ Վարդան Գրիգորյանը Նոր Նորքի նստավայրում է աշխատում։ Նիստը, սակայն, րոպեներ տևեց։

«Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի» համաձայն՝ այն դեպքում, երբ կարգապահական վարույթի նյութերը Բարձրագույն դատական խորհուրդ ուղարկելուց հետո վարույթ հարուցած մարմնին հայտնի են դարձել հանգամանքներ, որոնք բարելավում են դատավորի վիճակը կամ բացառում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելը, վարույթ հարուցած մարմինը պարտավոր է այդ մասին հայտնել Բարձրագույն դատական խորհրդին: Նիստը նախագահող Գագիկ Ջհանգիրյանը հարցրեց՝  արդյոք Արդարադատության նախարարությանը հայտնի՞ են նման հանգամանքներ։ Արդարադատության  նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանի ներկայացուցիչ Դավիթ Գասպարյանն ասաց, որ հունիսի 7-ին Բարձրագույն դատական խորհուրդը քննել և հրապարակել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի գործով որոշում, որի միայն եզրափակիչ մասն է հայտնի։ Նշենք, որ Աբգարյանի վերաբերյալ կարգապահական վարույթի առիթը ևս մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում կայացված որոշումն է եղել։ Գասպարյանը նշեց, որ որոշման պատճառաբանական մասում կարող է լինել Բարձրագույն դատական խորհրդի կողմից հայտնված այնպիսի դիրքորոշում, որով, գուցե կպայմանավորեն այս գործով իրենց դիրքորոշումը, և միջնորդեց հետաձգել դատական նիստը: Միջնորդությունը բավարարվեց, հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 21-ին։ Դատավոր Վարդան Գրիգորյանն ասաց, որ այդ օրը Երևանի ընդհանուր իրավասության  դատարանի Նոր Նորքի նստավայրը հերթապահության է, գուցե ինքը միջնորդի՝ ծանրաբեռնվածությամբ պայմանավորված, հետաձգել դատական նիստը։

«Ոչինչ, մենք  նախագահին կխնդրենք՝ այլ դատարանի ևս հերթապահության գրաֆիկի մեջ ընդգրկի»,- ասաց Ջհանգիրյանն ու փակեց նիստը։

Միքայել Շխիմյան. «Սա ուղղակի միջամտություն է՝ դատավորի գործունեությանը»

Նիստից հետո «Հետք»-ի հետ զրույցում դատավոր Գրիգորյանի ներկայացուցիչներից Միքայել Շխիմյանը դիրքորոշում հայտնեց, որ Վարդան Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթը դատավորի գործունեության նկատմամբ ուղղակի միջամտություն է։

«Տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան արատավոր պրակտիկայի ձևավորում, ուղղակի միջամտություն՝ դատավորի գործունեությանը, ինչո՞ւ ոչ՝ քողարկված ազդակ մյուս դատավորների համար: Ի՞նչ է նշանակում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելը արդարադատություն իրականացնելու համար, մասնավորապես՝ պատճառաբանված դատական ակտ կայացնելու համար: Հակառակի՝ չպատճառաբանված դատական ակտ կայացնելու մասին հայտնի են բազմաթիվ դեպքեր, սակայն նման դեպք առնվազն ինձ հայտնի չէր: Բացի դա, փաստաբան Շխիմյանի համար անընդունելի է կարգապահական պատասխանատվության ենթարկելը՝ դեռևս չավարտված, նախաքննության փուլում գտնվող գործով։

«Իսկ եթե ստեղծվի մի իրավիճակ, որ, օրինակ, գործով մեղադրյալը հետագայում ճանաչվի անպարտ առաջադրված մեղադրանքներում և արդարացվի, ապա ստացվում է, որ պետք է նույն հաջողությամբ ակնկալենք նաև նախարարի կամ վարույթը նախաձեռնած մյուս մասնակիցների գրավոր ներողությունները, կարծում ենք՝ հենց նման խնդիրներից խուսափելու նպատակով էլ օրենքի հին կարգավորումներով, վարույթը դատավորի նկատմամբ հարուցվում էր գործի քննությունը ավարտվելուց հետո, ոչ թե գործի քննության ընթացքում... և ի վերջո, կատարվածի արդյունքում, ո՞ւմ շահերն են խախտվել, քննիչի, դատախազի թե՞ մի գուցե Ձեր, պարո՛ն նախարար»,-հռետորական հարց բարձրացրեց Շխիմյանը։

Դավիթ Հարությունյան․ «Մենք հումորով ասում ենք՝ խախվել է քննիչի՝ վարույթում քննվող գործով կալանավոր ունենալու իրավունքը»

Մեր հարցին՝ ինչո՞ւ է դատավոր Դավիթ Հարությունյանը որոշել ներկա գտնվել կարգապահական գործի քննությանը, վերջինս պատասխանեց, թե հետաքրքիր է իրավունքի նոր տենդենցներին ականջալուր լինելը։ Դատավորն ասում  է՝ իր համար  առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում այս կարգապահական  վարույթը, քանի որ խոսքը դատավորի կողմից անձին կալանավորելու միջնորդությունը մերժելուն է վերաբերում։ Հարությունյանի համար թերևս ինչ-որ չափով հասկանալի է կարգապահական վարույթի հարուցումը՝ անձին անհիմն կալանավորելու դեպքում, բայց թե ինչպե՞ս կարելի է վարույթ հարուցել, ի՞նչ իրավունքի խախտում կարելի է դիտարկել այն դեպքում,  երբ  որևէ անձի կալանավորման վերաբերյալ որոշում չի կայացվել, դատավորի համար անհասկանալի է, քանի որ թե՛ Հայաստանի, թե՛  միջազգային պրակտիկայում հանգամանքի չի հանդիպել,  երբ որևէ դատավորի գործողություններում արձանագրվի իրավունքի կամ կարգապահական խախտում՝՝ անձի կալանավորման վերաբերյալ միջնորդությունը մերժելու դեպքում։

 «Մենք հումորով նշում էին, որ հավանաբար խախտվել է քննիչի՝ իր վարույթում գտնվող գործով կալանավոր ունենալու իրավունքը։ Ուղղակի  դժվար է հասկանալ, պատկերացնել, թե ի՞նչ իրավունքի խախտման մասին կարող է խոսք լինել, երբ մերժվում է կալանավորման վերաբերյալ  որևէ միջնորդություն։ Այս  հարցն այս տեսանկյունից դիտարկելու արդյունքում ուղղակի  պետք է արձանագրել, որ սա ոչ այլ ինչ է, քան դատական իշխանության, դատավորի անկախությանը միջամտություն․այլ կարծիք հնարավոր չէ կազմել՝ զուտ փաստական հանգամաքներից ելնելով»,- ասաց Դավիթ Հարությունյանը։

 Մեր հարցին՝ դատավորների նկատմամբ իրենց կողմից կայացված դատական ակտերի հիմքով կարգապահական վարույթներ հարուցելն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ դատավորների  նկատմամբ, Հարությունյանը նշեց, որ այդ հարցին պատասխանել չի կարող, բայց ինքն ու իր այն գործընկերները, որոնք հետ կապ ունի, որոնք վերաբերմունքն իրեն հայտնի է, հումորով են վերաբերում նման կարգապահական վարույթներին։

«Ավելին ասեմ․ ասում ենք՝ ամոթ է, եթե քո վերաբերյալ  կարգապահական վարույթ չկա այն դեպքում, երբ մերժել ես որևէ քննիչի  կամ դատախազի միջնորդություն։ Այսինքն՝ մոտեցումը նրան է գնում, որ դատավորներն  ամաչում են, համենայնդեպես ես ու իմ մի քանի գործընկերները, որ մեր վերաբերյալ կարգապահական վարույթ չկա»․- կես կատակ-կես լուրջ ասաց Դավիթ Հարությունյանը։

Դատավորը նշեց, որ միջազգային պրակտիկայում, ՄԻԵԴ որոշումներով իրավունքի խախտումների բազմաթիվ դեպքերի կարելի է հանդիպել, որոնք վերաբերում են անձանց չպատճառաբանված դատական ակտերով կալանավորվելուն, բայց երբևէ չի հանդիպել որևէ դատական ակտի, երբ  արձանագրված լինի իրավունքի խախտում ՝ անձին չկալանավորելու կամ դատական ակտի՝ գերպատճառաբանված լինելու հիմքով։

Դատավորն արդարության համար նշում է, որ երբ Հայաստանի պրակտիկայում դատավորները, կարծես ավելի շատ պատճառաբանում են չկալանավորելու որոշումները՝ չնայած դրանք լրացուցիչ շատ լուրջ պատճառաբանելու անհրաժեշտություն չկա։

«Պատճառաբանելու անհրաժեշտություն է լինում, երբ  կայացվում է կալանավորելու մասին որոշում, իսկ  կալանավորման միջնորդությունները մերժելու որոշումները պատճառաբանելու անհրաժեշտությունը նորմալ պայմաններում պետք է բացակայի, բայց մեր պրակտիկայում խուսակցություններից խուսափելու համար դատավորներն ավելի շատ պատճառաբանում են կալանավորման միջնորդությունները մերժելու մասին որոշումները, բայց թե  ո՞ւմ իրավունքն է խախտում, երբ դատավորը մատնանշում է քննիչի սխալները, թերությունները, ինձ համար անհասկանալի է, այս կարգապահական վարույթին  մասնակցելու նպատակներից մեկն էլ  այն է, որ փորձենք  հասկանալ՝  այդ ի՞նչ նոր մոտեցումներ են, քաղաքականությունը դեպի  ո՞ւր է գնում»,- ասաց Դավիթ Հարությունյանը։ Դատավորի համար  նաև անհասկանալի է Արդարադատության նախարարության դիրքորոշումը, երբ, փաստացի, չհրապարակվեց կարգապահական  խախտման բնույթը և Վարդան Գրիգորյանի վերաբերյալ նիստը հետաձգվեց այդ պատճառաբանությամբ։ Ըստ Հարությունյանի՝ տվյալ դեպքում, փաստացի կարող ենք արձանագրել, որ գործ ունեինք մեղադրանքից պասիվ հրաժարման  երևույթի հետ։

«Ես համոզված եմ, որ քրեական դատավարության մասնագետներն էլ այս հարցի հետ համակարծիք կլինեն, և, խախտում, բնականաբար, չի արձանագրվի»,- ասաց Հարությունյանը։

Արման Հովհաննիսյան․«Դատավորին փորձում են կարգապահական պատասխանատվության ենթարկել՝ արդարադատություն իրականացնելու համար»

Դատավոր Արման Հովհաննիսյանը դիտարկում է, որ վերջին ժամանակաշրջանում պրակտիկայում շատ են դեպքերը,  երբ դատավորին փորձում են կարգապահական պատասխանատվության ենթարկել՝  Սահմանադրությամբ իրեն  տրված լիազորություններն իրականացնելու համար։

«Դատավորին փորձում են կարգապահական պատասխանատվության ենթարկել այն բանի համար, որ  արդարադատություն է իրականացնում,  բայց դատավորն ինչքանով է ճիշտ կամ սխալ, վերադաս ատյանը կգնահատի։ Ես ընդունելի չեմ համարում դատավորին ինչ-որ հանգամանքներ գնահատելու, վերլուծելու, մեկնաբանելու համար  կարգապահական պատասխանատվության ենթարկելը»,- ասաց Արման Հովհաննիսյանը։ Դատավորը հիշեցնում է, որ կարգապահական վարույթ հարուցելու հիմք է դատավարական կամ նյութական նորմի դիտավոր, կոպիտ խախտումը, բայց կայացրած որոշման համար պատասխանատվությունը ուղիղ միջամտություն է դատավորի գործունեությանը։ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հենց այս խնդրի պատճառով է որոշել ներկա գտնվել Վարդան Գրիգորյանի նկատմամբ կարգապահական  վարույթի քննությանը, քանի որ գործընկերն ընդամենը քննել է կալանավորման վերաբերյալ միջնորդություն ու դրա վերաբերյալ որոշում կայացրել։

«Վարդան Գրիգորյանը կալանավորման վերաբերյալ միջնորդությունը չի բավարարել, և դրա համար հարուցվել է կարգապահական վարույթ։ Ես չգիտեմ որևէ հանգամանք այն մասին, որ նա թույլ է տվել դիտավորյալ, կոպիտ խախտում, որի համար կարգապահական վարույթ է հարուցել։ Վարդան Գրիգորյանին իր մեկնաբանության համար են փորձում ենթարկել կարգապահական պատասխանատվության»,- ասաց Արման Հովհաննիսյանը։

Նշենք, որ դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ ևս կայացրած դատական ակտերի համար կարգապահական վարույթներ են հարուցել։ Դրանցից մեկի հիմքում դրված է այն հանգամանքը, որ դատավորը գերպատճառաբանված դատական ակտ է կայացրել։ Երկրորդ վարույթը նոր է հարուցել։  Դատավորն ասում է,  Արդարադատության նախարարը երկու միջնորդություն է ներկայացրել դատարան՝ կապված քաղաքացուն Վրաստանին հանձնելու թույլտվության և հանձնման նպատակով կալանավորելու թույլտվության վերաբերյալ, որոնք մակագրվել են  իրեն, և, քննելով միջնորդությունները, Հովհաննիսյանը դրանք մերժել է, որից հետո նրա նկատմամբ հարուցվել է  կարգապահական վարույթը։

Արմինե Ֆանյան․ «Յուրաքանչյուրիս պարտքն է՝ լինել դատարանի կողքին»

Կարգապահական գործի քննությանը  ներկա փաստաբաններից մեկը Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմինե Ֆանյանն էր։ Մեր հարցին՝ ինչո՞ւ է տիկին Ֆանյանը որոշել ներկա գտնվել նիստին, վերջինս պատասխանեց՝ հանուն  անկախ դատական համակարգի։

Ֆանյանի խոսքով՝ վերջերս իշխանությունների կողմից դրսևորված վարքագիծն ակնհայտորեն վկայում է այն մասին, որ կան դատավորներ, որոնց նկատմամբ կոնկրետ հետապնդումներ են իրականացվում, ըստ որում՝ այդ դատավորները պրոֆեսիոնալ, իրենց կոչմանը հավատարիմ ու չկոռումպացված անձինք են։

«Ուստի գտնում են, որ նման իրավիճակներում յուրաքանչյուրիս պարտքն է լինել դատարանի կողքին․ ես սա իբրև միասնական կառույց եմ գնահատում։ Ինչ վերաբերում է պարոն Գրիգորյանի՝ որպես դատավորի կերպարին, նման դատավորները մեր պետությանը պետք են, և իրենք միշտ պետք է երաշխիք ունենան՝ անկախ գործելու»,- ասաց Ֆանյանը՝ անթույլատրելի համարելով երևույթը, երբ դատավորը հետապնդման է ենթարկվում իր կայացրած որոշման համար։

Ըստ Ֆանյանի՝ այս երևույթը դատարանի անկախության նկատմամբ ամենամեծ ոտնձգությունն է, որը կարող է հանգեցնել նրան, որ դատարանը կաշկանդված լինի որոշում կայացնելիս և մտածի, որ այն ստուգվելու է ոչ միայն վերաքննիչ և վճռաբեկ ատյանների կողմից,  այլ, հնարավոր է, իր որոշման համար ենթարկվի հետապնդումների։

Ֆանյանի դիտարկմամբ՝ Հայաստանում կան դատավորներ, որոնք հավատարիմ չեն դատավորի կոչմանը, բայց  նրանց նկատմամբ որևէ կարգապահական վարույթ չի հարուցվում։

«Այսօր տեղի ունեցող գործընթացներում դատական համակարգը դեռևս դիմադրում է, և դա մեզ հույս է տալիս, որ դեռևս ամեն ինչ չէ, որ կորած է»,-ասաց Ֆանյանը։ Հարցին՝ մտավախություն չունի՞, որ դատական համակարգն, այնուամենայնիվ, չի դիմադրի, Ֆանյանն ասաց, որ նման մտավախություն չունի, քանի որ դատական համակարգն այնպիսի կադրերով է համալրված, որոնք անկաշկանդ են, անխոցելի՝ իրենց մասնագիտական գործունեության մեջ։

Ի դեպ գործի քննությանը ներկա էր նաև Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Վերջինս նիստի ավարտից հետո դուրս եկավ Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքից, ապա րոպեներ անց, նրան սպասարկող մեքենան նորից կայանեց Բարձրագույն դատական  խորհրդի բակում, Բադասյանը մտավ ԲԴԽ-ի վարչական շենք, և տևական ժամանակ դուրս չեկավ։ Մեզ չհաջողվեց նրանից պարզաբանում ստանալ, թե ինչո՞ւ է նիստի ավարտից հետո վերադարձել ԲԴԽ։

Ավելի ուշ Արդարադատության նախարարությունը պարզաբանել է, թե քննարկվել են դատարանների շենքային պայմանների, հաստիքացուցակների վերաբերյալ հարցեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter