
14 կուսակցության հայտարարագիր դատարկ է. ոչ գույք ունեն, ոչ եկամուտ ու գումար
2021թ. հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող թեկնածուներից բացի Կենտրոնական ընտրական հանձնաժողով գույքի ու եկամուտների հայտարարագրեր են ներկայացնում նաև կուսակցությունները և դաշինքները: Ստորև ներկայացնում ենք ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների հայտարարագրերն ըստ գրանցման հերթականության: Վերջիններիս հայտարարագիրը ներառում է 2020թ. մայիսի 1-ից մինչև 2021թ. մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածը:
Ընտրությանը մասնակցում են 26 կուսակցություն և կուսակցությունների դաշինք: Առանձին մասնակցող կուսակցություններից և դաշինքներում ընդգրկված կուսակցություններից 14-ի հայտարարագրերը դատարկ են. ոչ եկամուտ են հայտարարագրել, ոչ դրամական միջոց ու գույք:
1. «Արդար Հայաստան» կուսակցություն
Կուսակցությունը վերջերս՝ 2021թ. մայիսի 21-ին է ստացել պետական գրանցում: Այդ իսկ պատճառով կուսակցության հայտարարագիրն ամբողջությամբ դատարկ է:
2․ «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն
Վերը նշված ժամանակահատվածում կուսակցության եկամուտները կազմել են 11 մլն 478 հազար 500 դրամ, որը գոյացել է անդամավճարներից և նվիրատվություններից: Հաշվին առկա դրամական միջոցները համեմատաբար քիչ են՝ 506 հազ. 482 դրամ:
Հայ ազգային կոնգրեսն ունի մեկ անշարժ գույք, որը Սարյան փողոցի վրա գտնվող կուսակցության շենքն է: Տարածքը կազմում է 297 քմ:
3․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Կուսակցությունը որևէ շարժական կամ անշարժ գույք չի հայտարարագրել: Եկամուտները կազմում են մոտ 69 մլն դրամ, որից 39 միլիոնը՝ պետբյուջեից ստացած ֆինանսավորումն է, իսկ մնացած մասը՝ անդամավճարները և նվիրատվությունները:
ՔՊ կուսակցությունը հայտարարագրել է նաև ֆինանսական միջոցներ, որը հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 22 մլն 240 հազար դրամ:
4․ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն
Այս կուսակցությունը ևս նոր է: Պետական գրանցում ստացել է 2021թ. մայիսի 19-ին: Այդ պատճառով հայտարարագիրը դատարկ է: Չի հայտարարագրվել ոչ գույք, ոչ դրամական միջոցներ:
5․ «Ազատություն» կուսակցություն
Կուսակցությունը որևէ գույք չի հայտարարագրել՝ ոչ շարժական, ոչ անշարժ: Եկամուտները կազմել են 10 մլն 565 հազար դրամ և 500 ԱՄՆ դոլար, որը գոյացել է կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի և ընտանիքի անդամի վճարումներից:
6․ «Պատիվ ունեմ» դաշինք
Դաշինքի մեջ մտնում է երկու՝ «Հայաստանի հանրապետական» և «Հայրենիք» կուսակցությունները:
«Հանրապետական» կուսակցությունը հայտարարագրել է 78 միավոր անշարժ գույք՝ հողատարածքներ և շենք-շինություններ Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում:
Կուսակցությունն ունի մեկ ավտոմեքենա՝ 1993թ. արտադրության «Վազ 2121»:
Հանրապետական կուսակցության եկամուտները կազմել են մոտ 211 մլն 200 հազար դրամ, որից 5 մլն 208 հազար դրամը՝ պետական բյուջեից ստացած օրենքով նախատեսված ֆինանսավորումն է, իսկ մնացածը՝ անդամավճարներից, նվիրատվություններից, վարձակալությամբ տրված տարածքների դիմաց ստացած վճարումներից ստացած գումարներն են:
Կուսակցությունը նշված ժամանակահատվածում հայտարարագրել է դրամական միջոց՝ 2 մլն 784 հազար դրամ:
«Հայրենիք» կուսակցությունը ոչ եկամուտ է հայտարարագրել, ոչ դրամական միջոց: Ըստ հայտարարագրի՝ կուսակցությունն ունի 3 անշարժ գույք, որից երկուսն օգտագործում է վարձակալության հիմունքներով, մեկը՝ անհատույց:
7․ «Միասնական Հայրենիք» ուսակցություն
Այս կուսակցությունը ևս նոր է պետական գրանցում ստացել՝ 2021թ. մայիսի 25-ին: Այդ իսկ պատճառով ոչինչ հայտարարագրված չէ:
8․ «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն
Պետական գրանցում ստացել է 2021թ. մայիսի 21-ին: Հայտարարագրված որևէ գույք չկա:
9․ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն
Հաշվետու ժամանակահատվածում կուսակցության եկամուտները կազմել են 61 մլն 914 հազար դրամ, որից 7 մլն 57 հազարը՝ պետբյուջեից ստացած ֆինանսավորումն է, իսկ մնացածը՝ անդամավճարներից և նվիրատվություններից ստացածը:
Կուսակցության հայտարարագրած դրամական միջոցները կազմել են մոտ 32 մլն 500 հազար դրամ:
«Լուսավոր Հայաստան»-ը վարձակալական հիմունքներով օգտագործում է 5 միավոր շենք-շինություն՝ Երևան, Գյումրի, Մարտունի, Հրազդան, Եղեգնաձոր համայնքներում:
10․ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն
Կուսակցությունը թեև պետական գրանցում ստացել է 2018թ. սեպտեմբերի 28-ին, սակայն որևէ գույք, դրամական միջոց, եկամուտ չի հայտարարագրել: Հայտարարագիրն ամբողջությամբ դատարկ է:
11․ «Հանրապետություն» կուսակցություն
Կուսակցության եկամուտը կազմել է 10 մլն դրամ, որը գոյացել է անդամավճարներից: Իսկ դրամական միջոցները կազմել են մոտ 1 մլն 30 հազար դրամ:
Կուսակցությունը շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել:
12․ «Հայոց Հայրենիք» կուսակցություն
Կուսակցությունը գրանցվել է 2018թ․, սակայն որևէ գույք, դրամական միջոց և եկամուտ չի հայտարարագրել:
13․ «Ազատ Հայրենիք» Դաշինք
Դաշինքի մեջ մտնում են 5 կուսակցություն՝ Պահպանողական կուսակցությունը, Ազգային ժողովրդավարների Դաշինք կուսակցությունը, Ազգային ինքնորոշում միավորում կուսակցությունը, Հայ կառուցողական կուսակցությունը և Հայաստանի կանաչների կուսակցությունը:
Պահպանողական կուսակցությունը թեև գրանցվել է 1991թ․, սակայն, ըստ հայտարարագրի, ոչ գույք ունի, ոչ եկամուտ ու դրամական միջոցներ: Հայտարարագիրն ամբողջությամբ դատարկ է: Նույնը նաև 2003թ․ պետական գրանցում ստացած Ազգային ժողովրդավարների դաշինք կուսակցության դեպքում: Հայտարարագրի բոլոր սյունակները դատարկ են: Հայ կառուցողական և Հայաստանի կանաչների կուսակցությունները դարձյալ ոչինչ չեն հայտարարագրել:
Ազգային ինքնորոշում միավորում կուսակցությունը միայն եկամուտ է հայտարարագրել՝ 120 հազար դրամ: Կուսակցության եկամուտը գոյացել է երկու նվիրատվություններից:
14․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարագրել է միայն կառավարության կողմից պետբյուջեի միջոցներից հատկացրած աջակցությունը՝ 9 մլն 151 հազար դրամ: Իսկ կուսակցության հաշվին եղել է 573 հազար դրամ:
«Բարգավաճ Հայաստանը» ոչ գույք, ոչ էլ այլ եկամուտ չի հայտարարագրել: Ստացվում է, որ կուսակցությունը նույնիսկ անդամավճար չի հավաքել:
15․ «Հայաստանի դեմոկրատական» կուսակցություն
Հաշվետու ժամանակահատվածում կուսակցության եկամուտը գոյացել է միայն անդամավճարից՝ 3 մլն 685 հազար դրամ: Կուսակցության հաշվին առկա դրամական միջոցները կազմել են 1 մլն 565 հազար դրամ:
«Հայաստանի Դեմոկրատական» կուսակցության հայտարարագրի մնացած տողերն ազատ են:
16․ «5165 Ազգային Պահպանողական Շարժում» կուսակցություն
Կուսակցությունը պետական գրանցում ստացել է 2005թ․: Կուսակցությունը չի հայտարարագրել ոչ գույք, ոչ դրամական միջոցներ ու եկամուտ:
17․ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Հաշվետու ժամանակահատվածում կուսակցության եկամուտը կազմել է 10 մլն 475 հազար դրամ, որը գոյացել է անդամների և համակիրների նվիրատվություններից: Կուսակցության հաշվում եղել է 1 մլն 322 հազար դրամ: Հայտարարագրի մնացած տողերը դատարկ են:
18․ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»
Դաշինքը բաղկացած է երկու՝ «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» և «Քրիստոնեա-Ժողովրդավարական» կուսակցություններից:
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը պետական գրանցում ստացել է 2021թ. մարտի 12-ին: Կուսակցության հայտարարագրի բոլոր սյունակները դատարկ են:
«Քրիստոնեա-Ժողովրդավարական» կուսակցության եկամուտը կազմել է 50 հազար դրամ, որը ստացվել է քաղաքացու նվիրատվությունից: Կուսակցությունը դրամական միջոցներ չի հայտարարագրել: Չունի շարժական գույք:
Կուսակցությունը վարձակալությամբ օգտագործում է 120քմ մակերեսով տարածք Երևան քաղաքում:
19․ «Ազգային օրակարգ» կուսակցություն
Կուսակցությունը գրանցվել է ամիսներ առաջ՝ 2020թ. դեկտեմբերի 11-ին: Եկամուտները կազմել են 345 հազար դրամ, որը անդամության վճարն է: Կուսակցությունը հայտարարագրել է նաև դրամական միջոցներ՝ 320 հազար 600 դրամ:
20․ «Վերելք» կուսակցություն
Կուսակցությունը նոր է, գրանցվել է 2021թ. ապրիլի 21-ին: «Վերելքը» հայտարարագրել է միայն դրամական միջոց՝ 15 հազար դրամ:
21․ «Ազատական» կուսակցություն
Այս կուսակցությունը մեկ ամսվա պատմություն ունի: Պետական գրանցում ստացել է 2021թ. մայիսի 6-ին: Սակայն որպես եկամուտ հայտարարագրել է ստացած նվիրատվությունը՝ 10 մլն 15 հազար դրամը, որը մնացել է կուսակցության հաշվին:
Նորաստեղծ կուսակցությունը վարձակալության հիմունքներով օգտագործում է 892 քմ տարածք Երևան քաղաքի Ամիրյան փողոցում:
22․ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցություն
Կուսակցությունը ոչինչ չի հայտարարագրել:
23․ «Հայաստանի Եվրոպական» կուսակցություն
Կուսակցությունը հայտարարագրել է միայն դրամական միջոց՝ 2125 դրամ:
24․ «Հայաստան» Դաշինք
Դաշինքի կազմում երկու կուսակցություն կա՝ «Հայ Յեղափոխական» Դաշնակցությունը և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը:
ՀՅԴ-ն հայտարարագրել է 76 միավոր անշարժ գույք՝ շենք-շինություններ և հողակտորներ Երևան քաղաքում, ինչպես նաև հանրապետության տարբեր մարզերում:
Կուսակցության եկամուտը կազմել է 35 մլն 244 հազար դրամ, որը գոյացել է անդամավճարներից, տարածքների դիմաց ստացած վարձավճարից և պետբյուջեից ստացած ֆինանսավորումից: Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, կուսակցության հաշվին եղել է 720 հազար դրամ:
«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը հայտարարագրել է միայն վարձակալական հիմունքներով օգտագործող մոտ 224 քմ մակերեսով տարածքը Գյումրի քաղաքում:
25. «Ազգային-Ժողովրդավարական Բևեռ» համահայկական կուսակցություն
Կուսակցությունը հիմնադրվել է 2021թ. մայիսի 20-ին և ոչինչ չի հայտարարագրել:
26. «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն
Կուսակցությունը գրանցվել է 2021թ. մայիսի 20-ին և ոչինչ չի հայտարարագրել:
Մեկնաբանել