HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտրական հանցավոր իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 51 ահազանգ-հաղորդում, 9 դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր

Դատախազության հանրային կապերի բաժինը հայտնում է, որ 2021թ. հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից արտահերթ ընտրությունների նախընտրական գործընթացների հետ կապված հունիսի 7-ի տվյալներով ստացվել և ուսումնասիրվել է ենթադրյալ ընտրական իրավախախտման վերաբերյալ ընդհանուր 51 հաղորդում: Դրանցից  11-ը զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներ են, 24-ը՝ սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված գրառումներ, 13-ը՝ ֆիզիկական անձանց կողմից տրված հաղորդումներ, դիմումներ, 2-ը՝ ոստիկանության աշխատակցի կողմից ստացված տվյալներ և 3-ը՝ գլխավոր դատախազությունում բացված թեժ գծով ստացված ահազանգերն են:

Նշված 53 հաղորդումներից 9-ով հանձնարարվել է քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու նպատակով Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նախապատրաստել նյութեր, որոնցից 1-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին, իսկ 8-ը գտնվում են նյութերի նախապատրաստման ընթացքում:

Ենթադրյալ ընտրական հանցավոր իրավախախտման վերաբերյալ վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ պարունակող 42 հաղորդում, ահազանգ ուղարկվել է ոստիկանություն՝ դրանց կապակցությամբ անհրաժեշտ ստուգողական գործողություններ կատարելու հանձնարարությամբ: Դրանցից 16-ով իրականացված օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում նշված տեղեկությունները չեն հաստատվել, ինչով պայմանավորված՝ դրանք թողնվել են անհետևանք: Իսկ 26 հաղորդման  առնչությամբ ստուգողական գործողություններն ընթացքի մեջ են: 

Գլխավոր դատախազություն ստացված ևս 16 դիմումների կապակցությամբ, որոնք Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության մասին տվյալներ չեն բովանդակվել, քաղաքացուն տրվել է պարզաբանում կամ դիմումն ուղարկվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Ստուգման կամ նյութերի նախապատրաստման նպատակով ոստիկանություն ուղարկված առերևույթ հանցավոր իրավախախտումների դեպքերից 44-ը վերաբերում է ընտրակաշառք տալուն կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն (Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդված), 5-ը՝ նախընտրական քարոզչությանը խոչընդոտելուն (Քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 3-րդ կետ), իսկ 2-ը՝ այլ բնույթի են:

Գլխավոր դատախազությունը քաղաքացիներին, ընտրություններին մասնակցող սուբյեկտներին հորդորում է  իրենց հայտնի դարձող՝ ընտրական հանցագործության յուրաքանչյուր առերևույթ դեպքի վերաբերյալ տեղեկությունները, որոնք իրենց մեջ պարունակում են որոշակի կոնկրետություն, հասու դարձնել իրավապահ մարմիններին՝ հնարավոր բոլոր իրավաչափ հաղորդակցային միջոցներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter