ԸԸՀ-ն մերժեց Վլադիմիր Կարապետյանի բողոքն ընդդեմ Սամվել Ֆարմանյանի
Ս. Թ. ապրիլի 17-ին թիվ 2 ԸԸՀ-ում տեղի ունեցավ հանձնաժողովի նիստ, որտեղ լսվեց նույն ընտրատարածքում ՀԱԿ-ի կողմից առաջադրված պատգամավորության մեծամասնական թեկնածու Վլադիմիր Կարապետյանի լիազոր ներկայացուցչի բողոքն ընդդեմ ՀՀԿ-ի կողմից առաջադրված Սամվել Ֆարմանյանի:
Ապրիլի 14-ին Վ. Կարապետյանի լիազոր ներկայացուցիչ Պ. Հովակիմյանը դիմել էր թիվ 2 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով՝ նշելով, որ թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ՀՀԿ կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Սամվել Ֆարմանյանը խախտել է ՀՀ Ընտրական օրեսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը: Համաձայն դիմումի, մասնավորապես 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ զանգվածների և Ջրվեժ թաղամասի բազմաբնակարան շենքերի պատերին փակցված են Սամվել Ֆարմանյանի երեք տասնյակից ավելի քարոզչական պաստառները: Դիմումում նաև նշված էր, որ ըստ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 9-րդ կետի՝ ընդհանուր բաժնային սեփականության կառավարման հարցերով որոշումներն ընդունվում են շինության սեփականատերերի ձայների առնվազն երկու երրորդով, ինչն, այս դեպքում, բացակայում է:
Կողմերի փաստարկները լսելուց հետո թիվ 2 ԸԸՀ-ն որոշեց մերժել Վլ. Կարապետյանի լիազոր ներկայացուցչի բողոքը: Այս որոշումը հանձնաժողովը պատճառաբանեց հանգամանքով, որ թեկնածու Սամվել Ֆարմանյանը ստացել էր համատիրությունների և համայնքի ղեկավարի՝ օրենքով սահմանված համաձայնությունները և, հետևաբար, ՀՀ ԸՕ 20-րդ հոդվածի 2-րդ մասի խախտման մասին խոսք անգամ լինել չի կարող: Այս մասին հայտնում է Սամվել Ֆարմանյանի նախընտրական շտաբը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել