HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Նորայրը

«Վանքի ուղղությամբ թշնամին մեծ ուժեր է կուտակում եւ փորձում առաջ անցնել ու ճեղքել պաշտպանությունը: Մեծ դժվարությամբ հաջողվում է կանգնեցնել թշնամուն»: Սրանք ազատամարտիկ Նորայր Մարությանի օրագրի վերջին տողերն են (1993 թ. հունվարի 17, Առաջաձոր):

Նորայրը պատերազմի ժամանակ Արցախ էր գործուղվել որպես «Ազատամարտ» թերթի ռազմական թղթակից: Նա լուսաբանել է պատերազմի կարեւոր իրադարձությունները, մարտի դաշտից ուղարկել լուրեր, հարցազրույցներ, հոդվածներ, վերլուծություններ:

«Նորայրը, ճիշտ է, գնացել էր որպես լրագրող, բայց իր հիմնական առաքելությունը զենքն էր եւ պաշտպանելը, ինքը ավելի շատ զինվոր էր: Ճիշտ է` կարող էր ինֆորմացիա տալ, բայց ինչպես մենք էինք ապրում պատերազմը, այնպես էլ Նորայրն էր ապրում մեզ հետ»,- ասաց Նորայրի մարտական ընկերներից Հովսեփ Տոնոյանը (Զոլաքարցի Հովսեփ):

Երբ պատերազմը սկսվեց, Հովսեփը սովորում էր Բառնաուլի մանկավարժական ինստիտուտում: Նա հատուկ վերադարձել է Հայաստան` պատերազմին մասնակցելու նպատակով: Հովսեփը 1991 թ. մասնակցել է Վարդենիսի ինքնապաշտպանական մարտերին: 1992-94-ին մասնակցել է ազատագրական մարտերի Արցախի ամբողջ տարածքում: Հովսեփ Տոնոյանը եղել է Շուշիի առանձնակի գումարտակի հետախուզության հրամանատարը:

Նորայրի հետ Հովսեփը ծանոթացել է 1992 թ. սեպտեմբերի 3-ին Սրխավենդի դիրքերում: Այդ օրերին անընդհատ թեժ մարտեր էին լինում:

«92-ի սեպտեմբերի 3-ին ամենանշանավոր կռիվներից մեկն է եղել, որտեղ թուրքերի դեմ մեծ պատնեշ եղավ, որը մեր` Շուշիի գումարտակով սկսվեց, ու դրանից հետո թուրքերը այդ ուղղությամբ էլ չկարողացան առաջ շարժվել: Եվ 2 ամիս Նորայրը մեզ հետ դիրքերում է եղել: Շատ լռակյաց եւ շատ համեստ էր: Երբ մենք շատ դեպքերում կարող էինք, ասենք, ինչ-որ հարցի, գործողության շուրջ մի քիչ բարձր խոսել, վիճաբանել, ինքը շատ հանգիստ նստած լսում էր, շատ դեպքերում չէր խառնվում: Վերջում կմոտենար, թե, ասենք, բարձր խոսելու, մեկը մյուսին վիրավորելու պատճառը ի՞նչն էր: Այդպիսի մարդ մեր Գասպարյան Հրաչն էր: Մարտադաշտում շատ-շատերը, ինչքան էլ համեստ լինեն, մի պահ ներքուստ պայթում են: Այս մարդկանց մոտ այդ էմոցիոնալ պայթյունը երբեք չէր լինում»,- ասաց Հովսեփը:

Նա նշեց, որ հետաքրքրությամբ էր լսում, երբ համեմատաբար խաղաղ օրերին Նորայրը հայ ժողովրդի պատմությունից որեւէ թեմայի մասին էր խոսում:

Հովսեփի խոսքերով` դպրոցում իրենց պատմություն լիարժեք չի մատուցվել, այնուհետեւ 18 տարեկանից բանակ է գնացել, հետո Ռուսաստանում ինստիտուտ է ընդունվել ու չի հասցրել լիովին տիրապետել հայ ժողովրդի պատմությանը:

«Նորիկը շատ լավ տիրապետում էր այդ ամեն ինչին: Մենք Մուրադ ունեինք` Բուժականցի Մուրադը, նա էլ էր շատ լավ տիրապետում: Իրենք սկսում էին խոսել ֆիդայական շարժումներից եւ պատմում էին ինչ-որ դրվագներ` ասենք, Անդրանիկի հետ կապված: Ես մեծ հաճույքով լսում էի, որովհետեւ այդ թեմաների պակասը ունեի»,- ասաց Հովսեփ Տոնոյանը:

Նորայր Մարությանը ծնվել է 1966 թ. փետրվարի 1-ին Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղում: 1987 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի բաժին, 1992-ին` ԵՊՀ ասպիրանտուրա: 1992-ից մասնակցել է մի շարք ազատագրական մարտերի Չլդրան-Սրխավենդ, Չլդրան-Կիչան հատվածներում, Առաջաձորում:

Նորայրի մայրը` 73-ամյա Ֆլորիդա Բաղդասարյանը, ասաց, որ երկար ժամանակ չի իմացել, որ որդին պատերազմի է մասնակցում:

«Երբ վերջում եկավ, երկար մորուքով էր: Փոքր աղջիկս ասաց. «Նորայրիկ, մեկն էլ կիմանա, թե ֆիդայի ես: Էդ ի՞նչ շորեր ես հագել»: «Հա,- ասում է,- ճիշտ ես ասում` կիմանան, թե ֆիդայի եմ»: Էլ չի ասում, որ «կռվի դաշտից եմ եկել»: Երբ խոսում էինք, ասում էր. «Ստեփանակերտից եմ խոսում, Շուշի եմ գնացել, էստեղ եմ գնում, էնտեղ եմ գնում»: Բայց դե, մենք չգիտեինք, որ ամեն տեղ էլ մասնակցել է պատերազմում: Հետո բոլորը պատմել են, թե ոնց է եղել, ինչ է եղել, ընկերներն են ասել ինձ, որ Գորիս էլ է գնացել: Ես իրեն ասում եմ. «Նորայրիկ, հանկարծ չգնաս մարտի դաշտ»: Դե, մայր ես, էլի: Ասում է. «Մամ, ի՞նչ նշանակություն ունի` մարտի դաշտո՞ւմ զոհվես, թե՞ Ստեփանակերտի մեջ «Գրադը» խփի` մահանաս: Քի՞չ մարդիկ են էդպես զոհվել»: Դե, մնում եմ սուս արած, ի՞նչ պիտի ասեի»,- ասաց Ֆլորիդա Բաղդասարյանը:

Նա մասնագիտությամբ տարրական դասարանների ուսուցչուհի է եւ դասավանդել է Նորայրին Ներքին Հոռաթաղի դպրոցում: Նորայրը տիկին Ֆլորիդայի 5 երեխաներից միակ տղան է: Երեւանում սովորելու տարիներին մի անգամ Նորայրը մոր ուղարկած փողով տետրեր, գրիչներ եւ այլ գրենական պիտույքներ էր գնել գյուղի դպրոցի համար:

«Ինքը ուսանող է եղել Երեւանում: Արանքում եկել է մեզ տեսակցության: Արդեն գիտեինք, որ գյուղ ոչ մի բան չի հասնում, մեզ համար ուտելիք էր բերել. թեկուզ էստեղ էլ էր պակաս, բայց բերել էր: Ու եկավ, թե` «մամ, դու պիտի գնաս Երեւան»»,- ասաց Ֆլորիդա Բաղդասարյանը:

Նա 1992 թ. Ներքին Հոռաթաղից տեղափոխվել է Մասիս, այնտեղ մնացել 1-2 օր եւ տեղափոխվել Երեւան: «Եկա Մասիս, Մասիսից զանգեցի Ստեփանակերտ (բարեկամ ունենք), ասում եմ. «Ի՞նչ է եղել»: Թե` «թուրքերը մտել են գյուղը»»,- պատմեց Ֆլորիդա Բաղդասարյանը:

Ադրբեջացիները կողոպտել են Ներքին Հոռաթաղի նրանց տունը, գողացել ամեն ինչ, տիկին Ֆլորիդայի խոսքերով` անգամ հատակն են քանդել:

«Պատուհանները, դռները քանդած են եղել, մեջը` լրիվ գողացած: Ամուսինս գնացել, նորից սարքել է, ամեն ինչ վերականգնել է: Ամուսինս ամռանը միշտ գնում էր, նույնիսկ հողամաս էլ ունեինք»,- ասաց տիկին Ֆլորիդան: Տան կողոպուտի ժամանակ կորել են նաեւ Նորայրի` դպրոցական տարիներին գրած շատ ստեղծագործություններ:

Այժմ Ներքին Հոռաթաղի նրանց տանը զինվորական է ապրում իր ընտանիքով եւ հոգ տանում տան մասին:

Ներքին Հոռաթաղը լքելուց հետո Ֆլորիդա Բաղդասարյանն այլեւս չի վերադարձել իր տուն: «Ես չեմ կարող»,- ասաց նա:

Տիկին Ֆլորիդան ապրում է աղջկա եւ երկու թոռների հետ (նա 10 թոռ ունի): Ընտանիքի միակ եկամուտը տիկին Ֆլորիդայի թոշակն է եւ կես դրույքով աշխատող դստեր աշխատավարձը: Տիկին Ֆլորիդան իրենց սոցիալական պայմանների հարցով որեւէ մեկին չի դիմել, ասում է` «ուրիշ դիմողներ կան, բայց ո՞վ է նրանց նայում»:

Տիկին Ֆլորիդայի ամուսինը մահացել է 6 տարի առաջ: Երբ հայրը Նորայրին խնդրել էր լրագրությամբ զբաղվել, ոչ թե մարտական գործողություններին մասնակցել, Նորայրը պատասխանել էր. «Պապ, ի՞նչ ես ասում, ես ինձ չեմ ների, որ մեր գյուղը ազատվի, ու ես առաջինը չմտնեմ մեր գյուղ: Ամոթ չի՞ ինձ»:

Նորայրի խմբագիրը եւս վերջին գործուղումից առաջ պատվիրել էր չհեռանալ Ստեփանակերտից եւ այնտեղ աշխատել, սակայն Նորայրը գնաց Մարտակերտ եւ մասնակցեց տեղի մարտերին:

«Մեր գյուղացիները պատմում էին, որ միշտ առաջին տեղն էր վազում: Իր հետ կռվող տղաներ կային մեր գյուղից, իմ աշակերտներն էին, ասում էին. «Հենց մի բան է լինում, առաջ է վազում, եւ նկարում է եւ ավտոմատով կռվում»: «Էս վերջին պահին էլ,- ասում է,- որ ինքը առաջ էր գնում, թուրքի տանկերը գալիս էին»: Դա եղել է հունվարի 17-ին: Ինքը 17-ին վիրավորվել է Առաջաձորում: 93 թիվ»,- ասաց Ֆլորիդա Բաղդասարյանը:

Վիրավորվելուց 2 օր հետո Նորայրը մահացել է: Նորայր Մարությանը հետմահու պարգեւատրվել է «Արիության» մեդալով, «Մարտական ծառայություն» մեդալով եւ «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով: 2006 թ. հիմնադրվել է Նորայր Մարությանի անվան «Ժուռնալիստները ազատամարտիկների հիշատակին» հիմնադրամը, որի գործադիր տնօրենը Նորայրի ընկեր, փոխգնդապետ Աշոտ Սարգսյանն է:

2006 թ.` Նորայրի 40-ամյակի առիթվ, Աշոտ Պետրոսյանի խմբագրությամբ լույս է տեսել «Նոր Ավարայրի մատենագիրն ու զինվորը» գիրքը, որում ներկայացված են Նորայրի հարազատների, դասախոսների եւ ընկերների հուշերը, Նորայրի հոդվածները, նամակները, բանաստեղծությունները, «Արցախը «Ազգագրական հանդեսում»» թեմայով դիպլոմային աշխատանքը: 2006 թ. ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում բացվել է Նորայր Մարությանի անվան լսարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter