HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեւոն Հայրապետյան

Գնդեվազի հողերի մի մասն օտարվել է նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին փոխկապակցված անձանց

Գնդեվազ տանող ճանապարհի ձախ հատվածում մի փոքր տնակով հողատարածք կա, որը պատկանում է Գոհար Արսենյանին: Վերջինս «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի նախկին գործադիր տնօրեն Անաստաս Արսենյանի կինն է: Անաստաս Արսենյանը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի եղբայրն է:

2013-ից 2018 թվականը կազմակերպված աճուրդներով Գնդեվազ գյուղի տարածքում գտնվող մի շարք հողակտորներ դարձել են ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի հետ փոխկապակցված անձանց սեփականությունը։

225 քմ մակերեսով այս հողը 267 հազար դրամով Գոհար Արսենյանին է օտարվել համայնքապետ Հայրապետ Մկրտչյանի կազմակերպած աճուրդով։ 

Սա միակ հողատարածքը չէ, որ օտարվել է Գոհար Արսենյանին. նա շուրջ 14,2 հա գյուղատնտեսական նշանակության հող է ձեռք բերել համայնքից՝ վճարելով ընդհանուր առմամբ 1 մլն 220 հազար դրամ։ 

Գոհար Արսենյանին պատկանող հողերը

Անիմացիան Սյուզաննա Պետրոսյանի, Հետք Մեդիա Գործարան

Հողերի օտարման վերաբերյալ Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի կողմից գրություն է ուղարկվել Գնդեվազի գյուղապետ Հայրապետ Մկրտչյանին, որտեղ ասվում է, որ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարությունները գյուղատնտեսական նշանակության 14.2 հա հողատարածքի օտարման մասին տվել են դրական եզրակացություն։ Այդ եզրակացության հիմքում համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց օգտագործման, վարձակալության և կառուցապատման  իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին թիվ 16 –Ն որոշումն է։

Գոհար Արսենյանին օտարված հողերից 6 կտորի (6,4 հա) վրա հիմնադրվել է այգի։ Այդ հողատարածքը Արսենյանը ձեռք է բերել 442,145 դրամով։ Այգիները գտնվում են Գնդեվազ տանող հիմնական ճանապարհից ձախ՝ դիմացի լանջին, Արփա գետի ձախ հատվածում։ Ձեռքբերման ժամանակ 4 հողատարածքը վարելահող էր, 2-ը՝ արոտավայր, այժմ այստեղ 3-4 տարեկան տնկիներ են։

Գոհար Արսենյանին օտարված համայնքային հողերից 7․8 հա-ը վարելահող է, որի համար վերջինս վճարել է 602,700 դրամ։ Հողատարածքներից երեք կտորը գտնվում է Արփա գետի ձախ ափի լանջին, մեկը՝ Գնդեվազից Ջերմուկ տանող ճանապարհի աջ հատվածում։

Հենց նշված հատվածից սկիզբ է առնում մի նոր կառուցված ասֆալտապատ ճանապարհ դեպի «Ջերմ Ֆարմ ՍՊԸ»-ն, որի 100 % բաժնետոմսերն այժմ պատկանում են «Հայր և Որդի Երեմյաններ» ՍՊԸ-ին։ Մինչ «Հայր և Որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի սեփականություն դառնալը, ֆերման պատկանել է  «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ին (5.9% բաժնեմաս) և Վահագն Արսենյանին (94.1% բաժնեմաս)։

Վահագն Արսենյանը նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանի որդին է։ 2020 թվականի հունիս-օգոստոս ամիսներին Էկոֆարմ ՍՊԸ-ն վաճառվել է «Հայր և Որդի Երեմյաններ» ՍՊԸ-ին (ընկերությունը հանդես է գալիս «Երեմյան Պրոջեքթս» անունով):

2013 թվականի հուլիս ամսին են սկսվել ֆերմայի հիմնադրման աշխատանքները։ «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն Գնդեվազ համայնքից ֆերմայի 5.4 հա հողատարածքը և դրան կից խորհրդային տարիներին կառուցված շինությունները ձեռք է բերել 2,057,500 ՀՀ դրամով:

Ֆերմայի գործարկման համար առաջին գույքը ձեռք է բերվել շուրջ 5850 քմ  մակերեսով, այն ուներ գյուղատնտեսական և արդյունաբերական նշանակություն, որի համար «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն՝ ի դեմս Անաստաս Արսենյանի, գույքը ձեռք բերելու համար վճարել է 1,433,000 դրամ։ Ֆերման 2017–2018 թթ.-ին վարձակալվել է «Էկո Ֆարմ» ՍՊԸ-ի կողմից։ Այս գործարքներին հաջորդել է հարակից տարածքների օտարման գործընթացը։

Ֆերմայի բացման արարողությանը մասնակցել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, 2014-2016 թթ.-երին գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերգո Կարապետյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանը, նրա որդին՝ Վահագն Արսենյանը, Գնդեվազի գյուղապետ Հայրապետ Մկրտչյանը և այլք։ Ֆերմայի վերաբերյալ տարածված մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ անասնապահական այս համալիրը՝ նախատեսված խոշոր եղջերավոր կենդանիների բուծման, հում կաթի և պանրի արտադրության համար, հիմնադրվել է 2013թ. սեպտեմբերին: 

Լուսանկարը՝ Card Foundation-ի ֆեյսբուքյան էջից

2014 թվականի հուլիսին էլ շուրջ 2500 քմ արոտավայրը՝ 18 500 դրամով, 3560 քմ արոտավայրը՝ 26 500 դրամով, 7430 քմ արոտավայրը՝  54 400 դրամով, շուրջ 1 ա  արոտավայրը՝ 75 000 դրամով, 2.2 հա արոտավայրը՝ 151 000 դրամով աճուրդով օտարվել են «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ին։ 2014 թվականի դեկտեմբերին էլ Հովհաննես Հարությունյանից և Արմինե Ստեփանյանից 2630 քմ վարելահողը «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն գնել է 300 000 դրամով:

Գնդեվազում աճուրդները կազմակերպել է համայնքի ղեկավար Հայրապետ Մկրտչյանը, իսկ արձանագրողը Արամ Հարությունյանն է եղել: Վայոց Ձորի մարզի Գնդեվազ բնակավայրը 2016 թվականի համայնքների խոշորացումից հետո դարձել է Ջերմուկ խոշորացված համայնքի մաս:

Մենք հարցում ենք արել Ազգային արխիվ, որ տրամադրեն 2014 և 2015 թթ.-ներին վերը նշված հողակտորների համար անցկացրած և կայացած աճուրդներին մասնակցած անձանց վերաբերյալ տվյալներ (բոլոր մասնակիցների անունները, ազգանունները, հայրանունները) կամ մասնակիցների վերաբերյալ արձանագրության պատճենը, որը նույն տեղեկությունը պետք է պարունակեր։

Հայաստանի ազգային արխիվը պատասխանել է մեր հարցմանը, որ  «Անձնական տվյալների պաշտպանության» ՀՀ օրենքի համաձայն՝ անձնական տվյալներ կարող է միայն փոխանցել երրորդ անձանց տվյալների սուբյեկտի համաձայնության պարագայում, քանի որ երրորդ անձանց համաձայնությունը հաստատող փաստաթուղթ չենք ներկայացրել, ապա լրատվամիջոցին աճուրդներին մասնակցած անձանց մասին տեղեկությունը չի կարող տրամադրվել։

Հարցման պատասխանում նշվում է նաև, որ «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով հարցված տեղեկությունը համարվում է անձնական գաղտնիք և մատչելիությունը սահմանափակվում է դրա ստեղծման ժամանակից 100 տարի ժամկետով, իսկ մինչ այդ ժամկետը լրանալը կարող է տրամադրվել միայն տվյալների սուբյեկտին կամ նրա ներկայացուցչին։

Գնդեվազի համայնքային հողերը, բացի Արսենյանների ընտանիքից, օտարվել են նաև Գնդեվազի գյուղապետ Հայրապետ Մկրտչյանի մերձավոր շրջանակներին, որի մեջ էին մտնում իր եղբայրների ընտանիքները, ավագանու անդամները, գյուղապետարանի աշխատակազմի ղեկավարի որդիները, Վայոց Ձորի նախկին մարզպետ Արագած Սաղաթելյանը և այլք, ովքեր էլ իրենց հերթին վերավաճառել են այդ հողերը «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter