HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանը և Դոնի Ռոստովը համագործակցության հնգամյա ծրագիր են ստորագրել

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնության հարավային մայրաքաղաք` Դոնի Ռոստով է այցելել Երևանի պատվիրակությունը` քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ: Քաղաքապետրանի տարածած հողորդագրության համաձայն՝ այցի առաջին օրը ռոստովյան գործընկերների ուղեկցությամբ երևանյան պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել Հայրենական մեծ պատերազմում զոհված զինվորների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի անմար կրակի մոտ: Այնուհետև Երևանի քաղաքապետն ու պատվիրակության անդամները, Նոր Նախիջևանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հարգանքի տուրք են մատուցել նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

ՌԴ հարավային մայրաքաղաքի վարչակազմի նստավայրում` քաղաքապետարանում կայացավ Երևանի և Դոնի Ռոստովի ղեկավարների պաշտոնական ձևաչափով հանդիպումը: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավար, քաղաքապետ Ալեքսեյ Լոգվինենկոն ստորագրեցին երկու քաղաքների միջև համագործակցության հնգամյա ծրագիրը: Ըստ փաստաթղթի՝ կողմերը պարտավորվեցին 2021-2025թթ. ընթացքում զարգացնել փոխգործակցությունը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում:

Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Լոգվինենկոն նկատել է, որ ստորագրված փաստաթուղթը նոր որակ կհաղորդի երկու քաղաքների միջև կառուցողական ծրագրերի իրականացմանը:
«Արդեն 15 տարի է, ինչ Երևանն ու Դոնի Ռոստովը եղբայր քաղաքներ են: Վստահ եմ, որ ստորագրված ծրագիրը նոր աշխուժություն կհաղորդի երկու քաղաքների փոխգործակցությանը, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ երկու կողմերի հարաբերությունների ներուժը զարգացման և ընդլայնման մեծ հնարավորություն ունի: Փորձի փոխանակման տեսանկյունից՝ շատ կարևոր են նաև փոխայցելությունները»,-նշել է Ալեքսեյ Լոգվինենկոն:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր հերթին համոզմունք է հայտնել, որ երկու քաղաքների եղբայրական հարաբերությունները լրացուցիչ կխթանեն բազմակողմ կապերի ընդլայնումը:

«Վստահաբար կարող եմ նշել, որ Ռոստովը և Ռոստովի երկրամասը երկու քաղաքների համագործակցության առումով կարող են օրինակ ծառայել: Այն ուղղությունները, որոնք տեղ են գտել ծրագրում, երկուստեք հետաքրքրություն են ներկայացնում, և ես իմ հերթին կներդնեմ իմ բոլոր ջանքերը դրանք կյանքի կոչելու համար: Իսկապես կա լայն դաշտ գործակցություն ծավալելու կրթության, առողջապահության, քաղաքաշինական, սոցիալական ու քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում»,- նշել է Հայկ Մարությանը:

Երևանի պատվիրակության անդամները եղել են նաև Հայ առաքելական Սուրբ Հարություն եկեղեցում: Վարդագույն տուֆով կառուցված տաճարը Դոնի Ռոստովի (Նոր Նախիջևանի) հայերի հոգևոր կենտրոնն է և կարևոր նշանակություն ունի հայապահպանության գործում:

***

1970-ական թվականներից Դոնի Ռոստովում գործում է նաև հայ-ռուսական բարեկամության թանգարանը: Մշակութային կենտրոն այցելած Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու պատվիրակության անդամները շրջել են ցուցասրահներում, ծանոթացել արժեքավոր հավաքածուին: Թանգարանը մինչև 2011 թվականը գտնվել է Սուրբ Խաչ եկեղեցու շենքում, հետագայում` Հայրապետովների տանը։ Ցուցանմուշների մեջ կան հայերեն գրքեր, 18-րդ դարի կենցաղային իրեր, որոնցից առավել արժեքավորը պղնձե 47 առարկաների հավաքածուն է, որը Ղրիմից վերաբնակեցվելու ժամանակ իրենց հետ Դոնի Ռոստով են բերել թերակղզու բնակիչները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter