HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց պատգամավորի թեկնածու Միհրան Պողոսյանի գրանցումը

«Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի գրանցումը ԿԸՀ-ն այսօր անվավեր ճանաչեց՝ վերջին 4 տարում Հայաստանում մշտապես չբնակվելու պատճառով: Նա չունի ընտրվելու իրավունք: Որոշանը կողմ քվեարկեցին հանձնաժողովի 7 անդամից 5-ը, դեմ՝ 2:

Մինչև քվեարկությունը,ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը անհամաձայնություն ուներ ԿԸՀ-ի որոշման նախագծի հետ: Նա հայտարարեց, որ դեմ է քվեարկելու: Ըստ Սմբատյանի՝ թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելու հարցին պետք է շատ զգույշ մոտենալ: Ըստ նրա՝ հանձնաժողովը չունի տեղեկություն այն մասին, թե որ ժամանակահատվածում է Միհրան Պողոսյանը բացակայել Հայաստանից, որ ժամանակահատվածում է եղել Հայաստանում, բացի այդ, գրություններում կան անհամապատասխանություններ: Բացի այդ, հաշվի առնելով մի շարք տեղեկանքների ներկայացումը, չի բացառվում, որ առաջիկայում ևս նման տեղեկություն կարող է ներկայացնել, ինչը հետադարձի հնարավորություն չի տալիս:

Ա. Սմբատյանն ասաց, որ անձնագրային և վիզաների վարչության կողմից վերացված չէ տրված տեղեկանքը՝ վերջին 4 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին:

Տիգրան Մուկուչյանն էլ հակադարձեց, որ հնարավոր է նաև այնպիսի իրավիճակ, որ անձն ընտրվի, սակայն վերջում պարզվի, որ նա ընտրվելու իրավունք չուներ, ինչի մասին հանձնաժողովն ուներ փաստեր:

Արմեն Սմբատյանն առաջարկեց դեմ քվեարկել, ոչ թե նրա համար, որ չեն ուզում անվավեր ճանաչել թեկնածուի գրանցումը, այլ նրա համար, որ իրավական առումով որոշումը լինի բազմակողմանի: Ըստ նրա՝ ոչ ոք չի սահմանափակում օրեր անց հարցը դարձյալ օրակարգ բերել ավելի փաստարկված:

Սեյրան Շահսուվարյանը ևս միացավ Արմեն Սմբատյանի առաջարկին: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ փաստերն ավելի քան բավարար են, իսկ որոշման նախագիծը՝ փաստարկված:

Ներկայացնելով որոշման նախագիծը՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը թվարկեց մի շարք փաստաթղթեր, որոնք հիմք էին հանդիսացել Միհրան Պողոսյանի գրանցման համար: Սակայն, գրանցումից հետո ի հայտ են եկել նոր փաստեր, ինչը գրանցումն անվավեր ճանաչելու հիմք է հանդիսանում:

ԿԸՀ նախագահն ասաց, որ 2021թ. մայիսի 18-ին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն է դիմել Միհրան Պողոսյանի  լիազորված անձը՝ Մ. Պողոսյանին վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք ստանալու խնդրով: Դիմումին կից ներկայացրել է Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի 11.07.2020թ. թիվ 1360-ОД հրամանը՝ Միհրան Պողոսյանին նշված համալսարանում առկա ուսուցմամբ մագիստրատուրայի առաջին կուրս ընդունելու մասին:

2021թ. մայիսի 20-ին ԱՎ վարչությունում ստացվել է Միհրան Պողոսյանի լիազորված անձի երկրորդ դիմումը՝ տեղեկանք տրամադրելու հարցը կրկին քննարկելու խնդրանքով և ի հավելումն նախորդ փաստաթղթի՝ ներկայացվել է Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի 15.01.2020թ. հրամանը՝ 2020թ. հունվարի 25-ից մայիսի 31-ը Միհրան Պողոսյանին նշված համալսարանում նախապատրաստական դասընթացների ընդգրկելու մասին։

Ներկայացված հրամանների և տեղեկանքների իսկությունը պարզելու նպատակով 22.05.2021թ. հարցում է կատարվել Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարան:

26.05.2021թ. ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում ստացվել է Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի պատասխան գրությունը, որով նշվել է, որ Միհրան Պողոսյանը նախապատրաստական դասընթացների չի ընդգրկվել, ինչպես և հերքվել է Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի կողմից 15.01.2020թ. թիվ 0089- ОД հրամանն արձակելու և 21.05.2021թ. թիվ 1427 տեղեկանքը տրամադրելու փաստը։

ԱՎ վարչություն է մուտքագրել երրորդ դիմումը և ներկայացրել Բելգորոդի պետական ազգային հետազոտությունների ինստիտուտից տրված տեղեկանքն այն մասին, որ Միհրան Պողոսյանը 15.01.2020-31-05.2020թթ. ընդգրկված է եղել նշված հաստատությունում կազմակերպված «Մարդկային կապիտալի կառավարում» ծրագրով նախապատրաստական դասընթացներին: Վերոնշյալ տեղեկանքի իսկությունը ստուգելու նպատակով հարցում է կատարվել Բելգորոդի պետական ազգային հետազոտությունների ինստիտուտ։ 

2021թ. մայիսի 30-ի դրությամբ նշված հարցման պատասխանը դեռևս չէր ստացվել, ուստի օրենքով սահմանված եռօրյա ժամկետը լրանալու հանգամանքով պայմանավորված՝ Միհրան Պողոսյանին տրվել էր նոր տեղեկանք:

2021թ. հունիսի 2-ին ստացվել է պատասխանը և հայտնել են, որ Մ. Պողոսյանը չի հանդիսացել Բելգորոդի պետական ազգային հետազոտությունների ինստիտուտի ուսանող և տեղեկանքը չի տրվել իրենց կողմից:

Դրանից հետո դարձյալ թեկնածուի կողմից ներկայացվել են տեղեկանքներ, որ նա մասնակցել է դասընթացների: Գրություններով դարձյալ չի հաստատվել այդ փաստաթղթերի իսկությունը:

Հակասող փաստաթղթերի պայմաններում, Տ. Մուկուչյանը հայտարարեց, որ արժանահավատ է համարվում Մոսկվայի պոլիտեխնիկի տեղեկանքը, որ Մ. Պողոսյանը հանդիսանում է առաջին կուրսի ուսանող:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter