HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գնդեվազում տեղի ունեցած խուլիգանության գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի

Քննչական կոմիտեում պարզվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքի «Խաչերի գլուխ» կոչվող վայրում տեղի ունեցած խուլիգանության դեպքի հանգամանքները:

Ինչպես հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ջերմուկ համայնքի 4 բնակիչներ, դրսևորելով խտրական վերաբերմունք, հրապարակային հայհոյանքներ են հնչեցրել Ամուլսարի հանքում աշխատող և նման ցանկություն ունեցող անձանց ու նրանց ընտանիքների անդամների հասցեին:

Վերջիններս, տեղեկանալով այդ մասին, պարզաբանման նպատակով պայմանավորվել են հանդիպել «Խաչերի գլուխ» կոչվող տարածքում:

2020թ. սեպտեմբերի 15-ին՝ ժամը 22.00-ի սահմաններում, պայմանավորվածության համաձայն, կողմերը հանդիպել են նշված վայրում, որտեղ նրանց միջև վիճաբանություն է սկսվել: Ջերմուկ համայնքի վերոնշյալ բնակիչները և նրանց կողմնակիցները, ըստ քննչական կոմիտեի՝ սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, հայհոյել են, աղմկել և բռնություն գործադրել մյուս կողմի մասնակիցների նկատմամբ: Մասնավորապես՝ փայտյա մահակներով, մետաղյա ձողերով, քարերով, ինչպես նաև ոտքերով ու ձեռքերով հարվածներ են հասցրել նրանց, ինչպես նաև բռնություն գործադրելու սպառնալիքով քարեր են նետել՝ վնասելով շրջակայքում կայանված ավտոմեքենաները:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ջերմուկ համայնքի 4 բնակիչներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ  հոդվածի  3-րդ մասի 1-ին  կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Վիճաբանության մյուս մասնակիցների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, որով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter