HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գավառի տարածաշրջանի ընտրողներին բնամթերային տեսքով կաշառք է տրվել․ դատախազություն

2021թ. հունիսի 9-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչների կողմից Գավառի տարածաշրջանի ընտրողներին բնամթերային տեսքով կաշառք է տրվել՝ նշված կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար: Այս մասին ասվում է դատախազության հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում։

Նյութերի նախապատրաստմամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ. հունիսի 8-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, այդ կուսակցության Գավառի տարածքային գրասենյակի ղեկավար Ա. Ա.-ն ընտրողներին կաշառք տալու համար նույն գրասենյակի քարտուղար Ս. Զ.-ի՝ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում գտնվող բնակարան է տեղափոխել շուրջ 80 փաթեթ սննդամթերք՝ հանձնարարելով նրան ըստ ցուցակի բաժանել ընտրողներին:

2021թ. հունիսի 9-ի առավոտից սկսած՝ Ս. Զ.-ն, ըստ ցուցակի, 8 ընտրողների որպես կաշառք տվել է մեկական փաթեթ սննդամթերք՝ յուրաքանչյուրը մոտ 7000 դրամ արժողության՝ կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար:

Ըստ հաղորդագրության՝ նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ երկու և ավելի ընտրողներին կաշառք տալու և ստանալու հանցագործության հատկանիշներ՝ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով և նույն հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Ա. Ա.-ն և Ս.Զ.-ն բերման են ենթարկվել Ոստիկանության գավառի բաժին: Միջոցներ են ձեռնարկվում նշված հանցավոր արարքներում նաև այլ անձանց հնարավոր ներգրավվածությունը պարզելու նպատակով:

Լրացում, 18։50 / Ավելի ուշ վերը նշված դեպքի մասին ոստիկանությունը տեսանյութ է տարածել։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարը՝ Գեղարքունիքի մարզպետարանի ՖԲ էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter